- 28 Դեկտեմբերի, 2023
- Օգտակար նյութեր, Բարեփոխումներ
Նախքան ոստիկանության Պարեկային ծառայության սկիզբը, 2020 թվականին ընդունվեց դրա կանոնադրությունը, որով շատ հստակ սահմանվեցին թե ՛դրա գործառույթները և թե՛ ծառայության ձևը: Հստակ սահմանման նպատակն այն էր, որ պարեկային ծառայողները կենտրոնանան ոստիկանության արտաքին ծառայության կողմից քաղաքացիներին ծառայություն մատուցելու (հանցավորության դեմ պայքարի, հանցավորության նախականխման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և այլն) վրա և, ի հեճուկս ոստիկանությունում սովետական միլիցիայից մնացած ավանդույթների, չդառնան հանրային կարիքներից կտրված «հերթական» ոստիկան:
Ժամանակի ընթացքում, սակայն, Պարեկային ծառայությունը սկսեց ներգրավվել կանոնադրությամբ չնախատեսված գործառույթների և ծառայության ձևերի մեջ:
Նախկինում մենք անդրադարձել էինք, որ Պարեկներին դրդում են ծառայել ոչ թե բովանդակության, այլ ձևի համար: Դա, ինչպես նաև այս ոչ կանոնադրական ծանրաբեռնումը, բնականաբար, բացասական են ազդում Պարեկային ծառայության կողմից հանրային կարիքների սպասարկման որակի վրա:
Հաճախ Պարեկային ծառայության առանցքային նշանակությունը՝ դեպքերին արագ արձագանքումը, արհամարհվում է, իսկ հանցագործությունների ու վարչական իրավախախտումների մասին քաղաքացիների ահազանգերը ոստիկանության այլ ծառայություններին են փոխանցվում (այս մասին նույնպես կխոսենք այս նյութում)։
Այժմ անդրադառնանք ոչ կանոնադրական նպատակներով ծանրաբեռնման հաճախակի դեպքերին, որոնք են ուղեկցման գործառույթը կամ անշարժ ծառայությունը։
Ուղեկցման ծառայություններ
Հատուկ դեպքերում՝ պաշտոնատար անձանց ավտոմեքենաների ուղեկցման գործառույթը ամրագրված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության կանոնադրության 6-րդ կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի N 1467-Ն որոշմամբ և որոշման համապատասխան փոփոխություններով։
Մինչդեռ Պարեկային ծառայության կանոնագրքով պարեկներին վերագրվող գործառույթներում ուղեկցումը նշված չէ, սակայն փաստացի՝ պարեկները կատարում են դա։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային գումարտակներում պարեկները պարբերաբար կատարում են բարձրաստիճան պաշտոնյաների (հիմնականում՝ ՀՀ Վարչապետի) ուղեկցման գործառույթներ։
Այսպես, օրինակ, ֆիքսել ենք դեպք, երբ Պարեկային ծառայության ավտոմեքենան Պաշտպանության նախարարության մարդատար ավտոմեքենան էր ուղեկցում: Մեր հարցմանը, թե Պարեկային ծառայության կանոնադրության այդ ո՞ր կետով սահմանված գործառույթն էր իրականացնում պարեկային ավտոմեքենան, ստանում ենք պատասխան, որտեղ ուղեկցման գործառույթը նույնացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթներին։
Մասնավորապես, նշվում է, որ Պարեկայինը կատարում է կանոնադրությամբ նախատեսվող «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, անխափան երթևեկության, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը»։
Եթե հավատանք ՆԳՆ-ից ստացված պատասխանի անկեղծությանը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՃՈ կանոնադրությամբ ուղեկցման գործառույթը առանձին նշված, իսկ անվտանգ երթևեկության ապահովումը՝ առանձին, եթե այս երկուսը նույնական են։ Եւ ինչո՞ւ է կառավարության առանձին որոշմամբ սահմանված, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման գործառույթը կատարում է Ճանապարհային ոստիկանությունը։
Անշարժ ծառայություն
Այլ խնդիր է անշարժ ծառայության իրականացումը Պարեկայինի կողմից, որը շատ ավելի հաճախակի ենք նկատում թե՛ Երևանում, թե՛ մարզերում և որը հաճախ փոխկապակցված է ուղեկցման գործառույթի հետ, այսինքն՝ պարեկները կանգնում են ճամփեզրին և հետևում, որ նշված տարածքում մեքենաները չխոչընդոտեն որևէ պաշտոնյայի մեքենային կամ շարասյանը։
Մայրաքաղաքին մոտ մարզերի գումարտակների պարեկային ծառայողները նույնիսկ բազմիցս նկատվել են ճամփեզրին կանգնած՝ անցնող վարորդներին փայտով կանգնեցնելով ծառայություն իրականացնելիս: Նման գործառույթ կատարում էր Պետավտոտեսչությունը 2006 թվականից առաջ (երբ ծառայությունը փոխարինվեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանմամբ)։ Այժմ այս գործառույթը դուրս է եկել պրակտիկայից և վերագրված չէ ո՛չ ճանապարհային ոստիկանությունը, ո՛չ պարեկային ծառայությանը։
Պարեկային ծառայության կանոնագրքում հստակ ամրագրվեց, որ դրա կարգախմբերը պետք է իրականացնեն շարժվող պարեկություն՝ բացառությամբ կարճատև հատուկ դեպքերի կամ ինչպես կանոնագրքում է ասված՝ «ճանապարհի դժվարանցանելի կամ վտանգավոր հատվածներում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տեսանելի վայրում կարճաժամկետ կայանում՝ հաշվի առնելով իրավիճակի բացառիկ բնույթը»:Այսինքն՝ տրանսպորտային միջոցով պարեկների պարտականությունները չեն ենթադրում անշարժ ծառայություն։
Մեր կողմից ֆիքսված նման մի քանի դեպքերի մասին հայցել ենք տեղեկատվություն, թե ի՞նչ պատճառաբանությամբ են պարեկային մեքենաները կայանվում։
Դեպքերից մեկով ֆիքսել ենք Կոտայքի մարզային գումարտակի ծառայողներին, որոնք տևական ժամանակ անշարժ ծառայություն էին իրականացնում։ Սակայն Ներքին գործերի նախարարությունից ստացված պատասխանով հասկացանք, որ գերատեսչությունը ոչ մի խնդիր չի տեսնում, որ պարեկները զբաղվում են իրենց չվերաբերող գործառույթներով, և դրանք բխում են «ծառայողական անհրաժեշտությունից»։
Անշարժ ծառայության այլ դեպք էլ ֆիքսել ենք նոյեմբերի 18-ին՝ Երևանի Աբովյան փողոցի «Ալեքսանդր» և «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցների առջևում։ Այս անգամ անշարժ ծառայությունը բխում էր այլ, ավելի «լուրջ» ծառայողական անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ խորհրդատվական վեհաժողովի նստաշրջանին Հայաստան ժամանած 250-300 պատվիրակների անվտանգությունն ապահովելու համար։
Կանգնած ծառայություն իրականացնելու ընթացքում պարեկային ավտոմեքենան ոչ միայն իր այդքան կարևոր ժամանակն է ծախսում, որը կարող էր օգտագործել դեպքի վայր արագ սլանալու, նույնիսկ ինչ-որ մեկին փրկելու համար, այլ նաև չի իրականացնում իր հիմնական գործառույթները, ինչպիսին, օրինակ, ճանապարհային երթևեկության անվտանգությունը հսկելն է։
Դրա վառ օրինակը տեսանյութով ֆիքսել է Դանիել Իոաննիսյանը և հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ակնհայտ երևում են պարեկային ավտոմեքենան և երթևեկության կանոնների խախտումները՝ հենց ծառայողների աչքի առաջ։
Նման իրավիճակները, երբ ուղեկցմանը սպասող կամ այլ նպատակի համար ֆիքսված տեղում ծառայություն իրականացնող պարեկը չի արձագանքում նույնիսկ իր տեսադաշտում տեղի ունեցող իրավախախտումներին, հանրության մոտ ձևական ծառայության և ապօրինության դեմ պայքարի բացակայության տպավորություն են ձևավորում:
Փաստորեն՝ ստանում ենք մի պատկեր, որտեղ պարեկային ծառայողները «ծառայողական անհրաժեշտությունից» ելնելով կատարում են կանոնադրությամբ չնախատեսված գործառույթներ՝ իրենց հիմնական գործառույթները թերակատարելու գնով։
Այսինքն՝ Ներքին գործերի նախարարությունը կարող է ըստ «ծառայողական» անհրաժեշտության փոփոխել, վերափոխել և լրացնել Պարեկային ծառայության գործառույթները՝ առանց հաշվի առնելու ծառայության կանոնագիրքը, որն էլ հենց պետք է սահմաներ վերջինիս գործառույթների շրջանակը։
Կանչերին արագ արձագանքման գործառույթի թերացում
Մեր կատարած դիտարկումների արդյունքներով տեսնում ենք կրկնվող մեկ այլ տենդենց․ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) 1-02 հեռախոսահամարին արված կանչերի ժամանակ հաճախ դեպքի վայր պարեկներ չեն ուղարկվում, փոխարենը կանչերն ուղարկվում են տարածքային բաժիններին։
Այս մասին հարցմամբ ստացել ենք ՆԳՆ վիճակագրությունը․ 2023 թ․-ի 11 ամիսների (հունվար-նոյեմբեր) ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 711,270 հեռախոսազանգ, որից 182,673-ը եղել են հանցագործության, վարչական իրավախախտման և պատահարի վերաբերյալ։ Հաղորդումներից 139,081-ը փոխանցվել են տարածքային ստորաբաժանումներ, իսկ դեպքի վայր գնացել են թվով 108,485 պարեկային կարգախմբեր։
Ստացվում է՝ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն ստացված հանցագործությունների ու վարչական իրավախախտումների ահազանգերի 41% դեպքերում պարեկները չեն մեկնում դեպքի վայր։ Այս տենդենցը նույնպես բացասաբար է ազդում ոստիկանության աշխատանքի վրա, քանի որ տարածքային բաժինները ոչ բոլոր դեպքերով ունեն հաղորդում ընդունելու ձև, արագ արձագանքելու, հանցագործության վայր սլանալու հնարավորություններ և կարողություններ։
Բայց այնուամենայնիվ՝ մեծ գումարներով գնված պարեկային ոստիկանության մեքենաներն օգտագործվում են ճամփեզրին կայանելու համար, ոչ թե դեպքի վայրեր մեկ քայլ շուտ հասնելու կամ, օրինակ, բակային տարածքներ մտնելու կամ երթևեկության վտանգավոր մասնակիցներին բացահայտելու համար։
Միևնույն ժամանակ, մեզ բոլորիս է «հոգեհարազատ» տարածքային բաժիններում հաղորդում տված անձանց «ցրելու» արատավոր պրակտիկան, որը մի շարք դեպքերում կատարում են նաև ՕԿԿ-ի կողմից պարեկների փոխարեն դեպքի վայր ժամանած տարածքային բաժինների ծառայողները։
Գաղտնիք չէ, որ բաժիններում քաղաքացիների հանդեպ վերաբերմունքին ոստիկանության բարեփոխումները դեռ չեն հասել։ Բայց նաև անարդարացի է հանրության հանդեպ, երբ բարեփոխումների արդյունքում նոր ներդրված Պարեկային ծառայությունը քաղաքացիների ահազանգերով դեպքի վայր մեկնելու և քաղաքացիների մոտ ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու փոխարեն հենց սկզբից էլ ներգրավվում է այնպիսի գործառույթների մեջ, որոնք նույն որակով կարող են անել չբարեփոխված ստորաբաժանումները։
Լիլիթ Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»