- 11 Մայիսի, 2016
- Օգտակար նյութեր, Ընտրություններ
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվել է այդ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
25 էջանոց փաստաթղթի հիմնական մասը առաջարկություններն են, որոնք տվյալ դեպքում, թվով 8-ն են (3 հիմնական և 5 լրացուցիչ):
Ստորև ներկայացնում ենք փաստաթղթի այդ հատվածի թարգմանությունը՝
«14. Առաջարկվում է անդրադառնալ հետևյալ առանցքային կետերին՝
Ա) Օրենսգրքի նախագիծը սահմանում է սահմանափակումներ և վերջնաժամկետներ կոալիցիաներ կազմելու համար ընտրությունների առաջին փուլից հետո: Այս դրույթները անհարկի սահմանափակում են քաղաքական կոալիցիա ստեղծելու հնարավորությունը՝ որպես Սահմանադրությամբ պահանջվող «կայուն մեծամասնություն» ապահովելու միջոց: Առաջարկվում է վերանայել կոալիցիայում մասնակիցների քանակին առնչվող սահմանափակումները և երկարացնել ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը:
Բ) Մտահոգությունները՝ կապված ընտրական ցուցակների ճշգրտության և դե ֆակտո արտասահմանում գտնվող ընտրողների փոխարեն քվեարկելու հետ հանդիսանում են ընտրությունների օրվանից հետո ցուցակները հրապարակելու՝ քաղաքացիական հասարակության կողմից արդեն վաղուց հնչեցվող կոչերի հիմքը: Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը առաջացնում է մի շարք մտահոգություններ՝ կապված տեղեկատվության գաղտնիության հետ: Քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգությունները կարծես գոնե մասամբ արտահայտվել են օրենսգրքի նախագծի միջանկյալ տարբերակում՝ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները հասանելի դարձնելու հնարավորության միջոցով: Հաշվի առնելով տվյալների պաշտպանության և քվեարկության գաղտնիության միջև բալանս ապահովելու կարևորությունը, մի կողմից, և շահագրգիռ կողմերի՝ ընտրողների ստորագրված ցուցակները ուսումնասիրելու հետաքրքրությունը, մյուս կողմից՝ առաջարկվում է թույլատրել ընտրողների ստորագրված ցուցակների խելամիտ ուսումնասիրում շահագրգիռ կողմերի կողմից հատուկ պայմաններում՝ որպես վստահություն կառուցելու միջոց:
Գ) Օրենսգրքի նախագիծը նախատեսում է նոր տեխնոլոգիաների ներմուծում՝ կապված ընտրողների գրանցման և նույնականացման հետ: Մենք ողջունում ենք այն, որ ընտրողների գրանցման և նույնականացման փաստերին անդրադարձ կա, բայց պետք է ապահովել նոր տեխնոլոգիաների պատշաճ կիրառում: Հատկապես հաշվի առնելով հաջորդ ընտրությունների կայացումը առաջիկայում և ընտրական գործընթացների հանդեպ վստահություն կառուցելու կարիքը՝ առաջարկվում է մանրամասն ուսումնասիրել մի շարք հարցեր, ներառյալ նոր դրույթների ներդաշնակեցումը ներկայիս տվյալների պաշտպանության մասին օրենքների և չափորոշիչների հետ, գնման պատշաճ ընթացակարգերի կիրառումը, սարքավորումների հանրային փորձարկման և սերտիֆիկացիայի ապահովումը, չնախատեսված իրավիճակների պլանավորման երաշխավորումը, ընտրական հանձնաժողովի անդամների համար բավարար թրեյնինգի ապահովումը, և ընտրողների ու քաղաքական կուսակցությունների շրջանում արդյունավետ կերպով իրազեկվածության բարձրացման ապահովումը: Այսպիսի տեխնոլոգիաների ներմուծման հանդեպ աստիճանական մոտեցումը (պիլոտային կիրառման շարքերի միջոցով) կարող է համակարգի հանդեպ վստահության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ իրագործմանը առնչվող տեխնիկական խնդիրներին անդրադառնալու հնարավորությունների ապահովման միջոց հանդիսանալ: Նախնական պիլոտային կիրառումներ կարող են իրականացվել, օրինակ, գալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում:
- Լրացուցիչ առաջարկությունները ներառում են՝
Դ) Օրինագծի նախագիծը քաղաքացի դիտորդների նկատմամբ սահմանում է սահմանափակումներ, որոնք կարող են խոչընդոտել վերջիններիս գործունեությունը և վնասել ընտրական գործընթացի թափանցիկությանը: Առաջարկվում է հանել քաղաքացի դիտորդների պարտադիր սերտիֆիկացմանը և թեստավորմանը վերաբերող դրույթը, ինչպես նաև հանել պահանջը առ այն, որ քաղաքացի դիտորդական կազմակերպությունների կանոնադրությունները ընտրություններից առաջ երեք տարի ուժի մեջ լինեն, քանի որ սա կզրկի նոր կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից:
Ե) Օրենսգիրքը պետք է երաշխավորի ընտրական հանձնաժողովների կազմավորման անկախությունը՝ հատկապես ապահովելով, որ նախագահի կողմից Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամներ նշանակելու լիազորությունները (եթե Ազգային ժողովին չի հաջողվում ընտրել) իրականացվեն բոլոր խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա, և պարզաբանելով մանդատի վաղաժամկետ ավարտի ընթացակարգը:
Զ) Թեև օրենսգրքի նախագիծը բարելավում է թեկնածուների ցուցակների նախկին գենդերային քվոտան՝ այն 20 տոկոսից դարձնելով 25, սա կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ: Առաջարկվում է, որ օրենսգրքի նախագիծը ապահովի կանանց ներկայացվածության ավելի արդյունավետ քվոտա, օրինակ կին թեկնածուների անունները ամեն երկու կամ երեք թեկնածուի արանքում դնելով:
Է) Հատկապես հաշվի առնելով ընտրական համակարգի լայնամասշտաբ փոփոխությունները՝ օրենսգրքի նախագիծը կշահի, եթե պարզեցվեն և պարզաբանվեն քվեարկելու, ձայների հաշվարկի և արձանագրության կազմման, ինչպես նաև ընտրության արդյունքների որոշման ընթացակարգերը: Սա ևս կպահանջի լայնամասշտաբ թրեյնինգ ընտրական հանձնաժողովների անդամների համար, ինչպես նաև ընտրողների համապարփակ կրթում ընտրություններից բավականին ժամանակ առաջ, որպեսզի ապահովվի ընթացակարգի ավելի լավ ընկալում և ավելի բարձր հանրային վստահություն:
Ը) Ընտրական բարեփոխումները պահանջում են լայն հանրային քննարկումներ, որպեսզի խրախուսվի մասնակցություն գործընթացում և ընտրության արդյունքների ճանաչում: Օրենսգրքի վերջնական փոփոխությունները պետք է ապահովեն խելամիտ համատեղ աշխատանք բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի հետ՝ նոր օրենսգրքի հետ լայնամասշտաբ համաձայնություն և աջակցություն խրախուսելու համար: »
Փաստաթուղթն ամբողջությամբ՝ այստեղ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»