Դանիել Իոաննիսյանը Ջրառատի դեպքերի մասին․ Ազատություն

«Փաստորեն մենք էլ էինք միամիտ, երբ որ մտածում էինք, որ ընտրություններն իրապես կլինեն այնպես, ինչպես խոստանում էին իրականում՝ խաղաղ՝ առանց նմանմիջադեպերի», – երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնց ընթացքում, հիշեցնենք, կրակոցներ են հնչել, չորս մարդ մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Ազատություն». – Դանիել, Ձեզ ի՞նչ է հաջողվել արձանագրել, ի՞նչ է տեղի ունեցել։

Իոաննիսյան. – Նախ փորձենք հստակ արձանագրել, որ գյուղում տիրում է վախի մթնոլորտ։ Գյուղում երեկ չէ առաջին օրն են կրակոցներ եղել, այսօր են կրակոցներ եղել, բայց շատ դժվար է գյուղում գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնվեն ասել, որ կրակոցի ձայն են անգամ լսել։ Մարդիկ վախենում են խոսել։ Նախ համատարած վախի մթնոլորտ է, ընդ որում՝ այն մարդիկ, ովքեր, բնականաբար, «օֆ դը ռեքորդ», և, բնականաբար, պայմանով, որ իրենց անուն-ազգանունը ոչ մի տեղ չի հրապարակվելու, այդուհանդերձ խոսում են, այդ մարդիկ բավականին շատ զգույշ են արտահայտվում, ինչպես իրենք են ասում՝ «գեներալի» հասցեին։ Գեներալը դա Լևոն Երանոսյանն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայնվում էին խոսել, հաստատում էին միջադեպին Երանոսյանների մասնակցությունը:

«Ազատություն». – Նպատակը ընդդիմադիրներին լռեցնե՞լն է, ինչպես ընդդիմադիր «Օհանյան-Րաֆիի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքն է հայտարարում։

Իոաննիսյան. – Տեսեք, այսօրվա միջադեպը երեկ չէ առաջին օրվա միջադեպի շարունակությունն է. երեկ չէ առաջին օրվա միջադեպից հետո միգուցե Երանոսյաններին դուր չի՞ եկել, որ Լեռնիկ Երանոսյանին զինաթափել են ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները, և իրենք փորձել են վրեժ լուծել դրանով։ Ըստ ամենայնի, մեր հավաքած տեղեկությունները գոնե դրա մասին են վկայում։ Իսկ երեկ չէ առաջին օրվա միջադեպը հստակ կապված էր հավաքի հետ։ Բոլոր այն մանրամասները, որ մեզ հետ զրույցում ներկայացրել են ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները, վկայում են այդ մասին։ Ես ասեմ, որ զուգահեռաբար մենք փորձել ենք նաև զրուցել Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց, օրինակ, Արմեն Աշոտյանն ասեց, որ իրենք կարիք չունեն սա մեկնաբանելու։

«Ազատություն». – Ստվերվե՞ցին արդյոք Սերժ Սարգսյանի խոստացած անբիծ ընտրություններն այս միջադեպով։

Իոաննիսյան. – Ես հենց դրա մասին էի ուզում ասել, որ այն ընտրությունները, որոնք որ խոստանում էին իրականում, միգուցե մենք էլ էինք միամիտ, երբ որ մտածում էինք, որ ընտրություններն իրապես կլինեն գոնե առանց սենց միջադեպերի, գոնե խաղաղ, փաստորեն, մենք էլ էինք սխալվում, մենք էլ էինք միամիտ հավատում, որ այդպես կլինի, մենք տասը օր առաջ նաև Բրյուսելում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին ասում ենք, որ մենք կարծում ենք, որ այսպիսի միջադեպեր չեն լինի։ Այսինքն՝ անգամ մեր համար էր սա անսպասելի, անգամ մեզ համար էր սա անակնկալ։ Սա անակնկալ է նաև միջազգային հանրության համար, ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը ևս ուշադիր կհետևի այս միջադեպին։

Առնչվող