- 29 Դեկտեմբերի, 2023
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հավաքագրված տեղեկությունների համաձայն, որոնք ստացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից և դատախազությունից, կան միայն բացառիկ դեպքեր, երբ քաղաքացիները հաղորդում են հանցագործության մասին։ Այդ մասին են վկայում նաև արդարադատության նախարարության www.azdararir.am կայքից ստացված ցածր թվերը։
Քաղաքացիները խուսափում են հանցագործությունների և զանցանքների մասին հաղորդում տալուց, քանի դեռ չեն տուժել անձամբ, և երբեմն նույնիսկ այդ դեպքում գերադասում են գործ չունենալ իրավապահ համակարգի հետ։ Հաճախ, քաղաքացիների խուսափումը պայմանավորված է նախկինում ունեցած խնդրահարույց փորձով և մի շարք այլ հանգամանքներով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», խորհրդատվական քննարկումներ ունենալով իրավապահ մարմինների ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ, փորձել է առանձնացնել հիմնական խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Խնդիրների պատճառները բխում են հետևյալից.
Խնդիր 1. Իրավապահ համակարգի հետ գործ ունենալը, որպես կանոն, ենթադրում է անհարկի և չհիմնավորված քաշքշուք՝ նույնիսկ զանցանքների (վարչական իրավախախտումների) դեպքում։
Առաջարկ 1/1. Ներդնել հանցագործության մասին հաղորդումների ընդունման էլեկտրոնային համակարգ: Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալու քաղաքացիներին ազատել ոստիկանության բաժին ներկայանալու պարտականությունից, ինչպես նաև իրականացնել հանցագործությունների մասին էլեկտրոնային հաշվառում՝ նվազեցնելով դրանց չգրանցելու պրակտիկան: Բացի դրանից, այդ համակարգը հնարավորություն է տալու քաղաքացիներին հետևելու իրենց հաղորդումների ընթացքին:
Առաջարկ 1/2. Քրեական դատավարության օրենսգրքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում սահմանել իրավախախտումների բնույթը, ծանրության աստիճանը, հաղորդումը տված անձի դերը՝ դեպքի հետ կապված, տեղեկացված լինելու հնարավոր աստիճանը, այդ տեղեկությունների հնարավոր դերը՝ դեպքի բացահայտման համար, նշված տեղեկությունների ստացման հնարավոր այլ աղբյուրները, որի դեպքում հանցագործության կամ վարչական իրավախախտման մասին հաղորդում ստանալիս հաղորդում տված անձին հարցաքննել կամ բացատրություն տալ չի պահանջվում: Մասնավորապես, եթե անձը հաղորդում է տալիս սահմանված ժամից ուշ հանգիստը խանգարելու մասին կամ ընտանեկան բռնության մասին կամ հարևանի տանը հնարավոր բռնության դեպքի մասին, ապա տվյալ պարագայում այդ անձի տված բացատրությունը կամ ցուցմունքը առերևույթ չի կարող որոշիչ դեր ունենալ ապացուցման գործընթացում:
Առաջարկ 1/3․ Քրեական կամ վարչական վարույթների շրջանակներում հնարավորինս նվազեցնել դեպքերը, երբ արգելանքի տակ են վերցվում քաղաքացիների (այդ թվում՝ ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց) անձնական իրերը: Վարույթով պայմանավորված անհրաժեշտության դեպքում դրանք արգելանքի վերցվելու դեպքում օրենքով սահմանել դրանք արգելանքի տակ պահելու սպառիչ հիմքերն ու առավելագույն ժամկետները (իրեղեն ապացույցների դեպքում կան հստակ պահանջներ, սակայն պրակտիկայում հետագա հետազոտման կամ փորձաքննություն նշանակելու պատրվակով գույքն արգելանքի է վերցվում, սակայն երկար ժամանակ դրա հետ որևէ դատավարական կամ վարչական գործողություն չի կատարվում, ու անձի սեփականության իրավունքը երկար ժամանակ անհիմն սահմանափակված է մնում):
Առաջարկ 1/4․ Ազատականացնել փորձաքննությունների իրականացումը, դրանք պատվիրակել մասնավոր ընկերություններին և մասնավորեցնել ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ը, ինչը հնարավորություն կտա շուկա բերել մասնավոր ընկերությունների՝ դրական ազդելով դատավարական ժամկետների նվազեցման վրա։
Առաջարկ 1/5․ Սահմանել առավել հաճախակի ստացվող ահազանգերին արձագանքելու ստանդարտ գործողությունների կարգեր (SOP): Մասնավորապես, ամրագրել, թե զանցանքների ահազանգերով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները ո՞ր դեպում և ի՞նչ ծավալով պետք է հեռախոսով (իսկ որ դեպքերում՝ առերես) կապվեն ահազանգ տվողի հետ, իսկ որ դեպքերում՝ ոչ։ Հարկավոր է նաև ամրագրել առավել տարածված զանցանքներով դեպքի վայր մոտենալու և զանցանքի ու դրա կատարողների մասին տեղեկատվություն հավաքագրելու կարգը։
Խնդիր 2. Քաղաքացիները իրավապահ համակարգի հետ համագործակցելիս տեղյակ չեն իրենց իրավունքներից։
Առաջարկ 2/1․ Կազմակերպել տեղեկատվական արշավներ՝ քաղաքացիներին ծանուցելով իրենց իրավունքների մասին:
Առաջարկ 2/2․ Պարտավորեցնել իրավապահ մարմիններին՝ քաղաքացիներին ծանոթացնել իրենց իրավունքներին, ինչպես գրավոր ու բանավոր, այնպես էլ նրանց իրավունքների, ինչպես նաև հաղորդումներ տալու և ընդունելու մասին ծանուցող պաստառներով և թերթիկներով՝ ոստիկանության բաժիններում կամ իրավապահ այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումներում:
Առաջարկ 2/3․ Քրեական դատավարության օրենսգրքում կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով քննչական կամ գաղտնի քննչական գործողություն կատարող պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն քննչական կամ գաղտնի քննչական գործողության մասնակից քաղաքացիներին (համագործակցող անձինք՝ ընթերականեր, քննչական փորձարարության, ցուցմունքների ստուգումը տեղում, ճանաչման ներկայացման և նմանատիպ այլ դատավարական գործողություններին օժանդակող անձինք) ծանոթացնել դատավարական գործողության կատարման հիմքերի՝ քննիչի կամ դատարանի որոշումների մասին, որի արդյունքում քաղաքացիներն առավել վստահ կլինեն իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ գործողությունների օրինականությանը։
Խնդիր 3. Քրեական դատավարության օրենսգիրքը քաղաքացիների իրավունքների սահմանման առումով մի շարք բացեր է պարունակում։
Առաջարկ 3/1․ Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ հետաքննության մարմինները բեռնաթափելու, մանր հանրային վտանգավորության ունեցող դեպքերի վերաբերյալ ավելորդ թղթաբանությունը նվազեցնելու, ընդհուպ մինչև վերացնելու աստիճան: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, մանր չափի՝ մինչև 20 հազար դրամի հափշտակության, կենցաղային բնույթի վեճերի, կենցաղային այլ հանցագործությունների (բացառությամբ ընտանեկան բռնության, ջեբկիրության, ավազակության կամ հանրային բարձր վտանգավորության այլ դեպքերի), որտեղ ոստիկանության ծառայողը՝ պարեկը կամ համայնքային ոստիկանության ծառայողը կարող է տեղում դեպքին տալ իրավիճակային, օրինական, արդար լուծում՝ հափշտակված գույքի վերադարձ, հաշտեցում` վեճի մասնակիցների վրա պարտավորություններ դնելով՝ կատարելու գործողություններ կամ զերծ մնալու գործողություններ կատարելուց և խուսափելով դատավարական և վարչարարական ավելորդ թղթաբանությունից: Նման պարագայում ոչ միայն կբեռնաթափվի իրավապահ համակարգը, այլ նաև կբարձրանա համապատասխան ծառայողի (ընդհանուր ոստիկանության) հեղինակությունը համայնքներում: Հնարավոր կոռուպցիոն կամ այլ բնույթի ռիսկերը կարելի է գնահատել և գտնել լուծումներ՝ գործընթացը պարտադիր տեսաձայնագրելու, բողոքարկման հնարավորություն տալու և/կամ այլ եղանակներով:
Առաջարկ 3/2․ Հանդես գալ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ մի շարք չափանիշների առկայությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հանրային նշանակություն ունեցող դեպքերի (այդ թվում՝ կոռուպցիոն և ընտրական հանցագործությունների, պաշտոնատար անձանց կողմից զանցանքներ գործելու) վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց հետո ունենալու համար որոշակի դատավարական կարգավիճակ, որն այդ անձանց կընձեռի տուժողին հավասար լիազորություններ և կտա վարույթ իրականացնող մարմինների գործողությունները և որոշումները բողոքարկելու հնարավորություն:
Առաջարկ 3/3․ Պրակտիկայում ներդնել հանրային նշանակություն ունեցող դեպքերի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում ասուլիս հրավիրելու և հանրային հաշվետվություն ներկայացնելու ինստիտուտը:
Խնդիր 4. Ոստիկանությունը հանցագործության մասին բանավոր հաղորդումներ չի ընդունում՝ ստիպելով քաղաքացուն գրավոր ներկայացնել դրանք (ինչը հակասում է օրենքին)։
Առաջարկ 4/1․ Կազմակերպել դասընթացներ իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցների հետ՝ հաղորդումները բանավոր ընդունելու ունակությունները բարձրացնելու համար, և դիտարկել ոստիկանության բոլոր ծառայողների մոտ հաղորդում ընդունելու ֆորմաների ու տեխնիկական հնարավորությունների հարցը:
Առաջարկ 4/2․ Ոստիկանություն դիմող քաղաքացիներից արձագանքների հավաքագրում. դիմումը գրանցելուց հետո, որոշ ժամանակ (պայմանական` 10 օր) անց, ոստիկանության այլ ստորաբաժանման ծառայողները զանգահարում են դիմող անձին, հարցնում իր դիմումի գրանցման և քննարկման ընթացքում ծագած խնդիրների մասին, ինչպիսի վերաբերմունք է դրսևորել ոստիկանության ծառայողը (բարեհամբույր, կիրթ, օգնելու պատրաստակամությամբ և այլն), թե հակառակը: Այնուհետև հավաքագրված տեղեկատվությունը ենթարկվում է վիճակագրական վերլուծության, ինչպես նաև կարող է օգտագործվել ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք կամ կարգապահական տույժ նշանակելու հարցը լուծելիս:
Առաջարկ 4/3․ Փոփոխել իրավապահ մարմինների ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչները՝ զերծ մնալով այնպիսի չափանիշներից, որոնք մոտիվացնում են ծառայողներին քաղաքացիներից հաղորդումներ չընդունել:
Խնդիր 5. Հանցագործության կամ զանցանքի մասին հաղորդում տված քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմները կանոնակարգված չեն։
Առաջարկ 5/1․ Ստեղծել իրավական և տեխնիկական մեխանիզմներ՝ հանցագործության կամ զանցանքի մասին հայտնած անձի անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ: Քրեական դատավարության օրենսգրքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որտեղ կսահմանվի այդ տվյալների օգտագործման, իրացման սահմանափակումները: Քրեական վարույթների շրջանակներում կարելի է սահմանել, որ դատավարության կողմ (ենթադրյալ տուժող, տուժողի օրինական ներկայացուցիչ, մեղադրյալ, մեղադրյալի օրինական ներկայացուցիչ, գույքային պատասխանող) չհանդիսացող անձանց ինքնությունը բացահայտման է ենթակա միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քննության պարագայում, իսկ զանցանքների դեպքում՝ ընդհանրապես որևէ պարագայում այդ անձանց անձնական տվյալները երրորդ անձի չպետք է փոխանցվեն (բացառությամբ, երբ առանց հաղորդում տված անձի բացատրության կամ հաղորդած տվյալների հնարավոր չէ ապացուցել զանցանքը կամ կոնկրետ անձի կողմից դրա կատարված լինելը): Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ «անձնական գաղտնիք» բավականին նեղ ու չկարգավորված նորմը փոխարինել «անձնական տվյալներ» հասկացությամբ: Անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Օրենքով կարող է սահմանվել, որ այդ տվյալները կարող են փոխանցվել պետական մարմիններին՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու, կանխելու, նախականխելու նպատակով: Կարելի է ներդնել «Օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին» օրենքով նախատեսված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների օգտագործման, պահպանման և վերացման կանոնները։
Առաջարկ 5/2․ Առավել հաճախակի ստացվող ահազանգերին արձագանքելու ստանդարտ գործողությունների կարգերում (SOP) հստակ ամրագրել այն դեպքերը, երբ դեպքի վայր ժամանած ոստիկանը ՕԿԿ-ից ստանում է տեղեկություններ ահազանգ տվողի անձի մասին և երբ նա կարող է այդ տեղեկությունները հայտնել ենթադրյալ իրավախախտում կատարողին կամ որևէ այլ անձի։
Խնդիր 6. Չկան հանցագործությունների (կոռուպցիոն և ոչ միայն) վերաբերյալ էական տեղեկատվություն տրամադրած կամ հանցագործությունների բացահայտման հարցում կամավոր աջակցություն ցուցաբերած քաղաքացիներին խրախուսելու մեխանիզմներ, իսկ վկաների կրած վնասների գործող մեխանիզմը փաստացի չի գործում։
Առաջարկ 6/1․ Ստեղծել համապատասխան իրավական մեխանիզմներ ազդարարների կրած վնասների՝ տրանսպորտի վճար, բաց թողնված օգուտ, աշխատանքից բացակայելու արդյունքում կրած վնասներ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ հնարավոր վնասների փոխհատուցման հաշվարկի ու գնահատման դյուրին համակարգ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում կարելի է սահմանել, որ ազդարարը (հաղորդում տված անձը) վարույթ իրականացնող մարմնի կանչով ներկայանալու դեպքում պետք է ունենա հետևյալ գույքային իրավունքները՝ ստանալ վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու և վերադառնալու ծախսերի փոխհատուցում՝ կառավարության սահմանած սանդղակով, վարույթ իրականացնող մարմնի կանչով ներկայանալու դեպքում՝ այնտեղ գտնվելու ժամանակահատվածի համար ստանալ դրա արդյունքում կրած գույքային վնասների և բաց թողնված օգուտի փոխհատուցում (այդ թվում՝ երեխա ունեցող քաղաքացիների դեպքում դայակի վճարի որոշակի հաշվարկում, ինքնազբաղված քաղաքացիների դեպքում՝ միջին եկամուտի հիմքով որոշակի հատուցում), ինչպես նաև օրենսդրական մակարդակում սահմանել անձի՝ համապատասխան իրավունքի խախտման դեպքում այդ իրավունքը վերականգնելու և դրա արդյունքում կրած գույքային և ոչ գույքային (բարոյական) վնասները փոխհատուցելու իրավունքը:
Ընդ որում, հարկավոր է սահմանել, որ հենց վկայություն տալիս կամ դատավարական որևէ գործողությանը մասնակցելիս այդ գործողության վերջում քաղաքացուն տրվում է ծախսերի հատուցման հայտաձև, որի հիման վրա էլ կատարվում է հատուցումը՝ անկախ դատավարական փուլերի ընթացքից:
Առաջարկ 6/2․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանել, որ երբ վարույթ իրականացնող մարմինը փաստացի առգրավում է հանցագործության առարկա, գործիք կամ միջոց չհանդիսացող գույք՝ հետագա հետազոտման նպատակով, ապա անձին պետք է տրվի գույքի փաստացի տիրապետման կամ օգտագործման իրավունքը սահմանափակելու հետևանքով իր կրած վնասերի փոխհատուցում, միաժամանակ անձին հնարավորություն տրվի միջնորդելու վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջելով տրամադրել անհրաժեշտ միջոցներ նմանատիպ գույք վարձակալելու համար:
Այս առումով կարևոր է, որ իրեղեն ապացույցն արգելանքի տակ վերցնելիս քաղաքացուն ներկայացվի իրազեկման թերթիկ` փոխհատուցում ստանալու կարգի և չափի մասին, իսկ գույքը վերադարձնելիս տրամադրվի փոխհատուցում ստանալու ձևաթուղթ, որի հիման վրա էլ կկատարվի հատուցումը:
Այս կետով կարելի է սահմանել բացառություն, որ եթե առգրավվել է քրեական վարույթով մեղադրյալ հանդիսացող անձի գույքը, ապա փոխհատուցման հնարավորությունը բացվում է միայն այն դեպքում, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով։
Առաջարկ 6/3․ Նախատեսել հանցագործությունների կամ այլ իրավախախտումների մասին հաղորդումների տրամադրման համար խրախուսման մեխանիզմներ՝ գումարի, նյութական այլ բարիքների, պարտավորությունների ազատման կամ այլ խրախուսման տեսքով: Կոռուպցիոն կամ այլ, բայց ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հաղորդելու համար կարելի է կառավարության որոշմամբ սահմանել սանդղակներ: Դրանցով կարելի է էական դրամական պարգևներ սահմանել հանցագործությունների բացահայտմանն այլ կերպ աջակցած (օրինակ՝ գաղտնի քննչական գործողություններին մասնակցած) քաղաքացիների համար:
Խնդիր 7. Իրավապահ համակարգում տարածված են հակաիրավական, որոշ դեպքերում քրեական ենթամշակույթի գաղափարներ: Մասնավորապես իրավապահ համակարգում ոչ միայն չի խրախուսվում համակարգի ներսում իրավախախտումների բացահայտումը, այլ նույնիսկ ընդհակառակը՝ այդպիսի խախտումներ արձանագրելը կամ բարձրաձայնելը դիտվում է որպես պախարակելի արարք։
Առաջարկ 7/1․ Իրավապահ մարմինների ծառայողների բարեվարքության գնահատման՝ հետևաբար նաև հետագա առաջխաղացման կամ խրախուսման համար, որպես գնահատման դրական չափանիշ, ավելացնել ծառայակցի իրավախախտման մասին ազդարարելը, իսկ ծառայակցի իրավախախտմանն ականատես լինելը, բայց դրա մասին չազդարարելը դարձնել ծառայողական խախտում և կարգապահական տույժի հիմք:
Խնդիր 8․ Պաշտոնատար անձին կաշառք տված կամ ընտրակաշառք վերցրած քաղաքացիները խուսափում են այդ մասին իրավապահներին հայտնելուց՝ վախենալով իրենց նկատմամբ քրեական հետապնդումից։
Առաջարկ 8/1․ ՀՀ 2003 թ. Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառքը տալը) 4-րդ մասով նախատեսվում էր խրախուսական նորմ՝ «Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»: Նշված նորմի բացակայությունը գործող օրենսգրքում արդարացված չէ: Կարծում ենք՝ նշված խրախուսական նորմը պետք է ներառվի գործող քրեական օրենսգրքում՝ երկու հանցակազմերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (ընտրակաշառք ստանալ) և 436-րդ (կաշառք տալ) հոդվածների համար: Դրա հետ միասին առաջարկվում է խրախուսական նորմի գործողության պայմաններ նախատեսել: Մասնավորապես, կաշառք տվող կամ ընտրակաշառք ստացող անձինք կարող են օգտվել խրախուսական նորմից, եթե նշված դեպքի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել կամ իրավապահ մարմիններին հայտնի չէր հանցագործության դեպքը:
Կաշառք տալ և ստանալ հանցակազմերը ունեն բարձր լատենտայնություն և դրանց բացահայտումը պահանջում է ինչպես իրավապահ մարմինների պրոֆեսիոնալություն, այնպես էլ հանրային աջակցություն (մասնավորապես, հանցագործության մեջ ներգրավված անձանց կողմից հանցագործության մասին հայտնելը): Խրախուսական նորմի առկայությունը հնարավորություն է տալիս այդ անձանց չվախենալ հնարավոր քրեական հետապնդումից: Միաժամանակ, իրավապահ մարմինների կողմից տեղեկացված լինելը կամ վարույթ նախաձեռնած լինելը կարող են հանդիսանալ այն երաշխիքը, որը թույլ չի տա հանցագործին խուսափել քրեական պատասխանատվությունից:
Անգամ ավելին՝ խրախուսական նորմի առկայությունը բացասաբար կանդրադառնա կաշառք տվողի և վերցնողի միջև երկուստեք հանցագործություն կատարելու փաստով պայմանավորված վստահության մթնոլորտի վրա:
Խնդիր 9․ Գողոնի հայտնաբերումը իրավապահների համար փաստացի առաջնահերթություն չէ, ինչի հետևանքով հանցագործության պատճառով նյութական վնաս կրած քաղաքացիները նախընտրում են հանցագործի հետ պայմանավորվել քրեական ենթամշակույթի գործիքակազմով, քան իրավապահներին դիմելու միջոցով։
Առաջարկ 9/1․ Իրավապահ մարմինների (առաջին հերթին՝ ոստիկանության և քննչական կոմիտեի) ծառայողների խրախուսման և գնահատման չափանիշներում ներառել գողոնի հայտնաբերումն ու հանցագործության հետևանքով հասցված նյութական վնասի վերադարձմանն աջակցելը։
Խնդիր 10. Road Control հավելվածում առկա են բազմաթիվ տեխնիկական և այլ խնդիրներ, ցածր է հանրային իրազեկվածությունը: Այդ թերություններն այդպես էլ չեն վերացվում և հանգեցնում են համակարգի կիսատ-պռատ աշխատանքին։ Այս մասով՝
Առաջարկ 10/1. հավելվածի մասին իրականացնել ավելի լայն հանրային իրազեկում,
Առաջարկ 10/2. հանել խախտումների տեսակների ցանկի արհեստական սահմանափակումը՝ դրանում ներառելով այն բոլոր խախտումները, որոնք տեսականորեն կարող են ֆիքսվել տեսախցիկի միջոցով,
Առաջարկ 10/3. վերացնել հավելվածի տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով հավելվածը հաճախ չի աշխատում,
Առաջարկ 10/4. ընդլայնել հավելվածը՝ դրանում հնարավորություն ստեղծելով ահազանգելու և հաղորդումներ տալու՝ կապված ճանապարհային ենթակառուցվածքների հետ։
Խնդիր 11. Այժմ քաղաքացին կարող է հայտնել հանրային ծառայողի կատարած՝ իր շահերը չոտնահարող իրավախախտման մասին, սակայն եթե գործը չստանա պատշաճ ընթացք, քաղաքացին չի կարողանա պահանջել, որ օրինախախտը պատժվի:
Առաջարկ 11/1. Առաջարկում ենք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսել, որ եթե վարչական իրավախախտման մասին քաղաքացու ահազանգին պատշաճ չեն արձագանքել, ապա նա կարող է դիմել վարչական դատարան՝ անկախ նրանից, թե անձամբ նրա իրավունքը խախտվել է, թե ոչ։ Այսինքն՝ առաջարկի ընդունմամբ՝ ապօրինության մասին ահազանգող սուբյեկտն իրավունք կունենա դիմելու վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել համապատասխան մարմնին իր ահազանգի պատշաճ քննություն իրականացնել՝ անկախ ահազանգողի իրավունքի ոտնահարված լինելու կամ չլինելու հանգամանքից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
* Սույն նախնական զեկույցը պատրաստվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Զեկույցում արտահայտված է «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: