«Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:

Ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը և պետական գնումների թափանցիկության և հաշվետվողականության խթանմանը և իրականացվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ:

Բացման արարողությանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ գնումների ոլորտի հետ են կապվում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, սակայն հասարակական կազմակերպությունների ու լրագրողների կողմից գնումների ոլորտի վերահսկողության ուժեղացումը կնվազեցնի այդ ռիսկերը և կավելացնի հանրային կառավարման արդյունավետությունը․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման» համար մեծ պատիվ է աշխատելու այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆինանսների նախարարությունը, ինչպես նաև այն լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են գնումների ոլորտի վերահսկմամբ»:

Ողջունի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Ջոն Գալագերը՝ նշելով, որ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև ամուր համագործակցությունն առանցքային է տեղական կարիքներն ավելի լավ հասկանալու և դրանց արդյունավետ լուծումներ գտնելու համար․ «Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս ծրագիրը, որի նպատակն է խթանել պետական գնումների հաշվետվողականությունն ու հանրային վերահսկողությունը։ Հուսով եմ՝ ծրագրի շրջանակներում ներկայացվելիք առաջարկներն ուշադրությամբ կդիտարկվեն որոշում կայացնողների կողմից և արդյունքում կնպաստեն պետական գնումների համակարգի առավել թափանցիկությանը, հաշվետվողականությանն ու վերջին հաշվով՝ արդյունավետությանը՝ ի նպաստ բոլոր ՀՀ քաղաքացիների»։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավաննեսյանը, իր հերթին, կարևորեց իրականացվող ծրագիրը․ «Սա ևս մեկ քայլ է զինելու մեր հանրությանը, ի դեմս քաղաքացիական հասարակության, անհրաժեշտ գործիքակազմով, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին պահանջատեր կանգնելու համար»։

Առնչվող