ՌԴ-ն փորձում է առավելագույնս թուլացնել Հայաստանին․ ուժեղանում է Սյունիքով միջանցք տրամադրելու պահանջը․ Իոաննիսյան

«Ռուսաստանին Ղարաբաղի բնակչության իրավունքները հետաքրքրում են այնքանով, որքանով այն լեգիտիմացնում է իր խաղաղապահ զորախմբի տեղակայումն այնտեղ: Մեծ հաշվով, նրանք հետաքրքրված չեն՝ Լաչինի միջանցքը փա՞կ է, թե՞ բաց, անցակետ կա՞, թե՞ չկա, և այս առումով զարմանալի բան էլ չկա»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գրեթե չորս ամիս արգելափակված Լաչինի միջանցքին և օրեր առաջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու գործողություններին, որը կոպտորեն խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը:

Ըստ նրա՝ ՌԴ-ի պարտականությունները չկատարելը կապված է որոշ հանգամանքների հետ, որոնցից է նախ Ուկրաինայի պատերազմը: Հաջորդը, ՌԴ-ն և Ադրբեջանը շատ բնական դաշնակցային հարաբերություններ ունեն:

«Ռուսաստանը ֆիզիկապես կարող է, բայց դա նրա համար բավականին թանկ է արժենալու այն առումով, որ հնարավոր է՝ կորցնի Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների «պտուղները»: Առավել ևս, որ մեծ մոտիվացիա էլ չունի դա անելու, քանի որ, ինչպես նշեցի, ոչինչ չի կորցնում նրանից, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչ-որ առումով նույնիսկ շահում է: Դրանով նաև ուժեղանում է Հայաստանին ուղղված Սյունիքով միջանցք տրամադրելու պահանջը, որը մեր շահերից չի բխում, և սա ՀՀ-ի վրա ճնշման ևս մեկ գործիք է»,- ասում է նա:

Վերջինս նաև կարծում է, որ ՌԴ-ն փորձում է առավելագույնս թուլացնել Հայաստանին մեկ այլ պատճառով ևս, այն Է՝ ՀՀ-ին միութենական պետություն մտցնելը:

Անդրադառնալով ՌԴ ՊՆ հայտարարությանը, որում Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը որակվել են «միակողմանի և չհամաձայնեցված» գործողություններ՝ զրուցակիցը նկատում է՝ ՌԴ-ն դեմքը փրկելու խնդիր ունի, փորձում են մեղքը բարդել ՀՀ իշխանությունների վրա, այդ թվում՝ ՀՀ-ում գործող տարբեր քարոզիչների և իրենց մերձ քաղաքական գործիչների միջոցով:

«Ընդ որում՝ դա փորձում են վերագրել նրան, որ Հայաստանը կոնֆլիկտը միջազգայնացնում է: Այսինքն՝ քանի որ իրենց «սարսափելի» դուր չեն գալիս Եվրամիության դիտորդները, հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տանելը: Ասում են՝ ա՛յ, տեսեք, Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները լավացրեց, դրա համար պրոբլեմներ ունի: Հայաստանի հասարակությանն էլ են փորձում այդպես համոզել, բայց իրականությունը լրիվ հակառակն է»,- նշում է նա:

Բայց եթե Հայաստանը չփորձեր Արևմուտքին բերել այս կոնֆլիկտի դաշտ, պարզ չէ, թե ինչպես կավարտվեր սեպտեմբերի 13-14-ի հարձակումը ՀՀ սահմանի վրա, նաև պարզ չէ, թե մի շարք այլ հանգամանքներ ինչպես կդասավորվեին, ընդգծում է Իոաննիսյանը:

Նա նաև չի բացառում, որ Ադրբեջանի այս գործողությունները ՌԴ-ի հետ համաձայնեցված են. «Ինձ մոտ չկա տպավորություն, որ ռուս խաղաղապահները զարմացած են, կամ նրանց համար անակնկալ էր: Շատ հավանական է, որ Ադրբեջանն իսկապես համաձայնեցրել է այս քայլերը, բայց դա իրականում էական էլ չէ: Այստեղ փաստն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուսական կողմը չպետք է թողներ, որ դա տեղի ունենար»:

 

Առնչվող