Կայացավ Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումը

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում կայացավ «Ֆրիդմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումը, որի քննարկումներին մասնակցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ֆրիդմ Հաուսի» նախագահ Մայքլ Աբրամովիցը, Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շուրջ 190 ներկայացուցիչներ։

«Գաղտնիք չէ, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգային խնդիրներին: Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք: Ես ցանկանում եմ ընդգծել, որ նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլև ընդհակառակը՝ ժողովրդավարությունը պետության ամրության և հզորացման առաջնային երաշխիքներից է»,- ողջույնի իր խոսքում նշել է հանրապետության նախագահը։

Պանելային քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա, և որ բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, որոնք հանրահայտ են և բոլորին տեսանելի։ «Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանում երկար տարիներ ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը բոլորին հասանելի չլինի։

«Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Որովհետև իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված առերեսվեց ճշմարտության մի ծավալի, որն առաջին հերթին անմարսելի էր հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար»,- ասաց Փաշինյանը։

«Ֆրիդմ Հաուսի» նախագահ Մայքլ Աբրամովիցը շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահին և վարչապետին միջոցառմանը մասնակցելու համար: Նա նշեց, որ թեև աշխարհում ժողովրդավարությունը նահանջ է ապրում, սակայն Հայաստանն այդ առումով հաճելի բացառություն է:

«Ավտորիտար երկրները փորձում են ճնշել ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը միայն ազատ գործունեությունը և ազատ ընտրությունները չեն, կարևոր են նաև խոսքի ազատությունը, կրոնական ազատությունը․․․ Դեռևս կա ժողովրդավարության պահանջ, այն չի վերացել»,- ընդգծել է Աբրամովիցը։

Մարդու իրավունքներին նվիրված քննարկման ընթացքում ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշել է, որ հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրն այս պահին ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է, իսկ Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն էլ ընդգծել է, որ Հայաստանը ընտրել է ժողովրդավարության մի ուղի, որը նշանակում է նաև մարդու իրավունքների պաշտպանություն:

«Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրողունակ, և մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ»,- ասել է դեսպան Վիկտորինը։

Հակակոռուպցիոն բարեփոխումներին նվիրված քննարկմանը Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտել է հանրային ֆինանսների ոլորտում որոշումների կայացմանը քաղաքացիական հասարակության մասնակության բարձրացման կարևորությունը: Նախարարը նաև նշել է, որ առաջիկայում ֆինանսների նախարարությունը սկսելու է իրականացնել կառավարության ծրագրերի ծախսարդյունավետության գնահատում։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատյանը նույն քննարկման շրջանակում նշել է, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Խաչատրյանը նաև նշեց, որ այսուհետ կրթության ոլորտում կոռուպցիան լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում։

Ֆորումի ժամանակ նաև տեղի ունեցան քննարկումներ՝ նվիրված ապատեղեկատվության դեմ պայքարին և լրատվամիջոցներին վերաբերող պետական քաղաքականությանը։

Առնչվող