Կայացավ հանրային քննարկում՝ «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում» թեմայով

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր հանրային քննարկում՝ «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում» թեմայով:

Քննարկման բանախոսը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր, մոդերատորը՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:

Քննարկմանն ուշադրություն դարձվեց հասարակության շրջանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը, ինչպես նաև հնչեցին մտահոգություններ, որ պայմանավորված արտաքին քաղաքական զարգացումներով, սահմանադրական բարեփոխումների գործընթացը դանդաղում է:

Մոդերատոր Հովսեփ Խուրշուդյանը կարևորեց հետագայում սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումներին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մյուս անդամների ու ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ աշխատանքային տարբեր խմբերի անդամների մասնակցությունը:

Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսին ու մասնակցել թեմայի շուրջ մտքերի փոխանակմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն, նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ խորհրդարանական հանրապետություն: Միաժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խորհրդին են ներկայացրել Նախագահի լիազորությունների և կարգավիճակի հետ կապված առաջարկներ, որոնց քննարկումը Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին:

Առնչվող