- 25 Մայիսի, 2016
- Մամուլը մեր մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ` իշխանությունները կգնան զիջումների ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առումով: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին իրենց հայտարարության մեջ համաձայնել են, որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նկատել, ՀՀ ընտրական օրենսգիրքը խրթին է, ինչը կարող է ազդեցություն ունենալ ընտրական համակարգի վերաբերյալ հանրային վստահության վրա»: Համազեկուցողները մտահոգություն են հայտնում նաև Ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթների առնչությամբ, որոնք արգելում են երեքից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում և շատ կարճ ժամանակ տալիս կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար՝ նախքան ընտրությունների երկրորդ փուլի նշանակումը: Դանիել Իոաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, թե իշխանությունները հայտնվել են երկու քարի արանքում. մի կողմից ուզում են 2017-ի ընտրություններին վերարտադրվել, մյուս կողմից ստանձնել են միջազգային պարտավորություններ, խոստումներ այն առումով, որ ընտրական օրենսգրքի ընդունումը լինելու է ընդդիմության հետ կոնսենսուսի արդյունքում: Այս իրավիճակում պարոն Իոաննիսյանը համոզված է` միակ ելքն այն է, որ իշխանությունները գնան զիջումների. «Առնվազն այն առաջարկները, որոնք ներկայացրել են Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, պիտի ընդունվեն. օրինակ` կուսակցությունների թվի, ընտրողների ցուցակների հրապարակայնության, դիտորդների թեստավորման հետ կապված: Իշխանություններն ընտրողների ցուցակների հրապարակման չեն գնում, բայց հասանելիության մեթոդներ են առաջարկում, որոնք մեզ չեն բավարարում, բայց մենք պահանջում ենք այնպիսի մեթոդներ, որոնք կապահովեն իրական հասանելիություն»:
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից