- 12 Հուլիսի, 2023
- Հաղորդագրություններ
Ս.թ. հուլիսի 11-ին «Հրապարակ» օրաթերթի կայքը և հուլիսի 12-ին նույնանուն թերթը (N118 (3573) համարում) հանդես են եկել «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԲԱՎԱՐԱՐԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» վերտառությամբ հրապարակմամբ, որում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ:
Հրապարակման մեջ, առանց մատնանշելու, խոսվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ հուլիսի 1-ից 2-ը կազմակերպած սեմինար-քննարկման մասին, և դրա բանախոսներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԼՂՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանին վերագրվում են խոսքեր, որոնք նրանք չեն ասել, իսկ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին վերագրվում է առնչություն, որը չի համապատասխանում իրականությանը:
ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասին «Հրապարակ» թերթում գրված է, որ «խոսելով հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին, ասել է, որ Թուրքիան Հայաստանին մեկ ամիս ժամանակ է տվել՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար… եթե այդ ընթացքում Հայաստանը չհասցնի կատարել թուրք֊ադրբեջանական պահանջները, ապա հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման մասին կարելի է մոռանալ»:
Վերոգրյալը ամբողջությամբ հորինվածք է և որևէ աղերս չունի նշված միջոցառման ժամանակ փոխնախագահ Ռուբինյանի հնչեցրած մտքերի հետ: Այդուհանդերձ, այդ միտքը պարբերաբար կրկնվում է հրապարակման մեջ և զուգորդվում իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկությունների հետ, այդ թվում՝ նաև Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին վերագրվող խոսքերի։
Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մասով հրապարակման մեջ նշված է, որ նա «փաշինյանական իշխանության ներկայացուցիչ» է: Այդ պնդումը ամբողջությամբ սուտ է, Իոաննիսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գործել և գործում են բոլոր տեսակի իշխանություններից անկախ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ից պահանջում է հերքել իրականության հետ աղերս չունեցող այս ապատեղեկատվությունները և զերծ մնալ ակնհայտ կեղծ լուրերի տարածումից:
Հ.Գ. Տեղեկությունների իսկությունը ստուգելու համար «Հրապարակ» թերթի հոդվածագիրը կամ խմբագիրը կարող էին հարցնել վերոնշյալ հանդիպմանը մասնակցած՝ նույն թերթի այլ լրագրողից, որը ևս բարեխղճորեն պատրաստ է հերքել վերոնշյալը։