- 30 Մայիսի, 2023
- Հաղորդագրություններ
Մայիսի 31-ին տեղի է ունենալու Ժողովրդավարության հայկական ֆորումը, որը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Այս տարի Ժողովրդավարության հայկական ֆորումն անցկացվում է «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը` ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրի ներքո և նպատակ ունի միավորելու քաղհասարակության, ՀՀ պետական մարմինների, ԶԼՄ ներկայացուցիչների, դիվանագիտական և փորձագիտական համայնքի շահագրգիռ կողմերին՝ համատեղ վերլուծելու և քննարկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առջև ծառացած հրատապ խնդիրները` անվտանգային համեմատաբար հին ու նոր մարտահրավերների առկայության պայմաններում։
Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս ֆորումն անցկացվելու է ամենաբարձր մակարդակով, ողջույնի խոսքով է դիմելու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պանելային քննարկումների են մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Freedom House կազմակերպության նախագահն ու տարածաշրջանային տնօրենը, ՀՀ ֆինանսների նախարարը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ, դեսպաններ, ինչպես նաև քաղհասարակության հայտնի ներկայացուցիչներ:
Ֆորումին մասնակցելու են գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրագրողական համայնքի և Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ:
Ֆորումի առաջին քննարկումը նվիրված է լինելու անվտանգության խնդիրների ֆոնին ժողովրդավարության զարգացման հարցերին, և դրան մասնակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:
Դրան հաջորդող զուգահեռ սեսիաները նվիրված են լինելու մարդու իրավունքներին, հակակոռուպցիոն բարեփոխումներին, մեդիային վերաբերող պետական քաղաքականությանն ու տեղեկատվական մթնոլորտին:
Բոլոր քննարկումներին հաջորդելու է հարց ու պատասխանը, որի ժամանակ միջոցառման հյուրերը կկարողանան հարցեր ուղղել բանախոսներին:
Մայիսի 31-ին օրվա ընթացքում հանդես կգանք նաև լրացուցիչ հաղորդագրություններով՝ ֆորումին կայանալիք պանելային քննարկումների վերաբերյալ:
Նշենք, որ թեև տեղից ֆորումի լուսաբանում նախատեսված չէ, այդուհանդերձ, միջոցառման ողջ ընթացքը (այդ թվում՝ զուգահեռ պանելային քննարկումները) ներկայացվելու է ուղիղ հեռարձակմամբ՝ հայերեն և անգլերեն լեզուներով: