Վահե Ղազարյանն ընդդեմ պարեկայինի՝ թվերով

Փետրվարի 10-ին հիշարժան դեպք պատահեց Երևանի կենտրոնում: Ծանր ամենագնացի վարորդը երթևեկում էր մայթերով, վրաերթի էր ենթարկում պարեկներին, իսկ վերջիններս, ի հեճուկս տարբեր փորձերի, չէին կարողանում նրան վնասազերծել:

Այս դեպքը որոշ հանրային քննարկումների առիթ դարձավ: Մասնավորապես, քննարկվում էր այն, որ տարածքի ոչ բոլոր պարեկներն էին մեքենաներով արգելափակում ամենագնաց «Համմերի» ընթացքը և ոչ բոլորն էին հրազենով փորձում կասեցնել նրան:

Թեև ծառայողների մեծ մասը, այդուհանդերձ, փորձում էր վնասազերծել «Համմերի» վարորդին, սակայն փորձենք հասկանալ, թե ինչով էր պայմանավորված որոշ պարեկների չարդարացված զգուշավորությունը:

Պարեկային ծառայությունը սկսեց ստեղծվել 2020 թվականին: Այն ժամանակ նաև գրվեց ծառայության կանոնագիրքը: Դրանով ամրագրվեցին ծառայության հիմնական սկզբունքները և ստանդարտ իրավիճակներում պարեկների գործողությունները: Պարեկների կրթությունը դրվեց այն հիմքով, որ ստանդարտ իրավիճակներում գործողությունների ու ծառայության սկզբունքներին հետևելու դեպքում ոստիկանական համակարգը պաշտպանելու է նրանց, իսկ խախտելու դեպքում` պատժելու:

Պարեկային ծառայությունը սկսեց գործել 2021 թ․ հուլիսից Երևանում, իսկ 2022-ի ապրիլից՝ Շիրակի ու Լոռվա մարզերում: Եվ երբ փորձում ենք տեսնել, թե խրախուսման ու պատժի ինչ պատկեր է եղել այս ընթացքում, համոզվում ենք, որ ի սկզբանե պարեկների առջև դրված սկզբունքները չեն հարգվել ոստիկանական համակարգի կողմից:

Կարգապահական տույժեր

Այսպես, ՀՀ ոստիկանությունից ստացել ենք 2022 թ․-ի ընթացքում ներքին անվտանգության վարչության (ՆԱՎ) կողմից իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանի կողմից կիրառված կարգապահական տույժերի վիճակագրությունը: Տարվա ընթացքում ոստիկանապետի կողմից տույժի են ենթարկվել 253 ոստիկաններ, որոնցից 146-ը պարեկներ են։ Ստացվում է՝ ընդհանուր ծառայողական պատասխանատվության կանչված ծառայողների մոտ 58 տոկոսը պարեկներ են։

 

Այսինքն, անցյալ տարեվերջին Հայաստանում առկա մոտ 1300 պարեկներին ոստիկանապետ Վահե Ղազարյանից բաժին է ընկել ավելի շատ կարգապահական տույժ, քան մնացած (10 հազարից ավել) ոստիկաններին՝ միասին վերցրած:

Եթե այս թվերը արդարացված ու ծառայության որակն արտահայտող լինեին, ապա կստացվեր, որ Պարեկային ծառայությունն ամենավատ ծառայող ստորաբաժանումն է, ու դրա համար են պարեկները, ըստ ծառայողների քանակի, 10 անգամ ավելի շատ կարգապահական տույժ ստանում ոստիկանապետի կողմից:

Որպես հետևանք, այդ դեպքում, կարելի էր արձանագրել ռեֆորմի սխալ լինելը, ցրել Պարեկային ծառայությունն ու վերականգնել Ճանապարհային ոստիկանությունը: Եվ անգամ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս պարագայում պետությունը ջանքեր և գումարներ ծախսում այսքան վատ աշխատող Պարեկային ծառայության ընդլայնման համար։

Բայց մի շարք այլ ցուցանիշներ վկայում են, որ պարեկայինը հաջողված է: Երևանում արտաքին ծառայության կողմից հանցավորության բացահայտումը, պարեկայինի ներդրմամբ, աճել է 2․5 անգամ, իսկ Շիրակի ու Լոռվա մարզերում՝ 14 անգամ: Հետախուզվող հանցագործների հայտնաբերումն աճել էր 6 անգամ, բազմապատիկ աճել են նաև ճանապարհային երթևեկության վտանգավոր խախտումների (օրինակ՝ ոչ սթափ վիճակում ավտովարման) արձանագրման դեպքերը:

Ավելին՝ կատարված աշխատանքներից տեսնում ենք, որ պարեկների աչքից չեն վրիպում ոչ միայն անբարեխիղճ վարորդները, այլ նաև խախտում կատարող հետիոտները և պաշտոնյաները՝ իրենց ընտանիքի անդամների հետ հանդերձ։ Նման պատկեր մենք չենք ունեցել ոստիկանության ինստիտուտի կայացման երկար տարիների աշխատանքի ընթացքում։

«Հակակադրային» քաղաքականություն

Այսինքն ստացվում է, որ Պարեկային ծառայությունը ոստիկանական մյուս ծառայություններից շատ ավելի լավ է կատարում ոստիկանական հիմնական գործառույթները, բայց, միևնույնն է, ծառայողների միավոր թվով տասնապատիկ ավելի շատ է կարգապահական տույժեր ստանում, քան մյուս ծառայությունները:

Ընդ որում, այս կարգապահական տույժերից գրեթե բոլորը ձևական խախտումների համար են: Եվ դա, երբեմն, հասնում է անհավատալի անհեթեթության:

Այսպես, օրինակ, մի պարեկ, որը բացահայտել էր թմրանյութերի իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, չստացավ այդ բացահայտման համար հասանելիք պարգևավճարը, քանի որ մի տարի առաջ չնչին սխալ էր արել ՃԵԿ խախտումների արձանագրության հետ վարվելիս ու դրա համար Վահե Ղազարյանից ստացել էր տույժ:

Եվ այսպիսի դեպքերն ու օրինակները շատ են, որոնցով պարեկներին հստակ ուղերձ է հղվում, որ կարևորը ծառայության թղթաբանական ու բյուրոկրատական մասն է և ոչ՝ բովանդակությունն ու կանոնադրությամբ դրված սկզբունքները:

Սա, թերևս, ոստիկանության ամբողջ համակարգին (և անգամ այլ ուժայիններին), ցավոք սրտի, դեռևս Սովետական Միությունից մնացած հարազատ գործելաոճ է. ծառայելիս առաջնահերթություն տալ ոչ թե սկզբունքներին, այլ «թղթի վրա» ամեն ինչ նորմալ լինելուն:

Պարեկային ծառայությունն ի սկզբանե հիմնադրվում էր հակառակ կերպ: Բայց երբ հանցագործություններ բացահայտող ու ոստիկանի գործը շատ լավ անող տասնյակ ու հարյուրավոր պարեկներ Վահե Ղազարյանի հրամանով տույժի են ենթարկվում ֆորմալ խախտումների համար, դա դաս է լինում, որ առաջնայինը ոչ թե սկզբունքներն ու ծառայության որակն են, այլ ֆորմալիզմը:

Որպես արդյունք, բնականաբար, որոշ պարեկներ սկսում են ծառայելիս առաջնահերթություն տալ ֆորմալիզմին, չցուցաբերել նախաձեռնողականություն ու ծառայել «շառից-փորձանքից հեռու» ոճով՝ առանց բարդ ու վտանգավոր իրավիճակների մեջ մտնելու:

Բացթողումներ, որոնց համար ոչ ոք չպատժվեց

Պարեկային ծառայության ստեղծման ընթացքում ոստիկանության բազմաթիվ պաշտոնյաներ մի շարք բացթողումներ են արել, որոնց արդյունքում տուժել է Պարեկային ծառայության ռեֆորմը, լրացուցիչ ծախսեր է ունեցել պետական բյուջեն, տուժել է Հայաստանի միջազգային համբավը: Բայց այդ բացթողումների համար որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել:

Այսպես, օրինակ, որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել նրա համար, որ Պարեկային ծառայության Երևանի գունդն ու մարզային գումարտակները տարբեր պրոտոկոլով ու տարբեր հաճախականությամբ ռադիոկապ ունեն ու միմյանց հետ չեն կարողանում կապվել:

Որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել նրա համար, որ որոշ սարքավորումների՝ ԱՄՆ գործընկերներին ուղարկված տեխնիկական պահանջները սխալ են գրվել, ու դրա արդյունքում ստացված սարքավորումները պահեստում «փոշի են հավաքում», իսկ դրանց փոխարեն նորերը գնվել են Հայաստանի հարկատուների հաշվին:

Որևէ մեկը նաև պատասխանատվության չի կանչվում նրա համար, որ Պարեկային ծառայության մեքենաների վերանորոգումը տևում է ամիսներ (վթարված «Տոյոտաների» 52 տոկոսի վերանորոգումը տևում է 5 ամսից ավել), քանի որ ԱՊՊԱ-ից ստացված գումարը չի փոխանցվում սերվիս-կենտրոններին:

Եվ այսպիսի օրինակները շատ են: Օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ պարեկայինի ռեֆորմին խանգարած ոստիկանության պաշտոնյաները մնում են անպատիժ, իսկ մանր ու ձևական խախտումներ արած պարեկներն անխնա պատժվում են:

Թվերից ակնհայտ է դառնում, որ Վահե Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանական համակարգը, այժմ արդեն՝ Ներքին գործերի նախարարության անունից դիմադրում է ոստիկանական բարեփոխումների արդյունքում ներդրված Պարեկային ծառայությանը։ Սկզբունքային և որակյալ ոստիկանական ծառայություն իրականացնելը մղվում է երկրորդ պլան՝ առաջ բերելով «շառից-փորձանքից հեռու» ու «թղթի վրա ամեն ինչ մաքուր է» կարգախոսները։

Դանիել Իոաննիսյան և Լիլիթ Ղազարյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող