Կայացավ «Ոստիկանության բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ստեղծումը» թեմայով քննարկում

Փետրվարի 6-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոստիկանության բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ստեղծումը» թեմայով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկումը։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ՝ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների ընթացքը և նախարարության ստեղծման տեսլականը: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ու միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեցին իրենց գերատեսչություններում բարեփոխման ընթացքը և հիմնական շեշտադրումները:

Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը ներկայացրեցին բարեփոխումների վերաբերյալ քաղհասարակության մոտեցումները, ինչպես նաև բարձրացրեցին հարցեր կապված պրոցեսի ներառականության ու թափանցիկության հետ:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ բանախոսները պատասխանեցին թե՛ միմյանց և թե՛ դահլիճից հնչող հարցերին, անդրադարձան ոստիկանության բարեփոխումների շուրջ հանրությանն առավել հուզող թեմաներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, ներգրավված լինելով Հայաստանում ընթացող մի շարք բարեփոխումների գործընթացին, հետագայում ևս կազմակերպելու է հանրային քննարկումներ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

 

Առնչվող