Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի ապօրինի կարգավիճակը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» վերջերս հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն և տեղեկացել, որ՝

  • ««Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու համար չեն անցկացվել վավերացման ընթացակարգեր՝ հիմք ընդունելով վերջինիս 30-րդ հոդվածը, որի համաձայն՝ նշված պայմանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։»։

Կազմակերպության մեկ այլ հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը հայտնել էր՝

  • ««Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվել է առանց հատուկ լիազորությունների, քանի որ 1992 թ. հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն իրավունք ունեն բանակցություններ վարել և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր ստորագրել առանց հատուկ լիազորությունների:»։

Վերջին հարցմանն ի պատասխան՝ տեղեկացվել ենք, որ՝

  • Նախարարությունում և ԱԱԾ-ում առկա չեն տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի տեղակայման (տեղաբաշխման) մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման առկայության վերաբերյալ։

Այստեղ, նախևառաջ, անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ անկախ նրանից, թե ինչ ընթացակարգ է նախատեսվում (կամ առհասարակ որևէ ընթացակարգ չի նախատեսվում) միջազգային պայմանագրում դրա ստորագրման և/կամ վավերացման մասով՝ յուրաքանչյուր երկրի ներքին կարգավորման տիրույթում է գտնվում այն հարցը, թե ինչ տեսակի միջազգային պայմանագրեր են ենթակա վավերացման և ինչ տեսակի պայմանագրերի համար է բավարար ստորագրությունը։

Ընդ որում, դա վերաբերում է պետական կարևորագույն մարմինների միջև իշխանությունների բաժանման և հավասարակշռման տիրույթին, և այդպիսի կարգավորումները հաճախ տեղ են գտնում ոչ թե հասարակ կամ անգամ օրգանական օրենքներում, այլ պետության մայր օրենքում` մեծապես կախված լինելով նաև երկրում նախագահի, կառավարության և խորհրդարանի դերից։ Եվ անգամ եթե պայմանագրով նախատեսվում է, որ դրա ուժի մեջ մտնելու համար բավարար պայման է միայն ստորագրությունը, այն դեպքում, երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է վավերացման գործընթաց, ընթացակարգը պետք է պահպանվի։ Հակառակ պարագայում դա կնշանակի լիազորությունների գերազանցում և իշխանության յուրացում։

Ավելին, ՀՀ ԱԳՆ կողմից մեջբերված՝ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-30, ընդունվել է 1992 թ. հունիսի 6-ին, ուժը կորցրել 2000 թ. սեպտեմբերի 1-ին, 1992-ի նոյեմբերի դրությամբ կիրառելի տեքստը` այստեղ) 8-րդ և 9-րդ հոդվածների կարգավորմամբ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը վավերացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը: Վավերացման ենթակա են` համագործակցության և փոխօգնության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, տարածքային սահմանազատման, հաշտության, առևտուրը կարգավորելու մասին, միջազգային կազմակերպությունների վերաբերյալ պայմանագրերը, այն պայմանագրերը, որոնք պարտավորություններ են դնում պետության ֆինանսների վրա, օրինադրույթները փոփոխելու, անհատի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրերը:

Ընդ որում, 1992-ի նոյեմբերի դրությամբ դեռևս ընդունված չէր ՀՀ առաջին Սահմանադրությունը, սակայն Գերագույն խորհուրդն ընդունել էր Անկախության հռչակագիրը, որի վերջին՝ 12-րդ կետի համաձայն՝ Անկախության հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։ Այսինքն՝ նախևառաջ այստեղից ակնհայտ է, որ ընդունվելիք մայր օրենքը և այլ օրենքները չէին կարող հակասել հռչակագրին. այն հիմնաքարային իրավական փաստաթուղթ է, որը մինչ սահմանադրական կարգավորումների ընդունումը հռչակում էր պետության գործունեության համար կարևորագույն նշանակության հիմնահարցերը։

Հռչակագրի 5-րդ կետի սահմանմամբ՝ այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Այսպիսով, (ա) Անկախության հռչակագրի սահմանմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի միավորումները, զորամասերը, ստորաբաժանումները կարող էին տեղակայվել բացառապես Գերագույն խորհրդի որոշմամբ, (բ) տվյալ պահին գործող օրենքի ուժով՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագիրը պետք է վավերացվեր Գերագույն խորհրդի կողմից։

Ռուզաննա Ավագիմյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող