Ռուսաստանը վերցնում է Ղարաբաղյան էստաֆենտան

Ապրիլի 18-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հնարավոր է մոտակա օրին Ղարաբաղյան հարցով բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նման տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն էր, ով, միաժամանակ, ընդգծել էր, որ բանակցությունները սկսվելու են Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Արդեն մյուս օրը` ապրիլի 19-ին, ռուսական «Известия» թերթը, հղումով իր դիվանագիտական աղբյուրին, կրկնում է մոտակա օրերին բանակցություններ սկսելու մասին Ալի Հասանովի ասածը: Ավելին, ռուսական պարբերականի աղբյուրը մանրամասնում է, որ բանակցություններին, Ռուսաստանի մասնակցությամբ, կողմերը գնալու են «ցավոտ փոխզիջումների»: Ըստ հրապարակման, խոսքը գնալու է որոշ տարածքների վերադարձման, շփման գոտում խաղաղապահների տեղակայման, սահմանների բացման, փախստականների վերադարձի եւ հետագայում հանրաքվեի անցկացման մասին:

Այսինքն` Ռուսաստանը, ստանձնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նախաձեռնությունը, փորձելու է առաջ տանել իր քաղաքականությունը եւ խաղաղապահներ, այսինքն` զորքեր մտցնել Ղարաբաղ: Ռուսաստանի համար Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր իշխանությունը պահպանելու հիմնական լծակն է, ուստի հակամարտության կարգավորումը (կողմերից որեւէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծի երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու, ինչպես նաեւ Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունից զերծ պահելու հարցը:

Այս ողջ համատեքստում ուշադրության է արժանի նաեւ այն, որ Ռուսաստանի` հակամարտության կարգավորման պատասխանատվությունը միանձնյա ստանձնելու նկրտումներին ասես ոչ մի կերպ չի ընդդիմանում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին էլ հենց պատկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` չորսօրյա պատերազմի ընթացքում կատարած անհասցե հայտարարությունների եւ անշտապողականության ֆոնին, փաստորեն, Ռուսաստանը կատարյալ պայմաններ է ստացել հին ծրագրերն ի կատար ածելու համար:

Հիշեցնենք, որ չորսօրյա պատերազմից հետո Բաքու կատարած այցելության ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ռուսական կողմն ունի առաջարկություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկությունները ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Նույն այդ Կազանի փաստաթուղթը, ըստ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, գրեթե ամբողջովին կրկնում է Մադրիդյան հայտնի սկզբունքները, որոնցով նախատեսվում է խաղաղապահների տեղակայում շփման գծում:

Ապրիլի 19-ին արդեն հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան: Հիմք ընդունելով վերը նշված տեղեկությունները Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյան բանակցությունները սկսելու մասին՝ կարելի է ենթադրել, որ Լավրովը, ամենայն հավանականությամբ, կոնկրետ առաջարկություններ, կամ, միգուցե, անգամ պահանջներ է բերելու Երեւան:

Այսպիսով կարելի է փաստել, որ Ռուսաստանն այժմ դեմարշ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին և գործի է դնում բոլոր լծակները՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների էստաֆետան վերցնելու ուղությամբ:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ
քաղաքացիների միավորում»

Առնչվող