ԻՔՄ հաղորդագրությունը մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղում իրականացրել է հանրահավաքի աերոնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու համար։

Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի մեկնարկի ժամից ընդամենը 24 րոպե անց՝ մթությունից խուսափելու և հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու համար։ Նկատենք, որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն էապես ավելացել է, սակայն մթության պատճառով ավելի ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի հաջողվել։

Ըստ այդմ, 18։54-ին արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև ավելի ուշ արված լուսանկարների հաշվարկի հիման վրա կարող ենք պնդել, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։

Ժամը 18։54-ին արված լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ, իսկ հաշվարկը ստուգելու համար նկարը կարող եք ներբեռնել այստեղից։ Կից ներկայացնում ենք նաև լուսանկար հանրահավաքի ընթացքից՝ արված ժամը 19։39-ին։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աշխատում է մեծ հանրահավաքների մասնակիցների հաշվարկի մեթոդաբանությունը բարելավելու և առավել ճշգրիտ տվյալներ ստանալու ուղղությամբ։

Առնչվող