Անհրաժեշտ է արդար դատական համակարգ և լավ օրենսգիրք․ Դանիել Իոաննիսյան

Իշխանությունները հայտարարում են՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի եկող տարվա սկզբին։ Իսկ մինչ այդ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդգծում է՝ թե՛ երեկ խորհրդարանում ընդունված Կուսակցությունների մասին օրենքի, թե՛ Ընտրական օրենսգրքի վրա աշխատել են համբերատար և մանրակրկիտ։

Երեկ հրավիրված քննարկման ընթացքում իշխանական պատգամավորն առաջարկեց նոր Ընտրական օրենսգիրքը երկու բաղադրիչի բաժանել։

Առաջինը, պատգամավորի խոսքով, ոչ քաղաքական, տեխնիկական հարցերն են․ – «Սրանց մեջ են ներառվում, օրինակ, ընտրողների ցուցակների հետ կապված կարգավորումները, նախընտրական քարոզարշավի և դրա ֆինանսավորման և մնացած խաղի կանոնների հետ կապված կարգավորումները, ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված կանոններ»։

Ընտրական օրենսգրքի երկրորդ՝ քաղաքական բաղադրիչը ընտրակարգին է վերաբերում։ Դրանք կուսակցությունների և դաշինքների գրանցման, մանդատների բաշխման և նման այլ հարցերն են։

«Բազմիցս «Իմ քայլը» դաշինքի կողմից հայտարարվել է, որ էս երկրորդ մասով մենք բաց ենք ամեն, բոլոր ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաների, ապա էս երկրորդի մասով, թեև ես կարող եմ թե՛ անձնական, թե՛ որոշ մասերով նաև խմբակցության ընդհանուր մոտեցումները ներկայացնեմ, բայց ճիշտ կլինի, որ սա լինի քննարկման արդյունքում», – ասաց պատգամավորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին և քաղաքական ուժերին հրավիրել քննարկումների։ Այդուհանդերձ, նրա հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերը պնդում են՝ Փաշինյանի կառավարման օրոք արտահերթ ընտրություններ չպետք է անցկացվեն։

«Հնարավոր արտահերթ ընտրությունների պարագայում մենք առնվազն պետք է առաջնորդվենք հետևյալ տրամաբանությամբ, ինչու եմ ասում հնարավոր՝ որովհետև այն պարագայում, եթե, օրինակ, ընդդիմադիր քաղաքական ուժերը էդ արտահերթ ընտրությունների հետ կապված համաձայնության, կամ նման ցանկություն չեն արտահայտում, ինչ-որ առումով նաև միգուցե անիմաստ է դառնում այդ ընտրությունների կազմակերպելը, հետևաբար՝ այդ պարագայում մենք պետք է փորձենք առնվազն, առնվազն՝ որպես նվազագույն ծրագիր, ունենանք Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնք իրենց մեջ կարտացոլեն այդ տեխնիկական բաղադրիչը, որի վրա իրականացված աշխատանքի զգալի մասը, ըստ էության, ավարտված է», – նշեց Դանիելյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակներից է, որակյալ ընտրությունների անցկացման երկու կարևոր նախապայման է ներկայացնում՝ արդար, չկոռումպացված դատաիրավական համակարգն ու խաղի այնպիսի կանոնները, որոնք կապահովեն քաղաքական մրցակցություն, այլ ոչ՝ ռեսուրսների։

«Գործող Ընտրական օրենսգրքի հիմնական թերությունը դա ոչ, չգիտեմ, ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներն են, ոչ բազմաթիվ, բազմաթիվ այլ կարգավորումներ են և նույնիսկ, ըստ իս, ընտրակարգը չի, ամենամեծ խնդիրը այն է, որ գործող Ընտրական օրենսգիրքը խրախուսում է ռեսուրսների մրցակցություն», – հայտարարեց Իոաննիսյանը։

Առնչվող