«Նրա վրա «բառիգի» հոդված են դրել, բայց նա բառիգ չի»․ «Համերի» հետագիծը

Քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է, և փետրվարի 10-ին Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած արտառոց պատահարի վարորդը՝ Արարատ քաղաքի 25 տարեկան բնակիչ Գեղամ Սահրադյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին երեկ հայնեց Քննչական կոմիտեն։

Արդյո՞ք քննության առարկա են դարձել Հրապարակում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  կրակոցներ արձակած ոստիկանների գործողությունները։ ՆԳ նախարարութունից հայտնում են, որ ծառայողական քննություն է սկսվել միջադեպի կապակցությամբ։ Իսկ քննչական կոմիտեից Forrights.am-ի հարցին ի պատասխան նշում են․

«Այս պահին քննությունը իրականացվում է միայն վարորդի գործողությունների մասով։ Ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը կարող է դառնալ քննության առարկա’ առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու, կամ այդ մասին պատշաճ կերպով հանցագործության մասին հաղորդում  ստանալու պարագայում»։

Գեղամ Սահրադյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար /քրեական օրենսգրքի 264, 297, 396, 452-րդ հոդվածներով/։ Նա հրաժարվել է հանրային պաշտպանից։ Նրա մոտ խուզակության ժամանակ հայտնաբերվել է մեթանֆետամին, որը համարվում  է բարձր վտանգավորության հոգեխթանիչ և կարող է առաջացնել փսիխոզներ, գլխուղեղի ֆունկցիայի խանգարումներ, այլ ծանր պաթոլոգիաներ։

Ընտանիքը փորձել է այցելել Գեղամին, սակայն նրա հետ տեսակցությունները արգելված են։ «Այդ դեղը որ ընդունում է, մի քանի օր վատ վիճակում է լինում։ Իսկ եթե չի ընդունում, ցավեր է ունենում, 3-4 օր ոսկորները ցավում են, իսկ որ օգտագործում է, մտնում է, գրում է Նիկոլին, բոլորին։ Իրենք գնում էին նարկոդիսպանսեր, դեղեր էր ընդոււնում, մեթադոն, 1-2 ամիս չէր օգտագործում թմրանյութ, ու էլի սկսում էր օգտագործել», — Գեղամի վիճակը ներկայացնում  է նրա եղբայրը՝ Ֆելիքս Սահրադյանը։

Նա համաձայն չէ մեղադրանքի հետ։ «Նրա վրա «բառիգի» հոդված են դրել, բայց նա տարածող չի եղել երբեք։ Եղբայրս հիվնադ է։ Անգամ օրինական նարկոդիսպանսերից մեթադոն էր ստանում։ Հայրիկս հետը տանում էր, դեղը ստանում էին, հետ էր բերում, մտածում էինք, որ գոնե այդպես մնացած վատ բաները չի անի։ Ժամանակին նա դանակահարության փորձեր է արել հոգեւորականի նկատմամբ, տարել են բաժին,  մի երկու ժամ պահել են, բաց են թողել։ Մայրս նույնիսկ քանի անգամ զանգել է Արարատի, Վեդիի ոստիկանական բաժանմունքներ, ասել է, որ նա թմրանյութ է օգտագործում, վտանգավոր է դառնում, վատ վիճակում է լինում։ Բայց ոստիկանները ոչինչ չեն արել, թողել են, որ հասնի էս վիճակի»,  — ասում է Գեղամի եղբայրը՝ Ֆելիքս Սահրադյանը։

Պարզվում է, Գեղամը անձնական խնդիրներ է ունեցել հուսահատության պահին, հորից թաքուն վերցրել է նրա «Համեր” մակնիշի ավտոմեքենան, դեպքի օրը՝ փետրվարի 10-ին առավոտից կորել է, և երեկոյան միայն, թմրանյութ օգտագործած վիճակում հայտնվել է Հանրապետության Հրապարակում, արդեն բազմաթիվ տեսախցիների օբյեկտիվում, սոցցանցերի թիրախում, որոնց օգտատերերից ոմանք նույնսիկ երիտասարդին սպանելու կոչեր էին անում։

Բացառություն  չէր նաև ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը մեկնաբանություններից մեկում գրել էր․  «Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»:

Ոստիկանության նախկին ծառայող, քննիչ, իսկ ներկայում փաստաբան Հովիկ Արսենյանը համարում է, որ  ՆԳ  առանձին  աշխատողների և պարեկների գործողությունները “Համերի” վնասազերծման ընթացքում չեն եղել ոչ պրոֆեսիոնալ։

«Թորոսյան Արսենը ասում  է՝ գնդակահարել, էհ, հետ՞ո։ Կարելի է սպանել, կրակել մարդու վրա, նա այնպիսի հանցագործություն չի արել, որ այդպես վարվեին։ Շատ սրտացավ, պատասխանատու  մոտեցում են հանդես բերել պարեկներն ու ոստիկանները։ Թմրանյութի ազդեցության տակ, հոգեկան առումով շեղված վիճակում  անձնավորության  հետ շատ բարդ է։ Նրանք չէին կարող ենթադրել, մտածել, որ մեքենան կարող է կանգնել, էդքան ոստիկաններ հավաքված, հանկարծ մեքենայի վարորդը տեղից կշարժվի, առանց հաշվի առնելու իր անվտանգությունը»։

Այսինքն՝ դուք չե՞ք տեսնում նրանց գործողություններում ոչ արհեստավարժ վարքագիծ։  «Ոչ։ Ինչ վերաբերոմ է պարեկներին, ինչ ճիշտ է, ճիշտ է՝ այդ պարեկների ստորաբաժանումն իրեն ավելի լավ է դրսևորւմ, քան այն ժամանակվա ճանապարհային ոստիկանությունը։ Շատ անգամ ավելի  հումանիստ են ու լոյալ, բարյացկամ։ Ես դա տեսնում եմ։ Սկսել են ծաղրել, որ Համմերի վարորդի հետ այդպես վարվեցին, նա կարողացավ փախուստի դիմել, և այլն։ Ի՞նչ էին առաջարկում։ Որ  իրենք լինեին, ինչպե՞ս պետք է վարվեին»։

Fօrrights.am-ը ոստիկանների և պարեկների գործողութունների շուրջ զրուցեց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ, որը ոստիկանական բարեփոխումների ակունքներում էր, սակայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանի նշանակումից հետո ի նշան անհամաձայնության, 2 այլ ՀԿ-ների հետ դուրս եկավ այդ խորհրդից։

«Առերևույթ ես չեմ տեսնում իրավունքի խախտում, բայց դա չի նշանակում, որ չկա», ասաց նա, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում միակողմանի լուսաբանումը, կրակել-սպանելու կոչերը, հիվանդ տղային առանց որևէ ներկայացուցչի կալանքի տանելն ու առանց բուժելու բերդ ուղարկելը։

«Եթե մարդն ունի լուրջ կախվածություն, բուժման կարիք, նրան պետք է նախևառաջ բուժել, հետո միայն պատժել։ Ինչ վերաբերում  է կրակելու իրավաչափությանը, այսինքն՝ որ կրակեին թիրախային խոցման համար, ոչ թե անվադողերին, ինձ թվում է, որ այն պահից, երբ որ երիտասարդը վրաերթի ենթարկեց պարեկային ծառայության վաշտի հրամանատարին, գուցեև կարող էր  իրավաչափ լինել։ Ամեն դեպքում՝ լավ է, որ դա տեղի չունեցավ և լավ է, որ այդ դեպքի արդյունքում չեղան վիրավորներ և զոհեր»։

Առնչվող