Կայացավ Ժողովրդավարության հայկական ֆորումը

Freedom House կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ մայիսի 20-ին, Երևանում տեղի ունեցավ «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը նպատակ է հետապնդում մեկտեղել Հայաստանում ժողովրդավարության խթանմամբ շահագրգիռ բոլոր կողմերին՝ քննարկելու բարեփոխումների ընթացքն ու մարտահրավերները:

Միջոցառմանը հատուկ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայում և Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտը: Ֆորումին ներկա էին օրենսդիր ու դատական իշխանությունների ամենաբարձր ներկայացուցիչներ, դեսպաններ, միջազգային իրավապաշտպան ու հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին է ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը: «Այսօր հենց քաղաքացին է ՀՀ ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը ընդգծեց, որ ժողովրդավարությունը ինստիտուցիոնալիզացման կարիք ունի և որ հենց ժողովրդավարությունն է երկրի անվտանգության ու ինքնիշխանության կարևորագույն մեխանիզմը:

Ողջույնի իր խոսքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ ամբողջ աշխարհում աճող ժողովրդավարացման շրջանից հետո շատ երկրներ կարծես հետընթաց են ապրում: «Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են համավարակը, 44-օրյա պատերազմը,  հետպատերազմյան իրավիճակը և վերջերս Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ազդեցությունը»,- ասաց ԵՄ դեսպանը՝ հավելելով, սակայն, որ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները:

Իր հերթին, Եվրոպայում և Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտը նշեց, որ ի հեճուկս վերոնշյալ խնդիրների, Freedom House-ն առաջընթաց է արձանագրել Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում: «Բայց, այնուամենայնիվ, մեզ անհանգստացնում է վիրավորանքի քրեականացման խնդիրը, որը կարող է սահմանափակել ժողովրդավարության և խոսքի ազատությունը Հայաստանում»,- նշեց Մարկ Բեհրենդտը:

Միջոցառման առաջին մասում տեղի ունեցավ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի հետ կապված հարցերի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը և ՀՔԱՎ ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

Երկրորդ պանելային քննարկման ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանում ժողովրդավարության կոնսոլիդացման և մարդու իրավունքների ջատագովությանը, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեցին և մտքերի փոխանակություն արեցին  Անդրեա Վիկտորինը, Մարկ Բեհրենդտը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Human Rights House-ի ներկայացուցիչ Քեթևան Աբաշիձեն և ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը:

Ֆորումի եզրափակիչ մասում հատուկ քննարկվեցին նաև Հայաստանում ապատեղեկատվության և մեդիայի հետ կապված հարցերը: Խնդրի շուրջ իրենց տեսակետները հայտնեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ավագ խորհրդական Բետտինա Ռուջիսը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը և «Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը:

Freedom House-ը և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախատեսում են Ժողովրդավարության հայկական ֆորումը դարձնել ամենամյա:

Առնչվող