Դանիել Իոաննիսյանի ելույթը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ելույթը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսին․

Ինչպես դուք բոլորդ հավանաբար գիտեք, անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը, Ռուսաստանի լիակատար աջակցությամբ, արգելափակեց Լեռնային Ղարաբաղում բնակվող ավելի քան հարյուր հազար հայերի՝ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այդ բլոկադան շարունակվեց նույնիսկ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարին հրապարակված որոշման:

Արգելափակվեց նաև տարածաշրջան էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Հունիսից այդ բլոկադան դարձավ տոտալ, քանի որ արգելվեց անգամ հումանիտար բեռների՝ սննդի ու դեղորայքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:

Ընդ որում, ի տարբերություն Իսրայելի, որը Գազայի նկատմամբ նման քայլի գնաց ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, Լեռնային Ղարաբաղի հայերը բլոկադայի մեջ հայտնվեցին առանց որևէ մեկի վրա հարձակվելու: Պարզապես այն պատճառով, որ Ադրբեջանը ուզում էր 100 հազար մարդու խոշտանգելով վռնդել իրենց տներից:

Այդ բլոկադայի ընթացքում եղան սովից մահանալու դեպքեր: Եղավ նաև դեպք, երբ ծնողները ստիպված թողեցին երեխաներին, որպեսզի ոտքով գնան ուտելիք հայթայթելու, և առանց հսկողության մնացած երեխաները դժբախտ պատահարից մահացան: Շտապօգնության մեքենաների համար վառելիքի բացակայության պատճառով շատ հիվանդներ մահացան՝ չստանալով բուժօգնություն:

Որոշ ադրբեջանցի գործընկերներ կասեն, որ ի՞նչ բլոկադա էր դա, եթե մարդիկ կարողանում էին ծնունդ նշել: Դե ինչ, գետոներում գտնվող հրեաներն էլ երբեմն կարողանում էին ծնունդ կամ հարսանիք նշել, բայց դա չի նշանակում, որ հոլոքոստ չի եղել: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը 100 հազար մարդկանց խմբային խոշտանգում էր:

Բայց Ադրբեջանը չբավարարվեց այդքանով: Մի քանի շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը նախապես պլանավորված լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի հետևանքով կազմալուծվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական պաշտպանության միակ երաշխիքը` պաշտպանության բանակը:

Ադրբեջանը հայտարարեց, որ դա արվում է ի պատասխան հայկական ուժերի՝ Ադրբեջանի տարածքում մարդկանց մահերի հանգեցրած ականի տեղադրման, բայց այս վարկածը խիստ անհավատալի է, քանի որ, նախ, Ադրբեջանը դրանից շաբաթներ առաջ արդեն իսկ կուտակել էր զորքերը հարձակման համար, և երկրորդ, Լեռնային Ղարաբաղի հայերը որևէ մոտիվացիա չունեին Ադրբեջանի թիկունքում դիվերսիա իրականացնելու ու հարձակում սադրելու:

Պաշտոնական Բաքուն այդ հարձակման անունը դրեց հակաահաբեկչական գործողություն: Սա ագրեսիվ ռեժիմների նոր տրենդն է՝ պատերազմին տալ այլ անվանումներ, ինչպես դա անում է, օրինակ, Ռուսաստանը:

Տիկնայք և պարոնայք: ԵԱՀԿ ու հարակից տարածաշրջանում խնդիրների ուժային լուծումները դառնում են սովորական մի բան: Ագրեսիվ ու ժողովրդավարական արժեքներից հեռու ռեժիմները հարձակվում են իրենց հարևանների վրա և ահ ու սարսափ տարածում խաղաղ բնակչության վրա: Այդ վտանգավոր տրենդի մեջ են Ռուսաստանը, Ադրբեջանը, ՀԱՄԱՍ-ը, և սա, ցավոք սրտի, ակնհայտ միտում է:

Ադրբեջանը նման մի ագրեսիա էլ ծրագրում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: Նրանք նախապատրաստում են դա այստեղ՝ առաջ տանելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, և գետնի վրա՝ զինված ուժեր կուտակելով Հայաստանի սահմանի մոտ: Եթե ոչ մի միջոցներ չձեռնարկվեն Ադրբեջանի դեմ, մենք նրանց կողմից նոր ագրեսիայի ականատեսը կդառնանք:

Առնչվող