Lragir.am կայքի զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

— Վենետիկի հանձնաժողովը ընտրական օրենսգրքի վերաբերյալ արդեն հայտնել է իր կարծիքը: Դրանում նշվում է, որ այդ փոփոխությունները կատարվում են ընտրությունների օրվան շատ մոտ ժամանակահատվածում, ինչը ցանկալի չէ: Ինչպես եք ընդհանրապես գնահատում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ըստ էության, բավականին կանխատեսելի էր, անակնկալներ համարյա չկային: Նույնիսկ ավելի դրական էր կարծիքը, քան ես սպասում էի: Անակնկալն այն մասով էր, որ ես կարծում էի, որ ռեյտինգային ընտրակարգը վերացնելու հետ կապված Վենետիկի հանձնաժողովը մի քիչ ավելի խիստ գնահատականներ կտար, բայց Հանձնաժողովն արձանագրել է, որ սա բավականին լայն կոնսենսուս վայելող փոփոխություն է: Եվս մեկ անգամ հիշեցրել է նման փոփոխություններ ընտրություններից մեկ տարի առաջ չանելու մասին, բայց այդուհանդերձ արձանագրել է, որ սա բավական լայն կոնսենսուս վայելող փոփոխություն է: Վենետիկի հանձնաժողովը նաև բազմաթիվ դրական արձանագրումներ է արել, շատ դրական արձագանքումներ է տվել շատ ու շատ կարգավորումների: Վենետիկի հանձնաժողովը դրական է անդրադարձել և նշել, որ բուն պրոցեսը ներառական էր, տարբեր դերակատարների մասնակցությունը դրական է արձանագրել: Որոշ փոփոխությունների հետ կապված Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է ինչ-որ բաներ մի քիչ այլ կերպ վարվել: Մասնավորապես դրանք հինգ հիմնական ռեկոմենդացիաներ են. մեկը կապված է անցողիկ շեմի հետ: Վենետիկի հանձնաժողովը ողջունում է կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոսից 4 դարձնելը, բայց խնդիրներ է տեսնում դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոսի բարձրացնելու մեջ: Վենետիկի հանձնաժողովը քրեական օրենսգրքում չնույնականացվող աղբյուրների կողմից թեկնածուների մասին վարկանիշը վնասելու նպատակով կեղծ տեղեկությունների տարածման վերաբերյալ առաջարկում է, որ այնպիսի ձևակերպումներ տրվեն, որ հետաքննող լրագրողները երբեք դրանով հետապնդման չենթարկվեն: Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է, որ ընտրողները ստանան ընտրությունների արդյունքների վիճարկման իրավունք: Մի բան, որին մենք էլ ենք համաձայն, բայց սահմանադրական խոչընդոտ կա: Հաջորդը, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հստակեցնել խախտումների ծավալը, որպեսզի անտեղի կուսակցությունների գրանցումը ուժը կորցրած չճանաչվի: Եվ 5-րդը, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է երկարացնել վերահաշվարկի դիմելու ժամկետները: Սրանք են այդ կառույցի 5 հիմնական ռեկոմենդացիաները, որոնք կարող եք գտնել եզրակացության 13-րդ պարբերությունում:

— Դաշինքների համար շեմը 7 տոկոսից 8 բարձրացնելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հետո հնարավո՞ր է, որ այդ մասով վերանայում արվի:

Ինձ թվում է, որ հնարավոր է վերանայվի և դաշինքների համար շեմը չբարձրացվի: Ես այն կարծիքին եմ, որ դաշինքների համար գոնե այս պարագայում շեմը պետք է մնա 7 տոկոս, իսկ կուսակցությունների համար շեմն իջնի 4 կամ 3 տոկոսի:

— Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունների փաթեթը հնարավոր կլինի՞ ընդունել մինչև ընտրությունների օրը՝ հունիսի 20-ը:

Ընդունել, իհարկե, հնարավոր է, բայց թե դրա որ մասը կվերաբերի գալիք ընտրություններին, որ մասը՝ ոչ, սա առանձին քննարկման առարկա է: Ես վստահ եմ, որ մի էական մաս կարող է տարածվել գալիք ընտրությունների վրա:

— Իսկ եթե նախագահը չստորագրի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, ի՞նչ իրավիճակ կստեղծվի:

Դա խնդրահարույց կդարձնի փաթեթի ընդունումը, որովհետև դրանից հետո կսկսի պտտվել 21-օրյա ժամկետը, և մինչև այդ ժամկետը լրանա, արդեն նշանակված կլինեն ընտրությունները: Այստեղ մենք խնդիր կունենանք:

— Կարծում եք՝ իշխանությունները շահագրգի՞ռ են փոփոխված ընտրական օրենսգրքով գնալ առաջիկա ընտրություններին:

Դժվար է ասել: Իշխանությունների մեջ երևի կան մարդիկ, որոնք հասկանում են, որ դա պետք է անել, կան մարդիկ, որոնք միգուցե չեն հասկանում: Ամեն դեպքում, իմ տպավորությունն այն է, որ իշխանությունները որպես մեկ ամբողջություն ուզում են, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի:

Առնչվող