Ինչպես փոշիացնել հարկատուների փողերն ու փչացնել դիզայնը

Հուլիսի 7-ից Երևանում իր աշխատանքները սկսեց ոստիկանության նոր պարեկային ծառայությունը։ Այն փոխարինեց Երևանի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդին և ճանապարհային ոստիկանության Երևանի (առաջին) գումարտակին։

Նոր պարեկային ծառայությունն իր բովանդակությամբ և նորարարությամբ աննախադեպ է Հայաստանում։ Այն տարբերվում է գրեթե ամեն ինչով։ Փոխվել են ծառայողների ընդունելության կարգը, կրթության կազմակերպումը, կրթության բովանդակությունը, գործառույթները, զենքը, համազգեստը, մեքենաները, տեխնիկան, ինչպես նաև նոր անձնակազմ է ներգրավվել։

Սակայն հանրության շրջանում քննարկման առարկա դարձան ոչ թե այս բովանդակային փոփոխությունները, այլ մեքենաների դիզայնն ու տարբերանշանը՝ լոգոն։

Սուր քննադատության արժանացավ հատկապես նոր մեքենաների ձևավորումը։ Այն համեմատվեց Stimorol մաստակի լոգոյի հետ։

Stimorol 2
Stimorol 1
Stimorol 3
previous arrow
next arrow

Քաղաքացիները նաև բողոքեցին, որ մեքենաների վրա մեծամասամբ լատինատառ գրություններ են և հայերեն գրեթե չկա։ Խնդրին անդրադարձավ նաև Լեզվի պետական կոմիտեն՝ նշելով, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» օրենքից։ Կոմիտեից տեղեկացրել էին, որ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց հասկանալ, թե ինչպես է որոշվել խնդրահարույց դիզայնը, քանի որ այն չէր համապատասխանում ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ներկայացված դիզայնին։

Մեկի տեղը երկու մրցույթ

Արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ Արդարադատության նախարարությունը միջազգային գործընկերների (Երևանում ԱՄՆ դեսպանատան) հետ նախաձեռնել էր նոր պարեկային ծառայության տարբերանշանի և ամբողջական ձևավորման փաթեթի մշակում։

Նախարարությունը տրամադրել է այդ փաթեթը։

4
2 (2)
1 (2)
5
3 (1)
6
7
8 (1)
9 (1)
previous arrow
next arrow

Խորհրդատուի կողմից ներկայացվել էին դիզայնի մի քանի տարբերակներ, որոնք փոխանցվել էին ոստիկանության գործընկերներին։

Նախարարությունը կցել է նաև տարբերակները։ Դրանք ընդհանուր յոթն են։ Ներկայացնում ենք այդ տարբերակներից մի քանիսը։ Ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Միաժամանակ, նախարարությունը տեղեկացված էր, որ դիզայնի առաջարկություն ստանալու համար ոստիկանության կողմից ևս քայլեր են ձեռնարկվում։

«Բոլոր գործընթացների արդյունքում Պարեկային ծառայության համար ընտրվել է հիշատակված առաջարկությունների փաթեթում չներառված տարբերանշան և ձևավորում»,- նշվում է նախար Ռուստամ Բադասյանի պատասխանի մեջ։

Ոստիկանությունից ԻՔՄ-ին տեղեկացրին, որ նոր պարեկային ծառայության լոգոյի և մեքենաների գունագրաֆիկ ձևավորման համար 2020 թ. սեպտեմբերի 16-ին, գնանշման հարցում ընթացակարգով (պայմանագրի ծածկագիրը՝ ՀՀՈԳՀԾՁԲ-ԼՈԳՈ/2020/ՊԱՐԵԿ), հայտարարվել է մրցույթ։ Ինչպես տեղեկանում ենք Gnumner.am կայքից, հայտ է ներկայացրել 5 մասնակից։

Ոստիկանությունից նշում են, որ մրցույթի արդյունքում օրենքով սահմանված կարգով հոկտեմբերի 20-ին «Ցոլակ Գևորգյան» ԱՁ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 98 հազար դրամի չափով։

Այսպիսով՝ թե՛ Արդարադատության նախարարության հետ միասին ԱՄՆ դեսպանատան կողմից և թե՛ ոստիկանության կողմից հայտարարվել են միանման մրցույթներ, որոնց արդյունքում պետք է որոշվեր նոր պարեկային ծառայության լոգոն (ու մեքենաների հոլոգրաֆիկ դիզայնը)։

Մրցույթների արդյունքները «նետվեցին աղբաման»

«Նշված գործընթացներին զուգահեռ, պարեկային ծառայության լոգոյի դիզայնի տարբերակներ են մշակվել նաև ոստիկանության կողմից։ Դրանցից ոստիկանության ղեկավարության կողմից հավանության արժանացած տարբերակն էլ կիրառվել է պարեկային ծառայողների թևքանշանների և պարեկային ավտոմեքենաների դիզայնում»,- տեղեկացնում է ոստիկանությունը։

Այլ կերպ ասած, բացի երկու մրցույթներում հաղթողներից (որոնց, իմիջիայլոց, վճարել են հայաստանյան ու ամերիկյան հարկատուները), ոստիկանությունն ինքն էլ է լոգոյի ու մեքենաների հոլոգրաֆիկ տեսքի դիզայն արել: Ապա ոստիկանությունում որոշել են, որ կկիրառեն ոչ թե մրցույթներում հաղթող ճանաչված, այլ հենց իրենց իսկ մշակած տարբերակը:

Ինչ վերաբերում է մեքենաների վրա օտար լեզվով գրառումների գերակայությանը, ապա ոստիկանությունից նշում են, որ որոշման հիմքում եղել է ծառայության տեսակը, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների համար առավել ընկալելի լինելու նպատակադրումը։ Հավելում են, որ Լեզվի կոմիտեի նախաձեռնած ընթացակարգի արդյունքում հնարավոր է ընտրված մոտեցումը վերանայվի։

Այսինքն, չի բացառվում, որ մեքենաների հոլոգրաֆիկ գունավորումն ու համազգեստների լոգոները դեռևս փոփոխության ենթարկվեն: Դա, բնականաբար, լրացուցիչ ծախս կլինի հայաստանյան հարկատուների համար (որի չափը դեռևս ենթակա է բացահայտման):

Դեռևս անհասկանալի է մնում, թե ինչպես է ընտրվել գործող տարբերանշանը. կոնկրետ ով է դրա հեղինակը ոստիկանությունում և ի վերջո՝ ու՞մ որոշմամբ է այն հաստատվել։ Փաստենք, որ մի քանի կառույցների կողմից հայտարարվել է մրցույթ, նույնիսկ եղել են հաղթողներ (ովքեր ստացել են համապատասխան գումարները), բայց ոստիկանությունը անհասկանալի պատճառներով սեփական տարբերակներն է մշակել ու հենց դրանք էլ ընդունել։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է նյութերի ձեռքբերումը, և հանրությունը կտեղեկացվի արդյունքների մասին։

 

Անի Գրիգորյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Առնչվող