Հայտարարություն ԿԸՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուի կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ-ի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը:

Վահագն Հովակիմյանը, անձամբ մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ այն է. «Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաև որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի»:

Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռևս չսկսած իր պաշտոնավարումը,   այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում։ Վահագն Հովակիմյանը, լինելով պատգամավոր, միաժամանակ ընտրվում է ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ օգտագործելով իր պատգամավորական լիազորությունները իրեն այդ պաշտոնում հաստատապես ընտրելու համար՝  ՔՊ միասնական ձայներին ավելացնելով իր վճռորոշ ձայնը (ընտրության համար անհրաժեշտ է եղել առնվազն 65 ձայն)։ Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում  ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձևավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից և անկողմնակալությունից:

Վահագն Հովակիմյանի դրսևորած վարքագիծը անընդունելի է ակնկալվող հանրային բարձր հեղինակություն վայելող և սահմանադրական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի համար, ստվերում է ԿԸՀ ձևավորման գործընթացը և կառույցի հեղինակությունը, խաթարում է  հանրային վստահությունը դրա նկատմամբ։

Ի լրումն սույն թվականի հոկտեմբերի 4-ի մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից «Իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցման դատապարտման մասին» հայտարարությանը` անհրաժեշտ ենք համարում դիմել ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր և ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը. դրանք  ի չիք են դարձնում  կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրության  ընկալումների դրական միտումները  և հանգեցնում զգալի ռիսկերի` կոռուպցիայի տարածման, նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդման ու ընտրական ինստիտուտների կայացման գործում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Առնչվող