- 27 Դեկտեմբերի, 2019
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ

Հայաստանի բնակչության թվին առնչվող ՄԱԿ-ի վերջին կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չէին. ըստ այդմ՝ 2030 թվականին Հայաստանի բնակչությունը նվազելու է մինչև 2 մլն 993 հազար մարդ: Մինչդեռ 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն հանրապետության բնակչության թիվը 36,000-ով ավելի քիչ էր, քան ՄԱԿ-ը կանխատեսել էր 2030 թ. համար:
Պատճառներից մեկը Հայաստանում առկա անպտղության բարձր ցուցանիշն է, ինչը ևս բացասաբար է ազդում երկրում ծնելիության մակարդակի վրա: Բնակչության պարզ վերարտադրության համար (երբ բնակչության թիվը մնում է անփոփոխ) յուրաքանչյուր կին պետք է ունենա 2,1 երեխա, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 1,6: Ներկայում մեր երկրում յուրաքանչյուր 6-7-րդ ընտանիքն անպտղություն ունի: Ապացուցված է, որ այն երկրները, որտեղ անպտղության ցուցանիշը 15%-ից բարձր է, կանգնում են ժողովրդագրական խնդրի առջև:
Անպտղությունը հաղթահարելու ճանապարհներից մեկը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն է, ինչը, սակայն, ծախսատար է և շատ դեպքերում անմատչելի՝ հատկապես անապահով ընտանիքների համար:
Մեզանում պետությունը ևս պետք է մասնակցություն ունենա խնդրի կարգավորման հարցում. անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման նպատակով՝ 2019 թվականի առողջապահական բյուջեով «Անպտղություն ունեցող զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի շրջանակում հատկացվել է 210 միլիոն դրամ: Այն գրեթե 4 անգամ ավելին է նախորդ տարիների հատկացումներից (նախկինում՝ շուրջ 50 միլիոն դրամ): Ծրագիրն ուժի մեջ է մտել 2019 թ․ սեպտեմբերի 7-ից։ Հատկացված գումարի շրջանակում նախատեսված է սպասարկել մոտ 300 շահառուի:
Անպտղություն ունեցող զույգերը կարող են օգտվել բուժօգնության հետևյալ տեսակներից․
- անպտղության պատճառների հետազոտում և բուժում,
- մինչ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացում,
- պարտադիր հետազոտությունների իրականացում,
- ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում` առավելագույնը 6 փորձ,
- արտամարմնային բեղմնավորման 1 փորձ,
- հավելյալ սաղմեր ստանալու դեպքում արգանդի խոռոչում երկրորդ և երրորդ տեղադրումների իրականացում:
Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջիջների և դոնորական սերմնաբջիջների ծախսերը։
Եթե ամուսնական զույգն ուզում է երկրորդ փորձն իրականացնել, պետությունն այդ ծախսը կարող է փոխհատուցել 50 տոկոսով։
Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը
- ամուսինը կամ կինը պետք է լինի զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ,
- զույգի որդին ռազմական գործողությունների ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհվել է
- անապահովության համակարգում ներառված` 30.01 և ավելի միավոր ունեցող ընտանիք է,
- ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն
- սոցիալական հատուկ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ է:
Միաժամանակ, պահանջներից է նաև, որ
- ամուսինները կամ ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի,
- ամուսնությունը գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով,
- կինը լինի 20-35 (ներառյալ) տարիքային խմբում։
Նկատենք, որ հարցը ոչ միայն պետության, այլև լրագրողների, ՀԿ-ների քաղաքացիական ակտիվիստների, բարեգործական հիմնադրամների ուշադրության և մշտական հոգածության կարիքն ունի։
2011 թ. ապրիլի 18-ից գործում է, օրինակ, «ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը։ 18.07.18 թ. դրությամբ հիմնադրամի միջոցով
ուղեգրվել են – 1445 ամուսնական զույգեր,
ավարտել են – 1277-ը,
հղիացել են – 559-ը,
ծննդաբերել են – 373-ը,
ծնվել են – 528 երեխաներ:
2017 թվականից Հայաստանում գործում է նաև «Հայ» Ասոցիացիան, որի կողմից իրականացվող «Հայ Մանուկ» ծրագիրը ֆինանսապես աջակցում է անպտղություն ունեցող այն զույգերին, որոնք, համաձայն բժշկական հետազոտությունների, կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Ասոցիացիան ներկայացուցիչներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Գործունեության ընթացքում Ասոցիացիան հովանավորվել է շուրջ 30 ընտանիքի. լույս աշխարհ են եկել 7 երեխաներ, այս պահի դրությամբ սպասում են ևս 11 երեխայի լույս աշխարհ գալուն:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։