Ճանաչողական այց Վանաձորի պետական համալսարանի ուսանողների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 21-ին կազմակերպեց Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ուսանողներին ողջունեց հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ խոսելով հանձնաժողովի կազմավորման պատմությունից, ընտրական գործընթացներում ներգրավվող անձանց մասնագիտական առանձնահատուկ ունակություններից, նոր մշակվող ռազմավարությունից, ինչպես նաև կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատակիցների համար անցկացվող դասընթացներից։

Հանդիպմանը ներկա էին նաև հանձնաժողովի անդամներ Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը։

Հանդիպման հիմնական բանախոսն էր հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, որը մանրամասն ներկայացրեց ընտրական եռաստիճան համակարգը, համեմատություններ անցկացրեց ընտրությունների անցկացման արտասահմանյան համակարգերի հետ, ինչպես նաև խոսեց հանձնաժողովի կազմակերպչական ու վերահսկողական գործառույթների վերաբերյալ, ոչ պետական ինստիտուտների կողմից ընտրական պրոցեսներում իրականացվող վերահսկողության, ցուցակների հրապարակման և այլ հարցերի մասին։

Այնուհետև պարոն Սմբատյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ընտրություններում քաղաքացիների ցածր մասնակցության տոկոսին և այլն։

Սույն ծրագրի շրջանակներում ուսանողների այցերը պետական ինստիտուտներ շարունակական են։

Միջոցառումների շարքն իրականացվում է Freedom House կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:

Առնչվող