- 5 Ապրիլի, 2022
- Հաղորդագրություններ
Ապրիլի 1-ից 3-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Բարեփոխումներն ու ապատեղեկատվությունը» վերտառությամբ, որին մասնակցել են քսանից ավելի թվային հեղինակություններ ու կարծիքի առաջատարներ:
Կլոր սեղանը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ Freedom House կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուներ հնարավորություն ստացան մասնակիցներին ներկայացնել բարեփոխումների գործընթացում առկա մոտեցումներն ու բարեփոխումների իրականացման ընթացքը:
Միջոցառման բանախոսներն էին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողի անդամ Արամայիս Փաշինյանը, ԻՔՄ ծրագրերի պատասխանատու Դանիել Իոաննիսյանը և մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Արթուր Պապյանը:
Միջոցառման մասնակիցները, իրենց հերթին, հնարավորություն ստացան սեփական նկատառումներն ու պատկերացումները ներկայացնել որոշում կայացնողներին ու քաղաքականություն մշակողներին: Միջոցառման ընթացքում ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ:
Միջոցառման մի հատվածը նվիրված էր մեդիագրագիտության թեմային: