- 14 Ապրիլի, 2023
- Մամուլը մեր մասին

«Ապօրինի անգործություն», – Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ չնախաձեռնելն այսպես է բնորոշում «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հենց նրա ղեկավարած կազմակերպությունն է ապրիլի 3-ին գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ ակնկալելով, որ խուլիգանության հոդվածով վարույթ կսկսվի քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու, և պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման հոդվածով՝ դաշնակցականին առևերևույթ ապօրինի բերման ենթարկելու համար։
Դաշնակցական Կարեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պնդել էր՝ Ազգային ժողովի նախագահին «դավաճան» անվանելու համար նրա թիկնապահները սկզբում իր ձեռքերն են բռնել, ապա Ալեն Սիմոնյանը մոտեցել ու թքել է դեմքին։ Սիմոնյանը հերքել է միայն այն, որ թիկնապահները նրա ձեռքերը բռնել են:
Համացանցում տարածված կադրերի համաձայն, դեպքից հետո ոստիկանները Կարեն Մկրտչյանին նստեցնում են մեքենան:
Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ դիմումն ապրիլի 4-ին է մուտք արվել համակարգ, այն այժմ քննարկման փուլում է։ Սեփական նախաձեռնությամբ իրավապահները քննություն չսկսեցին։
Իոաննիսյանի խոսքով՝ իրենց դիմումից հետո էլ 6 օր քրեական վարույթ չնախաձեռնելը հիմք է տալիս ենթադրելու, որ բարձրաստիճան իշխանավորներին դատախազությունը փորձում է պաշտպանել։
«Նախկինում դիմումը պետք է քննարկվեր, պարզվեր դրանում հանցագործության մասին առերևույթ փաստերի առկայության կամ բացակայության հանգամանքը, բայց այժմ գործող քրեական դատավարության օրենքը փոխվել է և քրեական վարույթ նախաձեռնվում է ինքնին դիմումի հիման վրա: Ըստ էության այն, որ մենք երկուշաբթի երեկոյան դիմումն ուղարկել ենք ու արդեն համարյա 7 օր անցել է և առ այսօր քրեական վարույթ չի նախաձեռնվել, սա դատախազության կողմից ապօրինի անգործություն է, պայմանավորված է այդ թվում այն հանգամանքով, որ դիմումը վերաբերում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողներին», – ասաց Իոաննիսյանը: