Փաշինյանի հայտարարությունը՝ «մատաղացու չենք», ՌԴ-ի դուրը չեկավ, Վանեցյանը նստացույց սկսեց․ Դանիել Իոաննիսյան

Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակյցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած նստացույցը կապ ունի օրերս Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության և Պուտինի հետ նրա առաջիկա հանդիման հետ։ Այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ազգային ժողովում վարչապետը հայտարարություններ է անում, որոնք ակնհայտորեն դուր չեն գալիս ՌԴ-ին, և խորհրդարանական խմբակցություններից մեկը սկսում է Ազատության հրապարակում նստացույց անել։ Եկեք արձանագրենք մի իրողություն՝ ՀՀ ղեկավարն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ «մենք չենք որոշել՝ պատերազմե՞լ, թե՞ ոչ», որ «ստատուս քվոն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռք է տալիս Ռուսաստանին, և երբ կոնյուկտուրան փոխվեց, դա էլ փոխվեց», ասում է, որ «մենք մատաղացու չենք», ո՞ւմ է դա ուղղված, Ռուսաստանին։

Սա իմ հիշողության մեջ Հայաստանի որևէ ղեկավարի՝ ամենաանկախական և մեր ճակատագրի վրա ՌԴ-ի ազդեցությունն ընդգծող ելույթն էր»,- Factor TV-ի հարցազրույցում հայտարարում է ԻՔՄ ղեկավարը։

Ըստ նրա՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք այդքան բաց չի ասել, որ ՀՀ-ի համազգային ճակատագրի շատ ողբերգություններ պայմանավորված են եղել ՌԴ-ի կայացրած որոշումներով․ «Այդ ֆոնին անհասկանալի է՝ ի՞նչից դժգոհելով և անհասկանալի է՝ ի՞նչ այլընտրանք առաջարկելով են Արթուր Վանեցյանն և իր քաղաքական թիմը դուրս գալիս ցույցի»։

 

Առնչվող