Գազամատակարարումն անխափան չէ, բարձրավոլտ գիծը չի նորոգվել․ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածությունների ճակատագիրը

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակած Ադրբեջանն ավելի քան տասն անգամ խափանել է Արցախ բնական գազի մատակարարումը։ 2023 թվականի հունվարի 9-ից այդ երկիրը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրական գծի աշխատանքը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ։

Անխափան գազամատակարարման և էլեկտրագծի վերականգնման հարցերը քննարկվել են Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին մեկ ամսում տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում, որոնց անմիջապես նախորդել էր Արցախի պետական նախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հրաժարականը։

Երկու հանդիպումն էլ կայացել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առաջին նման հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին․ Արցախի նախագահականից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են «Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր»։

Մասնավորապես, ըստ արցախյան կողմի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման և Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ։

Շրջափակման պայմաններում երկրորդ հայտնի նման հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին․ «Արցախպրեսին» Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնել էր, որ այդ հանդիպմանը ևս քննարկվել են Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնման ու բնական գազի անխափան մատակարարման հարցերը:

Սակայն ռուսական միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից մոտ մեկ ամիս անց էլ դրանք կյանքի չեն կոչվել․ ադրբեջանցիներն այդպես էլ չեն թույլատրել արցախյան կողմին վերանորոգել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարում ապահովող միակ բարձրավոլտ օդային գիծը։

Ավելին, մարտի 10-ին և 22-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց շրջափակման պայմաններում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումների մասին․ այն չի վերականգնվել առ այս պահը։

Կարդացեք նաև Եռակողմ հայտարարության կատարված ու չկատարված դրույթները հոդվածը:

Նանե Մանասյան

Առնչվող