Եռակողմ հայտարարության կատարված ու չկատարված դրույթները

Հայաստանի ու հատկապես Արցախի շուրջ վերջին շրջանում ձևավորված ռազմաքաղաքական ու անվտանգային իրավիճակը ստիպում է ավելի ու ավելի հաճախ հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու դրա դրույթներին:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված մի շարք անձինք, որոնք ներկայանում են իբր ադրբեջանցի էկոակտիվիստներ, փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ռուս խաղաղապահները, որոնց ուղղակի պարտականությունների մեջ է մտնում միջանցքի անխափան ու բնականոն աշխատանքի ապահովումը, փաստացի ցուցաբերում են անգործություն և չեն անում անհրաժեշտ քայլեր՝ ճանապարհը բացելու համար: Այդ ընթացքում Արցախում գնալով խորանում է հումանիտար ճգնաժամը, քանի որ այնտեղի բնակչությունը զրկված է Հայաստանից անհրաժեշտ քանակությամբ սննդամթերք, դեղորայք և վառելիք ստանալու հնարավորությունից:

Պաշտոնական Երևանն այս համատեքստում հղում է անում 2020 թ․ նոյեմբերի եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությանը՝ ընդգծելով, որ համաձայն այդ փաստաթղթի 6-րդ կետի, Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի երաշխավորը ռուսական կողմն է:

Ըստ այդմ, թերևս, հարկ է մեկ անգամ ևս վերհիշել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն ու քննարկել, թե որքանով են կողմերը կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

9 կետրը

2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բաղկացած էր հետևյալ 9 կետերից:

1․ Նոյեմբերի 10-ին, մոսկովյան ժամանակով 00։00-ից հակամարտության գոտում պետք է հաստատվի ամբողջական հրադադար և ավարտվեն բոլոր ռազմական գործողությունները, իսկ կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են,

2․ Մինչև նոյեմբերի 20-ն Աղդամի շրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին,

3․ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվի Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա,

4․ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ընդ որում, խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի 5-ամյա ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին,

5․ Պետք է ստեղծվի խաղաղապահ կենտրոն, որը կվերահսկի համաձայնագրերի կատարումը,

6․ Հայաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձնի Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնալու է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, առաջիկա երեք տարում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանը, իր հերթին, պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով,

7․ Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ,

8․ Պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում,

9․ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Բացի սա, կողմերի համաձայնությամբ, պետք է ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Իրավիճակը

Այս փաստաթղթի ստորագրումից արդեն ավելի քան երկու տարի անց ամբողջությամբ կատարվել են թերևս միայն այն կետերը, որոնք վերաբերում էին հայկական կողմի տարածքային զիջումներին:

Ինչ վերաբերում է հայտարարության առաջին կետին, համաձայն որի՝ ռազմական գործողությունների դադարից հետո կողմերը պետք է կանգ առնեին այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում էին, ապա Ադրբեջանը խախտել է այդ դրույթը: Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ադրբեջանցիները գրավել էին հայկական վերահսկողության տակ գտնվող՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը՝ սպանելով, վիրավորելով ու գերեվարելով հայ զինծառայողների: Դրանից հետո ադրբեջանցիները բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը, իսկ 2022 թվականի մարտին գրավել Փառուխ գյուղը՝ հարակից բարձունքով հանդերձ: Հատկանշական է, որ այս իրադարձություններին պատշաճ կերպով չեն արձագանքել ռուս խաղաղապահները:

Սրանով հանդերձ, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վերաբերյալ հայտարարության երրորդ ու չորրորդ կետը կարելի է համարել ամբողջությամբ կատարված:

Հայտարարության 5-րդ կետով նախատեսվում էր, որ պետք է ստեղծվի «խաղաղապահ կենտրոն, որը կվերահսկի համաձայնագրերի կատարումը»: Թեև հայտարարության տեքստում մանրամասնորեն նշված չէր, թե ինչ կենտրոնի մասին է խոսքը, այդուհանդերձ, նոյեմբերի 9-ից շատ չանցած պարզ դարձավ, որ խոսքը ռուս-թուրքական՝ հրադադարի դիտարկման կենտրոնի մասին է, որը արդեն 2021 թվականի հունվարին ստեղծվեց ու տեղակայվեց Աղդամում:

Հայտարարության 6-րդ կետը վերաբերում էր Լաչինի միջանցքին, որը, ունենալով 5 կիլոմետր լայնություն, պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, շրջանցեր Շուշի քաղաքը և գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանն էլ պետք է ապահովեր դրա անխափան աշխատանքը: Այդ կետով նախատեսվում էր նաև, որ առաջիկա երեք տարում պետք է հաստատվեր Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվեր՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Երթուղին, իրոք, փոխվեց: 2022 թվականի ամռանն Ադրբեջանն ավարտին հասցրեց իր հատվածի կառուցումը, և հաղորդակցությունը սկսեց իրականացվել նոր երթուղով՝ շրջանցելով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Բերձոր քաղաքը: Ռուս խաղաղապահները, ըստ այդմ, սկսեցին հսկողություն իրականացնել նոր ճանապարհի երկայնքով:

Ինչպես վերը նշեցինք, Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է, ինչը նշանակում է, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետը խախտում են և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը:

Եռակողմ հայտարարության 7-րդ կետը, ըստ որի՝ Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, չի կատարվել ադրբեջանական կողմի պատճառով, քանի որ Ադրբեջանն առհասարակ խոչընդոտում է ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը Լեռնային Ղարաբաղում:

Ադրբեջանը շարունակում է խախտել եռակողմ հայտարարության նաև 8-րդ կետը, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Այս կետն ամբողջությամբ կատարել է հայկական կողմը, այնինչ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել իր մոտ պահվող բոլոր հայ գերիներին:

Ինչ վերաբերում է հայտարարության վերջին՝ իններորդ կետին, որով պետք է ապաշրջափակվեին տարածաշրջանային հաղորդակցությունները, իսկ Ադրբեջանը պետք է կապ ստանար իր արևմտյան շրջանների հետ, ապա դրա իրագործումը տապալվում է ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության պատճառով: Պաշտոնական Բաքուն մեկնաբանում է հայտարարության այդ կետն այնպես, թե դրանով պետք է սուվերեն միջանցք ստանա Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Հայկական կողմը, սակայն, անընդունելի է համարում որևէ սուվերեն միջանցքի տրամադրումը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ապահովել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ միջազգայնորեն ընդունված ընթացակարգերով:

Ստորև ներկայացնում ենք համառոտ ինֆոգրաֆիկա, որտեղ կարող եք տեսնել եռակողմ հայտարարության կետերի կատարումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող