- 16 Հունվարի, 2023
- Մամուլը մեր մասին

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի՝ այսօր կայացած նիստում հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց իր առաջարկը՝ Սահմանադրությամբ ամրագրված «սոցիալական շուկայական տնտեսություն» հասկացությունը փոխարինել «շուկայական տնտեսություն» հասկացությամբ:
Առաջարկվում է սոցիալական շուկայական տնտեսական համակարգից անցում կատարել շուկայական տնտեսական համակարգի, այն հիմնավորմամբ, որ իրականում, Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական համակարգը Հայաստանում չի գործում, առավելապես գործում է ազատական տնտեսական համակարգը: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ելույթում նկատեց, որ վերջին տարիներին ՀՀ-ն հստակ գնում է այն ճանապարհով, որ պետությունն առավելագույնս ապահովի առողջապահությունը և կրթությունը: Նա նկատեց, որ պետությունը կոնտրիբուցիա է ունենում նաև կենսաթոշակի ապահովման մեջ՝ կուտակային համակարգում։
Նրա խոսքով՝ ընտանեկան բիզնեսը համարյա չի հարկվում և այլն, ինչև ևս սոցիալական տնտեսության դրսևորումներից է։ Իոաննիսյանի դիտարկմամբ՝ պետությունը սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ուղղությամբ քայլեր էր անում նաև մինչև 2018 թվականը, ուստի առաջարկվող սահմանադրական փոփոխությունը տեղին չէ: Նա կոչ արեց չընդունել առաջարկը՝ ասելով․ «Ես դեմ եմ քվեարկելու։ Ես չեմ տեսնում՝ ինչին է սա խանգարում»։ Քվեարկության արդյունքում առաջարկը չընդունվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։