Զորքերի հետքաշման կոչ, բնակավայրերի թիրախավորման դատապարտում․ ով ինչ դիրքորոշում ուներ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի ներկայացրած դիմումը։

Նիստին մասնակցել են նաև ՄԱԿ-ում ՀՀ և Ադրբեջանի մշտական ներկայացուցիչները։

Նիստի մեկնարկին երկու կողմերի դիրքորոշումներն ամփոփող ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչան։ Նա ասել է, որ «2020-ից հետո սա ամենամեծ բախումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը նշանակում է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը լուրջ խոչընդոտների է բախվում»:

Յենչան նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ն «իրավասու չէ ստուգելու կամ հաստատելու  հայկական կամ ադրբեջանական կողմերի հայտարարությունները»՝ կապված էսկալացիայի հետ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է նիստի ընթացքում Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամ երկրների ներկայացուցիչների ուշագրավ ելույթներն ու մեկտեղել կարևոր թեզերը։

«Թիրախավորվել են  հայկական բնակավայրեր, խաղաղ բնակիչներ»

ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Միացյալ Նահանգների ներկայացուցիչ դեսպան Ռիչարդ Միլսը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից ՀՀ-ում քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակիչների թիրախավորման վերաբերյալ։ Նա կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող։

«Վաշինգտոնը խորապես մտահոգված է հաղորդագրություններով, որոնց համաձայն Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչներ են տուժել»,- ասել է Միլսը։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Ռիվյերը նույնպես ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Հայաստանի մի շարք բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։

ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը, մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, նույնպես ընդգծել է, որ Հայաստանի տարածքում քաղաքացիներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են ենթարկվել գնդակոծության:

ԱԽ ոչ մշտական անդամ Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորենն ասել է, որ իր երկիրը «մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ մարտերի մասին լուրերով, ինչպես նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով»:

Ոչ մշտական անդամ Հնդկաստանի դեսպան Ռաչիրա Կամբոժն անուղղակի կերպով «ագրեսոր» է կոչել Ադրբեջանին՝ կոչ անելով վերջինիս «անհապաղ դադարեցնել բախումները և զսպվածություն ցուցաբերել»։

«Հայաստանի սահմանի երկայնքով հարվածների մասին վերջին հաղորդագրությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչությանն ուղղված հարվածները, մտահոգիչ են։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել և թույլ տալ իրավիճակի վատթարացում»,- ասել է նա։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան, չնայած խոսել է քաղաքացիականների շրջանում տուժածների մասին, սակայն անհասցե՝ չհստակեցնելով, որ տուժածները հայկական կողմից են։

«Հետ քաշել զորքերը ելման դիրքեր»

ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հինգ երկրներից չորսը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքը, հայտարարել են զորքերը ելման դիրքեր վերադարձնելու անհրաժեշտության մասին։

Անվտանգության խորհրդի մշտական անդամ Մեծ Բրիտանիան ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և «զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր»: Նման կոչեր են արել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Ֆրանսիայի ներկայացուցիչն այս առումով ավելի հասցեական հայտարարություն է արել՝  կոչ անելով Ադրբեջանին հեռացնել զորքերը ՀՀ տարածքից։

«Նախ, ծայրաստիճան կարևորում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի պահպանումը, երկրորդ` կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել, որպեսզի սեփական զինված ուժերը գտնվեն նախնական դիրքերում»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:  

Ի տարբերություն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, որոնք զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ոչ հասցեական կոչեր են արել, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը հավասարության նշան է դրել՝ կոչ է անելով զորքերը հետ քաշել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։

Չինաստանը Անվտանգության խորհրդի մշտական անդամներից միակն էր, որի ներկայացուցիչը չի անդրադարձել զորքերը ելման դիրքեր վերադարձնելու հարցին։

«Սահմանային վեճերը պետք է լուծվեն սահմանազատմամբ»․ Մոսկվայի ու Բաքվի թեզը

Ռուսաստանի դեսպանն իր ելույթում Հայաստանին ու Ադրբեջանին հավասարապես է զսպվածության կոչ արել՝ հորդորելով թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Ի տարբերություն ՄԱԿ ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամ մի շարք երկրների, ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը այդպես էլ չի արձանագրել ադրբեջանական ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք։

Փոխարենը, ՌԴ դեսպանը պնդել է, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների ոգով։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերին, ապա դրանք պետք է լուծվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում՝ ՌԴ-ի հետ խորհրդակցությամբ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևն իր ելույթում, ի թիվս ՀՀ-ին ուղղված այլ անհիմն մեղադրանքների, պնդել է, որ ՀՀ-ն «տապալել է» դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։

«Հայկական կողմն անհնար է դարձրել դեմարկացիան ու դելիմիտացիան։ Իսկ եթե այդ գործընթացը տեղի ունենար ժամանակին, ապա ռազմական էսկալացիա չէր լինի»,- ասել է ադրբեջանցի դեսպանը։

Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ելույթներում

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ջուն նախ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի կապակցությամբ, ապա այդ լարվածությունը կապվել է Արցախյան խնդրի հետ։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է տարանջատել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից: Մենք տիրապետում ենք խնդրի պատմական զարգացման մասին տեղեկատվությանը, և մեր դիրքորոշումն անփոփոխ է` մենք տարաձայնությունների կարգավորումը տեսնում ենք միայն քաղաքական երկխոսության միջոցով»,- հայտարարել է Չինաստանի ներկայացուցիչը:

Արցախյան հարցն իր ելույթում արծարծեց նաև Իռլանդիայի ներկայացուցիչը՝ նշելով, որ իր երկիրը «հավատարիմ է ԵՄ ջանքերին, որոնք ուղղված են երկխոսությանը, հակամարտության կայուն և համապարփակ լուծմանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տևական կարգավիճակի սահմանմանը»:

Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող