Պարեկայինը Լոռիում ու Շիրակում. բացահայտման 14-ապատիկ աճ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Երևանում ոստիկանության նոր Պարեկային ծառայության գործարկումից՝ 2021 թ․ հուլիսից ի վեր ոստիկանական բարեփոխումների համատեքստում դինամիկ փոփոխություններ և թարմացումներ են տեղի ունենում, որոնք արդեն իսկ դրականորեն են ազդել ավելի ուշ մարզերում Պարեկային ծառայության ներդրման գործընթացի վրա։

Պարեկային ծառայության ներդրման գործընթացում երկրորդ տարածաշրջանը Լոռու և Շիրակի մարզերն էին, որտեղ Պարեկային ծառայության գումարտակները գործարկվեցին Հայաստանի ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին։

Պարեկային ծառայողների ընդունելության կարգում և կրթական ծրագրերում մի շարք փոփոխություններ էին տեղի ունեցել՝ հիմնված Երևանում Պարեկային ծառայության ներդրման ժամանակ կուտակված փորձի վրա: Մասնավորապես, Լոռու և Շիրակի մարզերի պարեկները հնարավորություն են ունեցել գործնական դասընթացներ անցնել ոստիկանական տարբեր իրավիճակների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել էին Պարեկային ծառայության առօրյային և պրակտիկա անցել Երևանի գնդի պարեկների հետ:

Փոխվել էին նաև հարցազրույցների հանձնաժողովների անհատական կազմերը․ դրանցում «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով ներառվել էին նաև Պարեկային ծառայության ներկայացուցիչներ։

Պարեկների կրթական ծրագրերում երթևեկության և քաղաքացիների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ նոր դասաժամեր են ավելացվել, ինչի արդյունքում պարեկներն ավելի պատրաստված են եղել դաշտում հանդիպող իրավիճակներին։

Ոստիկանական բարեփոխումների շրջանակներում Պարեկային ծառայության արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով Լոռու և Շիրակի մարզերում Պարեկային ծառայության առաջին 6 ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները համեմատել ենք տարածաշրջանի նախկին ոստիկանական ծառայությունների ստորաբաժանումների աշխատանքի արդյունքների հետ։

Լոռու և Շիրակի պարեկային գումարտակների կատարած աշխատանքը՝ թվերով

ՀՀ ոստիկանությանն ուղղված հարցումների միջոցով համեմատել ենք Շիրակի և Լոռու Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակակետային ծառայության՝ 2021 թ․ ապրիլի 16-ից հոկտեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների արդյունքները 2022 թ․ նույն ժամանակահատվածում Պարեկային ծառայության կատարած աշխատանքի արդյունքների հետ:

Մասնավորապես, աշխատանքների տեսանելի համեմատության համար վերցրել ենք հայտնաբերված հանցագործությունների և հետախուզվող անձանց հայտնաբերման քանակը և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի մասին  տեղեկությունները։

Լոռու և Շիրակի մարզերում հետախուզվող անձանց և հանցագործությունների հայտնաբերման քանակի մասին

Շիրակի մարզի պարեկային ծառայողների կողմից այս տարվա հոկտեմբերի 16-ի դրությամբ արդեն իսկ հայտնաբերվել է 116 հանցագործության դեպք, հետախուզվող անձինք չեն հայտնաբերվել։

Մինչդեռ ՊՊԾ Շիրակի մարզի ծառայողները 2021 թ․ ապրիլի 16-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ընդամենը 8 հանցագործություններ։ 2021 թ․ այս ամիսներին ՊՊԾ ծառայողները նույնպես չեն հայտնաբերել հետախուզվող ոչ մի անձի։

Անդրադառնալով Լոռու մարզի ոստիկանական ծառայությունների փորձին՝ ստացել ենք հետևյալ պատկերը․ այս տարվա հոկտեմբերի 16-ի դրությամբ Լոռու պարեկների կողմից հայտնաբերվել է 148 հանցագործության դեպք և 3 հետախուզվող անձ։

Թվերը անհամեմատելի են Լոռու մարզի ՊՊԾ ծառայողների 2021 թ․ նույն 6 ամիսների հետ՝ ընդամենը 11 հայտնաբերված հանցագործության դեպք և 0 հետախուզվող։

Հատկանշական է, որ մեր ստացած տվյալներով՝ Ճանապարհային ոստիկանության Լոռու և Շիրակի մարզային վաշտերի ծառայությունների կողմից 2021 թ․ ընտրված ժամանակահատվածում հանցագործությունների դեպքեր և հետախուզվող անձինք ընդհանրապես չեն հայտնաբերվել։

 

Բոլոր տվյալները միասին համադրելով՝ ստանում ենք նախորդ տարվա վեց ամիսների ընթացքում 19 հայտնաբերված հանցագործություն և 0 հետախուզվող՝ Լոռու և Շիրակի մարզերում ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողների կողմից։ Մինչդեռ այս տարի Պարեկային ծառայությունն իր տվյալներով գերազանցել է ոստիկանության նախկին ծառայությունների նույն 6 ամիսների աշխատանքը գրեթե 14 անգամ կամ մոտ 1500 տոկոսով։

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մասին

Պարեկային ծառայությունն առաջ է նաև ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու հայտնաբերված դեպքերի քանակով։

2021 թ․-ի ծառայության նույն 6 ամիսների՝ ապրիլի 16-ից հոկտեմբերի 16-ի ընթացքում ՃՈ-ն Շիրակի մարզում հայտնաբերել է ոչ սթափ վիճակում վարելու ընդհանուր 177 դեպք։ Մինչդեռ Պարեկային ծառայությունն այս տարվա ապրիլ-հոկտեմբեր ամիսներին գրանցել է ընդհանուր 443 դեպք։

Լոռու մարզում ՃՈ ծառայողները նախորդ տարվա դիտարկվող ժամանակահատվածում հայտնաբերել են ոչ սթափ վիճակում գտնվող ընդհանուր 166 վարորդների։ Իսկ արդեն Պարեկային ծառայության այս տարվա նշված 6 ամիսների տվյալներով՝ ոչ սթափ վիճակում երթևեկողների ընդհանուր քանակը 457 է եղել։

Վերը նշված ցուցանիշներն ավելի ակներև են հետևյալ գրաֆիկում, որտեղ երևում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերման դինամիկան՝ ըստ դիտարկվող ժամանակահատվածների յուրաքանչյուր ամսի։

 

Այսպիսով, հայտնաբերված ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների թվով նույնպես Պարեկային ծառայությունը գերազանցում է Լոռու և Շիրակի նախկին ոստիկանական ծառայություններին՝ ունենալով ընդհանուր 900 դեպք, մինչդեռ նախորդ տարվա համապատասխան տվյալները շուրջ երեք անգամ ցածր են՝ 343 հայտնաբերված դեպք։

Ցուցանիշները փաստում են, որ Պարեկային ծառայության խիստ աշխատանքի արդյունքում Լոռու և Շիրակի մարզերում ճանապարհատրանսպորտային անվտանգության մակարդակը արդեն իսկ տեսանելիորեն բարձրացել է։

Ինչպես Երևանի, այնպես էլ Լոռու և Շիրակի պարեկային ծառայողներն իրենց ծառայության առաջին իսկ կիսամյակում ցույց են տալիս հանցագործությունների հայտնաբերման ավելի բարձր մակարդակ, որը հավաստում է ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Պարեկային ծառայության ներդրման արդյունավետությունը։

Լիլիթ Ղազարյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: