- 18 Հունվարի, 2024
- Մամուլը մեր մասին
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է հետաքննող լրագրողների երեկվա հրապարակումը՝ պարզելու՝ արդյո՞ք Արցախի ներքին գործերի նախարարն ու իր մերձավորները յուրացրել են նախարարության ավտոպարկի շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաները։ Եթե կասկածները հաստատվեն, իրավապահները քրեական գործ կհարուցեն։
«Կարեն Սարգսյանը, ներքին գործերի նախարար լինելով, նախարարության ենթակայության տակ գտնվող մեքենաները Արցախից դուրս գալու նախօրեին փոխել է իր ծանոթների անուններով, տեղափոխել Հայաստան, տեղափոխել իրեն պատկանող տարածք և ուղղակի թաքցրել՝ կոպիտ ասած», – ասում է «Փաստերի ստուգման հարթակ»-ի լրագրող Սևադա Ղազարյանը, որն այս բացահայտման հեղինակն է։
Տեղեկատվության առաջին աղբյուրը ծանոթներն են, որոնք ավտոլվացման կետում պատահական տեսել են Արցախի ներքին գործերի նախարարության ավտոմեքենաներից մի քանիսը։ Հետո լրագրողն է այցելել տարածք ու նկատել՝ դրանք ծածկված էին քողարկիչ սավանով, իսկ մոտենալն արգելվում էր։ Կասկածներն ամբողջացել են ավտոլվացման պատրվակով տարածք երկրորդ անգամ այցելելիս։
«Երկրորդ ավտոլվացման փորձի ժամանակ արդեն նկարահանումներ արեցինք թաքնված, հետո փորձեցինք համեմատել մեր ունեցած ինֆորմացիան, որը մենք ստացել էինք տեսալուսանկարահանումից, այն, ինչ որ կա Արցախի մեքենաների մասով, նաև տրանզիտ համարներ կան, փորձեցինք ճշտել՝ դրանք ում անուններով են գրանցված, ու պատկերն ամբողջացավ, ու այդ ամբողջը կենտրոնանում է մի անձի՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շուրջ», – ասում է լրագրողը։
Հետո արդեն Կադաստրից պարզել է, որ Արցախից Հայաստան բերված ավտոմեքենաները կայանված են մի տարածքում, որը 2015 թվականից պատկանում է հենց Կարեն Սարգսյանին. – «Մեր հերթական այցի ժամանակ, երբ որ մենք փորձեցինք բացահայտ նկարահանումներ անել, հերթական անգամ աշխատողը թույլ չտվեց, մեր հեռախոսի համարները թողեցինք, որ զանգեն՝ տարածքի տերը զանգի, հասկանանք՝ ով է։ Դա ամսի 15-ի երեկոյան էր, 16-ի առավոտյան արդեն մեքենաները տեղում չէինք, այսինքն՝ բոլորը մի գիշերվա ընթացքում անհետացել էին տարածքից»։
«Ազատություն»-ն այսօր եղավ ավտոլվացման տարածքում, տարածքն արդեն գրեթե դատարկ էր։ Մի մասը ավտոլվացման կետն է, մյուս մասը՝ ավտոկայանատեղի, որտեղ մայրաքաղաքը սպասարկող 46 համարի երկու ավտոբուս էր կայանված, նաև մեկ բեռնատար։ «Ազատության»-ը մոտեցած տղամարդը չցանկացավ ներկայանալ, ասաց միայն, որ տերն այստեղ չէ, պահակը ևս բացակայում է, ու առանց թույլտվության չի կարելի նկարահանել։ Հարցին, թե այստեղ եղե՞լ են Արցախից բերված ավտոմեքենաներ, պատասխանեց՝ տեղյակ չէ։
Բացահայտման հեղինակները կասկածներ ունեն, որ պետական տվյալների բազաներն արդեն չկան, և ոչ մեկը չի կարող ստուգել՝ ինչ գույք է եղել, և որտեղ են հիմա դրանք։
Սա մի պետության գույքի մասնավորեցում է, որն այլևս գոյություն չունի, ո՞վ պետք է գնա դրա նետևից, ո՞վ պետք է այս ապօրինության դեմ բողոքի, հարցնում է լրագրողը, որը, միաժամանակ, չի բացառում, որ նախարարն ազնիվ մղումներով է սեփականացրել, որ դրանք չթողնի Ադրբեջանին։ Բայց կա մեկ հանգամանք, ասաց Սևադա Ղազարյանը. – «Պահելը, մեր իմանալուց հեոո դրանք թաքցնելը, ևս մեկ անգամ տեղափոխելը, դրան մոտենալ թույլ չտալ արգելքը, այս բոլորը թույլ են տալիս կասկածել այդ բարի նպատակներին, բարի մղումներին նախարարի, առավել ևս, որ տարել է, սեփական տարածքում է պահել, առավել ևս, որ մեր Ներքին գործերի նախարարությունը տեղյակ չէ դրա մասին, այսինքն՝ որևէ առաջարկ մինչև օրս՝ երեք ամսից ավելի է անցել, տեղյակ չէ, առաջարկ չի ստացել։
Ավելի մանսրամասն սկբնաղբյուր կայքում՝ azatutyun.am: