- 4 Հոկտեմբերի, 2022
- Հաղորդագրություններ
Վարշավայում շարունակվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսը, որտեղ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայատյացության հետևանքներին։
«Երեք շաբաթ առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը լայնածավալ չհրահրված ռազմական հարձակում ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ թիրախավորելով Հայաստանի սահմանամերձ խաղաղ համայնքները։
Հարձակման արդյունքում հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի դրվագների վրա, որոնք ապացուցում են հայատյացությունն Ադրբեջանում։
Այս շաբաթվա վերջին տեսանյութ հրապարակվեց, որում ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում 7 հայ գերիների։
Նման կադրեր կարելի է տեսնել միայն ֆիլմերում։ Մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ Կալաշնիկով ավտոմատների կրակոցներով սպանում են ծնկի իջած և վնասազերծված հայերին։
Մեկ այլ դեպք էլ մահացած հայ կին զինծառայողի դիակի պղծումն ու անդամահատումն էր։ Ադրբեջանցի զինծառայողները մերկացրել էին կին զինծառայողին, կտրել նրա ոտքերն ու մատները, քար դրել նրա ակնախորշում, իսկ կտրված մատներից մեկն էլ՝ բերանի մեջ, և մերկ մարմնի վրա ներկ էին քսել։
Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածվող մեկ այլ տեսանյութում երևում է, որ հայ ռազմագերիներից մեկը թևից թեթև վիրավորում ունի և առաջին օգնություն է ստանում ադրբեջանցի զինվորների կողմից: Սակայն օրեր անց ադրբեջանական կողմը վերադարձրեց այդ երիտասարդի դիակը՝ մարմնի վրա խոշտանգումների հետքերով։
Ցավոք սրտի, սրանք առանձին դեպքեր չեն, այլ տասնամյակներ տևող պետական քաղաքականության արդյունք։
2012 թվականին Իլհամ Ալիևը ներում շնորհեց և պարգևատրեց Բուդապեշտում քնած հայ զինվորին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Իսկ 2016 թվականին Իլհամ Ալիևը պարգևատրեց հայ զինծառայողի մարմինը գլխատած ադրբեջանցի զինծառայողի։ Բոլորովին վերջերս՝ այս տարվա սեպտեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը պարգևատրեց երկու զինծառայողի, որոնց նախկինում մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին հայ զինծառայողների դիակների պղծման համար։
Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք նրանց (հայերին) քշում ենք շների պես: Ադրբեջանցի զինվորները շների պես քշում են նրանց»։
Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը արձանագրվել է մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից։
Մենք բոլորս ցնցված էինք Բուչայի վայրագություններից: Բայց գիտե՞ք, թե ինչու Բուչայում ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչներ սպանվեցին, քան հայեր՝ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին: Որովհետև Բուչայի ուկրաինացիները չէին սպասում, որ ռուսական բանակն իրենց կսպանի, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Հադրութի և Շուշիի բնակիչները գիտեին, թե ինչ է սպասվում իրենց ադրբեջանական օկուպացիայի դեպքում, և գրեթե բոլորին հաջողվեց փախչել, մինչև ադրբեջանական զորքի՝ իրենց տներ հասնելը»։