- 16 Մայիսի, 2016
- Եվրասիական տնտեսական միություն
Օրեր առաջ ՌԴ պառլամենտի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղազախստանի խորհրդարանում առաջ ելույթ ունենալիս հայտարարեց, որ «այս օբյեկտիվ ծանր պայմաններում ԵԱՏՄ-ն իր գործունեության առաջին տարում խաղաց շատ մեծ դրական, ես նույնիսկ կասեի կայունացնող դեր: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քիչ»:
Այսպիսով Մատվիենկոն հստակ հայտարարեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառությունը նվազել է, ոչ միայն 3-րդ երկրների հետ, այլ նաև նվազել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը:
Փորձենք պարզել, թե ինչքանո՞վ է նվազել ԵԱՏՄ-ի և մասնավորապես Հայաստանի ապրանքաշրջանառությունը:
ԵԱՏՄ
Այսպիսով, ԵԱՏՄ 3-րդ երկրների հետ արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 65,4 միլիարդ ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 41,6 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 23,8 միլիարդ դոլար: 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 29,9 տոկոսով, կամ 28 միլիարդ դոլարով: ԵԱՏՄ-ում ապրանքների արտահանման ծավալը նվազել է 35 տոկոսով, կամ 22,5 միլիարդ դոլարով, ներմուծումը նվազել է 18,9 տոկոսով կամ 5,5 միլիարդ դոլարով:
2016թ.–ի հունվար-փետրվար ամիսների ԵԱՏՄ արտաքին ապրանքաշրջանառության սալդոն (արտահանման և ներմուծման տարբերությունը) դրական է 17,8 միլիարդ դոլար չափով, մինչդեռ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համար, այն եղել է 34,8 միլիարդ (այսինքն, սալդոն նվազել է 49 տոկոսով): 2016թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրենրի փոխադարձ (ներքին) ապրանքաշրջանառությունը կազմել է 5,3 միլիարդ դոլար, ինչը 17,1 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:
Հայաստան
Անդրադառնանք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալներին: Այսպիսով, 2016թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 184,2 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 241,1 միլիոն դոլար: Սալդոն բացասական է՝ -56,9 տոկոս: 2015թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած 2016-ին Հայաստանից արտահանումը 3-րդ (ԵԱՏՄ-ից դուսր) երկրներ աճել է 14 տոկոսով, իսկ ներմուծումը, այդ նույն ժամանակահատվածների համար, նվազել է 15,8 տոկոսով:
2016թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ կազմել է 2,7 միլիոն դոլար, ինչը 15,9 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունընվազել է 73,5 տոկոսով: Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճել 8,8 տոկոսով և կազմել 226,4 միլիոն դոլար:
Այսպիսով պարզ է դառնում, որ նվազել է ոչ միայն ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ, այլ նաև մոտ 17 տոկոսով նվազել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի ներսում: Այս նվազման միտումներից ակնհատ է, որ ԵԱՏՄ-ն ոչ մի դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա չի ունեցել:
Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»