ՌԴ հետ միութենական պետություն. ովքեր և ինչու են խոսում ընդդեմ ՀՀ անկախության և ինքնիշխանության

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից և նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ռուսաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակները դաշտ նետեցին Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ միութենական պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին թեզը։ Այս թեզը զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց հայաստանյան մեդիայի ու տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչների կողմից։

«Միութենական պետություն` հանուն փրկության»

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի 7 շրջանների հանձնումն ադրբեջանական վերահսկողությանը, ըստ էության, խաթարեց ՀՀ սահմանների անվտանգային համակարգը։ Հայաստանի պետսահմանների խոցելիության ու պատերազմից հետո ծագած նոր սպառնալիքների ֆոնին մերձկրեմլյան քարոզչամեքենան, որսալով հարմար պահը, անմիջապես դաշտ նետեց ՀՀ-ի՝ ՌԴ-ի հետ միութենական պետության կազմի մեջ մտնելու թեզը՝ ներկայացնելով այն որպես հայկական պետականության փրկության՝ սահմանների անվտանգային համակարգի վերականգնման, թուրք-ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիայի կանխման և դիմագրավման, տնտեսական զարգացման միակ այլընտրանք։

ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր, նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչն առաջիններից էր, որ խոսեց այս մասին․ ղազախստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա պնդում է, թե Հայաստանի համար ՌԴ-ի ու Բելառուսի հետ միութենական պետության մեջ մտնելու որոշումն ընդունելը «նշանակում է չեզոքացնել ազգային աղետի սպառնալիքը և  հուսալի պատմական հեռանկար վերագտնել»:

Իսկ ՌԴ գլխավոր շտաբի նախկին բարձրաստիճան սպա Լեոնիդ Իվաշովն էլ պնդել է՝ «եթե Հայաստանում գիտակցում են վիճակի լրջությունը, ապա պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն` Ռուսաստանի հետ խորը ռազմաքաղաքական ինտեգրման ուղղությամբ, քանի որ փրկությունը Արևմուտքից չէ, այլ՝ Ռուսաստանից»:

Ի դեպ, Իվաշովը հենց 44-օրյա պատերազմի օրերին բոլորվին այլ կարծիք ուներ հայերին   «փրկելու» մասով․ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում վերջինս հայտարարել է, թե ՌԴ-ն ոչ մի դեպքում չպետք է պաշտպանի կամ օգնի Հայաստանին պատերազմի ընթացքում, քանի որ, ըստ նախկին բարձրաստիճան սպայի, Հայաստանը «անկայուն դաշնակից է, և նրան մի շաբաթ է պետք շրջադարձ կատարելու և ՆԱՏՕ-ին անդամագրվելու հերթում կանգնելու համար»: Իվաշովը հավելել էր նաև, որ ՌԴ-ն չպետք է հանուն Հայաստանի կորցնի իր հեղինակությունը Ադրբեջանի և Թուրքիայի մոտ:

Ռուսաստանի հետ միութենական պետության ստեղծումը որպես փրկության միակ ճանապարհ ներկայացնելուն զուգահեռ, ռուսական քարոզչամեքենան հակադրության մեջ է դնում ՀՀ-ի և արևմտյան երկրների միջև հարաբերությունների սերտացման հնարավորությունը, խիստ քննադատության ենթարկում Արևմուտքի հետ գործակցությունը տարբեր ոլորտներում: Օրինակ, մերձկրեմլյան քաղաքագետներից Սերգեյ Միխեևը հայտարարել է, թե «Հայաստանի ինքնիշխանությունը պահպանում է ռուս զինվորը, իսկ Հայաստանը նայում է դեպի Ֆրանսիա և Ամերիկա»:

ՌԴ-ի հետ միևնույն պետության մեջ մտնելու գաղափարը սատարող կրեմլյան կարկառուն քարոզիչների ցանկը գլխավորում է «Ռաշա Թըդեյ» գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, որի հիմնավորումը, ի տարբերություն նախորդների, շատ անկեղծ և ուղիղ է․ նա՝ որպես ՌԴ քաղաքացի, «ցավում է խորհրդային կայսրության փլուզման համար» և փափագում է դրա վերականգնման մասին:

Միութենական պետության հայաստանյան քարոզիչները

Միութենական պետության թեզը ռուսաստանյան քարոզչական դաշտից կայծակնային արագությամբ հայտնվեց հայաստանյան տեղեկատվական դաշտում, ստացավ քաղաքական ինչ-ինչ շրջանակների բացահայտ հանրային աջակցությունը: 2020 թվականի նոյեմբերի 20-ին «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» տաղավարում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, այժմ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաիմաստավորման անհրաժեշտության մասին, հայտարարեց, թե ՀՀ-ն «պետք է նաև քննարկի անվտանգության հայեցակարգի, տնտեսական առաջընթացի, սոցիալական խնդիրների լուծման առումով, միգուցե թե, մինչև միացյալ պետության կոնցեպտը»:

Հայաստանում կարճ ժամանակում ստեղծվում են նաև քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություններ, շարժումներ, որոնք ՌԴ-ի հետ նույն պետական կազմավորման մեջ ՀՀ-ի ներգրավումը հռչակում են իրենց գործունեության օրակարգային հարցը:

Դեկտեմբերի 26-ին այդպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս «Ալյանս» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, իսկ դեկտեմբերի 28-ին հայտարարություն է տարածում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը: Ավելի ուշ՝ փետրվարի 6-ին, տեղի է ունենում նաև նախաձեռնության համաժողովը:

Այս շարժման հիմնադիր-ղեկավարը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է, որը հայտարարել է, թե «հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք՝ Հայաստանի միակ փրկությունը, որպես երկիր, Ռուսաստանի հետ միութենական պետության ձևավորումն է»:

«Այլընտրանքը՝ թուրքահպատակությունն է»

Միութենական պետությանը որպես այլընտրանք՝ ներկայացվում է Հայաստանի «թուրքահպատակությունը», «վիլայեթացումը»: Օրինակ՝ ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե առանց Ռուսաստանի հետ սերտագույն միության Հայաստանը «պարզապես չի գոյատևի, կվերածվի անապատի», և «հարևանները (նկատի ունի Թուրքիան և Ադրբեջանը – խմբ․)  մասմաս կզբաղեցնեն երկիրը»:

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը նույնպես միութենական պետության գաղափարին հակադրել է թուրքահպատակության վտանգը: Ռուսաստանյան Regnum գործակալության կայքում հրապարակված իր երկարաշունչ վերլուծության մեջ Գեղամյանը պնդում է, որ Արևմուտքն ուզում է ՌԴ-ն դուրս մղել ամբողջ Հարավային Կովկասից, այդ թվում՝ նաև Հայաստանից, և մեծացնել այստեղ Թուրքիայի ազդեցությունը, և այս պարագայում ՀՀ-ին այլընտրանք, քան ՌԴ-ի հետ նույն պետության կազմում մտնել է, չի մնում: «ՀՀ-ն անվտանգ կլինի միայն ՌԴ-ի ու Բելառուսի հետ միութենական պետության մեջ»,- եզրափակել է Գեղամյանը:

«ՀՀ-ն կպահպանի ինքնիշխանությունը, կմնա ՄԱԿ-ի անդամ»

Հատկանշական է, որ միութենական պետության գաղափարը սատարող հանրային գործիչները միաբերան պնդում են, թե ՀՀ-ն ՌԴ-ի հետ նույն պետական միավորման մեջ մտնելուց հետո շարունակելու է պահպանել իր ինքնիշխանությունը:

Ըստ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի պնդումների՝ միութենական պետության ձևավորումից հետո էլ «Հայաստանը կշարունակի մնալ ՄԱԿ-ի անդամ, ինքնիշխան ու անկախ երկիր, որն ամրապնդում է իր բանակն ու վարում իր արտաքին քաղաքականությունը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ համոզմունք է հայտնել, թե միութենական պետության կազմում «կարելի է պահպանել առավելագույն ինքնիշխանություն, երկրի ներսում ունենալ սեփական կառավարման համակարգը, ընտրություններ կազմակերպել, ունենալ նախագահ, վարչապետ»:

«Բայց որոշ կարևոր հարցերում պետք է գնա քաղաքականության մշակման սինքրոնիզացիա․ տնտեսական քաղաքականություն, ռուբլու գոտու ձևավորում»,-  ասել է պատգամավորը՝ հավելելով, թե մեր ժողովուրդը «չկարողացավ արժևորել իրեն նվեր տրված ինքնիշխանությունն ու պետականությունը»:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ պնդում է, թե ինքնիշխանության կորստի մասին խոսակցությունները սպեկուլյացիա են․ միութենական պետությունը «նույնիսկ չնչին կերպով չի նվազեցնում ֆորմալ ինքնիշխանությունը, ընդհակառակը` պաշտպանում, ամրացնում և զարգացնում է այն»:

Որպես ասվածի հիմնավորում՝ Բաբուխանյանը մեջբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցը, որում վերջինս, խոսելով Բելառուսի հետ միութենական պետության մասին, հավաստիացնում է, որ  «խոսքն ընդամենն ինտեգրման որոշակի բարձր մակարդակի մասին է՝ ինքնիշխանության լիարժեք պահպանմամբ»:

Նանե Մանասյան 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող