- 20 Մարտի, 2023
- Մամուլը մեր մասին
2021 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրվեց, վստահ էր, որ պաշտոնավարելու է մինչև ավագանու հերթական ընտրությունները։ Այդ դեպքում ի՞նչ եղավ, ինչո՞ւ ընտրություններից կես տարի առաջ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի աթոռը ժամանակավոր թողեց առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։
«Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև քաղաքական խզումը՝ վերացված, ես ավարտված համարելով իմ առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին»,- հայտարարեց Սարգսյանը։
Տպավորություն էր, որ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի տեքստն ընթերցում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի համար, որը սպասվող ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն է և, փորձագետների գնահատմամբ, քարոզարշավը սկսել է դեռ կես տարի առաջ՝ «Սուրմալու»-ում ողբերգության օրերից, երբ Factor TV-ի հարցին ի պատասխան հաստատեց՝ այդտեղ է որպես իշխող ուժի քաղաքապետի թեկնածու։ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը և խոսքը փոխանցեց նրան։
«Չնայած կարճ ժամանակ եք դուք եղել քաղաքապետ, բայց վստահ եմ՝ լինելու եք հիշված»,- ասաց Ավինյանը։
Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որն ընտրություններում գլխավորելու է «Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակը, ասում է՝ Սարգսյանի հրաժարականում ինտրիգ փնտրել պետք չէ, վստահ է՝ արդեն նախկին քաղաքապետը նեղացած չէ իշխանություններից։
38-ամյա Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու են և քննարկեն հետագա անելիքները։ «Այս պահի դրությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալը Հովհաննիսյանն է, և այդպես ենք շարժվում առաջ, այլ պլաններ չունենք։ Ուղղակի հավաքվելու ենք, որպեսզի մեր պլանները հստակեցնենք»,- ասաց Գալջյանը։
Նրա խոսքով՝ իշխող ուժի ծրագրերում նոր քաղաքապետ ընտրելու հարց չկա, քանի որ ավագանու հերթական ընտրություններն առջևում են։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ Լևոն Հովհաննիսյանը չի կարող մինչև աշուն քաղաքապետի լիազորությունները կատարել։ Ավագանին մեկ ամսվա ընթացքում պիտի ընտրի քաղաքապետ, հակառակ դեպքում՝ կլուծարվի։ Տիգրան Ավինյանը, սակայն, չի կարող ընտրվել քաղաքապետ ավագանու կողմից, որովհետև նա ավագանու անդամ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։