- 12 Հոկտեմբերի, 2021
- Հաղորդագրություններ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երեկ հրապարակել էր տեղեկատվություն, որ ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2021 թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում խոշորացված բոլոր համայնքներում, ՏԻՄ օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների դրույթների համաձայն, դադարեցվում են համայնքների ավագանիների և ղեկավարների լիազորությունները։
Այսօր արդեն մի շարք համայնքներում ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հստակ չէ, սակայն, թե արդյո՞ք այդ համայնքների բոլոր բնակավայրերի ղեկավարներն ու ավագանիներն իրազեկված են իրենց լիազորությունների դադարեցման մասին:
Ըստ էության, խոշորացված համայնքների բնակավայրերի մի մասի ղեկավարների լիազորությունները դադարեցնելը, միաժամանակ մյուսներինը պահպանելը տարբերակված և կամայական մոտեցում է, ինչն ամենևին չի նպաստում համայնքների խոշորացման և տեղական ինքնակառավարման նոր մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը։
Կարծում ենք, որ․
1 Խոշորացված համայնքների բոլոր ավագանիների և ղեկավարների լիազորությունների դադարեցումը պիտի իրականացվի օրենքի տառին համապատասխան և միևնույն սկզբունքով,
2 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տեղեկատվություն հրապարակվի, թե արդյո՞ք համապատասխան համայնքապետարանների աշխատակիցները պատշաճ ծանուցվել են իրենց հետ աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների և հիմքերի վերաբերյալ,
3 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է հստակ և ամբողջական իրազեկում հրապարակվի, թե ինչպես է կազմակերպվելու և իրականացվելու այդ համայնքներում գույքի և գործառույթների հանձնում/ընդունումը,
4 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առավել լայն իրազեկում իրականացնեն նոր ընտրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ հենց գործող ՏԻՄ մարմինների շրջանում։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք