Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները

Ձեզ ենք ներկայացնում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հոդվածը «Անալիտիկոն» հանդեսում

Փետրվարին հայտնի դարձավ, որ Հայաստանը 2022 թվականին նահանջ է գրանցել պետություններում կոռուպցիայի չափման ամենաճանաչված ու հեղինակավոր ցուցանիշով՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կոռուպցիայի ընկալման համաթվով` ստանալով 46 միավոր (նախկին 49 միավորի համեմատ): Փորձենք ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը Հայաստանում, բայց, նախքան դա, քննարկենք այդ թիվը:

Համաթիվը

Կոռուպցիայի ընկալման համաթիվն արդեն մի քանի տասնամյակ գործող ցուցանիշ է, վերջին անգամ դրա հաշվարկման մեթոդաբանությունը վերանայվել է 10 տարի առաջ՝ 2012 թվականին: Ի հեճուկս որոշ մարդկանց պատկերացումների՝ համաթիվը կապ չունի լայն հանրության կողմից կուռուպցիայի ընկալման վիճակի հետ: Այն 6 այլ միջազգային հեղինակավոր ցուցանիշների հանրագումարն է, որը հնարավորություն է տալիս ոչ այնքան գնահատել կոռուպցիայի վիճակը, որքան այդ վիճակի փոփոխությունը ժամանակի մեջ:

Նախքան 2018-ի հեղափոխությունը Կոռուպցիայի ընկալման համաթիվը միշտ տատանվում էր 35-ի շրջակայքում, բայց հեղափոխությունից հետո սկսեց շատ արագ բարելավվել: 2019 թվականին համաթիվը հասավ 42-ի, 2020-ին՝ 49-ի: 2021 թվականին, սակայն, այդ դրական դինամիկան կանգ առավ և ցուցանիշը մնաց 49-ի մակարդակում, իսկ 2022-ին, ինչպես նշեցինք, այն վատթարացավ՝ հասնելով 46-ի:

Հատկանշական է, որ 2019 թվականին գործադիրի կողմից ընդունված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումները» ծրագրի համաձայն՝ կոռուպցիայի կանխարգելման մասով բարեփոխումները հաջողված պետք է համարվեին, եթե 2022 թվականին Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 55 միավոր ունենար։ Այսինքն, հենց գործադիրի սահմանած չափանիշով կոռուպցիայի կանխարգելման մասով բարեփոխումները հաջողված չեն:

Համաթվի վատթարացումը բուռն քննարկումների առարկա դարձավ: Հարցը նախ քննարկվեց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հետո Կառավարության նիստին հրավիրվեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը, որից հետո (երկար ընդմիջումից հետո) գումարվեց հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Բայց այդ քննարկումների ժամանակ այդպես էլ չտրվեց մի հանգուցային հարցի պատասխան՝ ինչո՞ւ է կոռուպցիայի ընկալման համաթիվը աճելու փոխարեն նվազել:

Սև ու սպիտակ չէ

Հայաստանում կոռուպցիայի մասին խոսույթները, որոշակի առումով, ծայրահեղություններում են: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ամեն ինչ լավ է, ընդդիմության ղեկավարներն էլ փորձում են տպավորություն ստեղծել, որ իրականում ամեն ինչ ավելի վատ է, քան հեղափոխությունից առաջ: Ընդ որում, երկու կողմերն էլ ունեն փաստարկներ:

Մի կողմից, իրոք, աննախադեպ վիճակ է, կոռուպցիայի համար բանտում են նստած անգամ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ: Իրավապահները կոռուպցիայի համար ձերբակալում են գործող (Արտակարգ իրավիճակների) նախարարի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի, փոխնախարարների և այլն: Այսպիսի վիճակ, մեղմ ասած, ամեն երկրում չէ, որ կհանդիպես։ Ընդ որում, հարկ է նշել, որ   խոսքը չի վերաբերում նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ առկա կոռուպցիոն գործերին ու բռնագանձվող ապօրինի հարստությանը:

Բայց, մյուս կողմից էլ, տեսնում ենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվում անարդարադատությունը ու քաղաքական հետապնդումները մարմնավորած Մնացական Մարտիրոսյանը, նույն Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվում բյուջեից կեղծ գործուղումների միջոցով մոտ 6 միլիոն դրամ գրպանած (ու բռնվելուց հետո վերադարձրած) Խաչիկ Ղազարյանը և այլն: Ակնհայտ է, որ այսպիսի մարդիկ չեն կարող արժեքային ընդհանրություններ ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի հետ:

Նման իրարամերժ իրավիճակները շատ են: Դրանք առկա են նաև առանձին ոլորտներում: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի դե-ֆակտո հովանու ներքո ստեղծվում է Պարեկային ծառայությունը, որի համար բոլոր քաղաքացիները պետք է օրենքի առջև հավասար լինեն (ինչը սկզբում լավ էլ գործում էր), բայց հետո Ներքին գործերի նախարար է նշանակվում մի մարդ, ով ճիշտ հակառակ հրահանգներն է տալիս համակարգին:

Հակասությո՞ւն

Այստեղ ընթերցողն արդարացիորեն կարձանագրի, որ հակասություն կա: Ո՞նց կարող է նույն կառավարությունը դատել կոռուպցիոներներին, բայց, միևնույն ժամանակ, նրանց նշանակել դատական կարևոր պաշտոնների: Կամ՝ ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը կամենալ, որ պարեկի համար բոլոր վարորդները հավասար լինեն, եթե նախարար է նշանակում հակառակ հրահանգներ տվող մեկին:

Չփորձելով արդարացնել ակնհայտ սխալները՝ ասեմ, որ հակասություն այնքան էլ չկա և, ցավոք սրտի, ամեն ինչ ավելի խճճված է:

Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ դիտարկել զուտ «վերևից եկող» հրահանգների կամ ընդունվող օրենքների սահմաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել «շրջակա» միջավայրն ու դրա ազդեցությունը… Հակառակ դեպքում կարելի էր պարզապես կրկնօրինակել Շվեդիայի օրենսդրական դաշտը և ապրել երջանիկ ու երկար կյանքով:

Կոռուպցիայի դեմ պայքարի վրա ազդող արտաքին գործոնները շատ են, բայց դրանցից ես կառանձնացնեի անվտանգության (արտաքին) մարտահրավերները, կարծրացած ավանդույթները և մարդկային ռեսուրսները (անգրագիտությունը):

Արտաքին մարտահրավերները

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չեն ազդում կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Բայց իրականությունը, ցավոք, այլ է:

Գնահատելով արտաքին սպառնալիքները (օրինակ, ապակայունացման դեպքում ռուսական ազդեցությամբ հեղաշրջման հնարավորությունը)՝ իշխանությունները նախընտրում են շատ չփչացնել հարաբերությունները «թեթևակի» կոռումպացված շրջանակների հետ, որ հնարավոր հեղաշրջման դեպքում այդ բոլոր շրջանակները չմիավորվեն իշխանության դեմ:

Նման վառ օրինակ, թերևս, ոստիկանության համակարգն է, որտեղ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո որոշվեց նշանակել այնպիսի ղեկավարի, որի ենթակայության տակ բոլոր կոռուպցիոներներն իրենց առավել հարմարավետ են զգում, իսկ կոռուպցիոն ավանդույթներին էլ հակազդեցություն չկա: Կարծիք կա, որ եթե Լաչինի միջանցքը չփակվեր, Նիկոլ Փաշինյանը չէր խուսափի ոստիկանական համակարգն արմատապես փոխելու ու հարմարավետության գոտուց հանելու պլաններից:

Իհարկե, եթե ժամանակին քաղաքական դաշտում առկա հայտնի կոռուպցիոներները դատվեին, ապա հիմա որևէ մեկը չէր վախենա, որ Ռուսաստանը կարող է այդ մարդկանց միջոցով հեղաշրջում անել: Բայց այդ մարդիկ «իդեալական» ընդդիմություն էին ՔՊ-ի համար, քանի որ նրանց ֆոնին (նրանց դեմ) է հանրությունը քվեարկել ու վերաքվեարկել ՔՊ-ի օգտին:

«Ավանդույթներ»

Կոռուպցիայի կանխարգելումը, չկոռումպացվելը և կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում են համապատասխան հանրային աջակցություն, որը մեր երկրում կա միայն վերացական մակարդակում: Մենք բոլորս միաբերան ասում ենք, որ կոռուպցիան վատ բան է, մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրան հավատում է, բայց մեզանից քանի՞սն են պատրաստ պաշտոնյա լինելու դեպքում մեր ընկերոջը, ընտանիքի անդամին կամ բարեկամին ասել՝ «ոչ»… Շատ քչերը:

Իրոք, չափազանց քիչ են այն պաշտոնյաները, որոնք կարողանում են մերժել իրենց հարազատների մանր ու մեծ խնդրանքները: Եվ, երևի, էլ ավելի քիչ են պաշտոնյաների այն հարազատները, որոնք որևէ կերպ չեն փորձում օգտվել իրենց խնամու, ծանոթի կամ բարեկամի կարգավիճակից:

Դա կարող է արտահայտվել սկսած ինչ-որ պետական մարմնում հերթը «առաջ տալով», կամ երթևեկության կանոնի խախտման համար չտուգանվելով, կամ պետական մրցույթի տեխնիկական առաջադրանքում նպաստավոր փոփոխություններ կատարելով, առանց արժանիքների որոշակի պաշտոնի նշանակելով, կամ էլ, ասենք, քրեական գործ «քնեցնելով»:

Ընդ որում, այստեղ նույնիսկ խոսք էլ չկա այն մասին, որ արևմտյան երկրներում ցանկացած հանցագործության բացահայտման հիմնական աջակցողը վկաներն են, իսկ Հայաստանում համարյա ոչ ոք չի գնա իրավապահ մարմինների դուռը թակի ու փոխանցի իրեն հայտնի դարձած հանցագործության (կոռուպցիոն հանցագործության) մասին:

Մարդկային ռեսուրսներ

Պետական լավ մարմին ստեղծելու կամ ունենալու համար անհրաժեշտ են կադրեր՝ մարդիկ, իրական մարդիկ, որոնք ոչ միայն տեղի չեն տալիս վերոնշյալ «ավանդույթներին» ու կոռուպցիայի գայթակղությանը, այլ նաև իսկապես կոմպետենտ են:

Եվ այստեղ դժվար է գնահատել, թե որ կադրերն են ավելի քիչ` ամբողջությամբ բարեվա՞րք, թե՞ կրթված-կոմպետենտ կադրերը: Բայց հստակ է, որ յուրաքանչյուր ոլորտում բարեվարք ու կոմպետենտ կադրերը ծայրաստիճան քիչ են: Ընդ որում, եթե դրան էլ գումարենք իշխանությունների ոչ այնքան հաջողված կադրային քաղաքականությունը, ապա պատկերն էլ ավելի տխուր կլինի:

Եվ այստեղ իշխանությունը «ստիպված» գնում է կոմպրոմիսների: Այսպես, օրինակ, երբ քննարկվում էր Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Հակակոռուպցիոն դատարանում (առաջ ընկնելով նշենք, որ Մարտիրոսյանը հետո տեղափոխվեց Քրեական դատարան), իշխանության ներկայացուցիչները կուլիսներում նշում էին Մարտիրոսյանի կոմպետենտությունը և ասում էին, որ անհրաժեշտ է դատավոր, որը կկարողանա կուլ չգնալ կոռուպցիոներների թանկանոց փաստաբաններին:

Նույն տրամաբանությունը գործում է այլ նշանակումների ժամանակ, երբ գործ չանող «բարեխիղճ» պաշտոնյայի ու գործ անող անբարեխիղճի միջև ընտրվում է երկրորդը: Մինչդեռ կան մասնագիտական պատրաստման տարբեր մեխանիզմներ, որոնք աշխարհի շատ երկրներում բարեհաջող կերպով փորձարկված են: Բայց մասնագիտական պատրաստություն անցնելու համար պետք են հանրակրթության բավարար մակարդակ ունեցող մարդիկ, որոնք մեր հասարակությունում, ցավոք, քիչ են:

Չխորանալով կրթության համակարգի խնդիրների մեջ՝ պետք է նշել, որ որոշ ոլորտներում խնդիրը նաև վարձատրությունն է: Այսպես, օրինակ, մեր օրերում բարձրորակ փաստաբաններն ամսական մի քանի միլիոն դրամ են վաստակում` դատավորից մի քանի անգամ ավելի շատ: Եվ այդ պայմաններում եթե կոռուպցիայով զբաղվելու մտադրություն չկա, ապա շատ փոքր է փաստաբանի փոխարեն ավելի ցածր վարձատրվող ու բարձր պատասխանատվությամբ դատավորի կարիերան ընտրելու մոտիվացիան:

Այսպիսով

Նշված խնդիրների մի մասը օբյեկտիվ է, մյուս մասը՝ սուբյեկտիվ, բայց կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի կանխարգելման ու արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծման համար այս խնդիրները շատ էական են:

Իհարկե, կոռուպցիային հակազդելու քաղաքական կամքը խիստ անհրաժեշտ նախապայման է, բայց այն դեռևս բավարար չէ արագ ու մեծ հաջողությունների արձանագրման համար, քանի որ միջավայրը, ինչպես նշեցինք, թելադրում է իր «կանոնները»:

Միևնույն ժամանակ, չի կարելի բոլոր տեսակի խնդիրները վերագրել միջավայրին: Շատ կարևոր է, որ քաղաքական իշխանությունները միջոցներ ձեռնարկեն այդ միջավայրի (ու դրա թվարկված բաղադրիչների) փոփոխության ուղղությամբ:

Առնչվող