Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները եվրոպացի դիտորդներին չեն խոչընդոտում։ «Ազատությունը» գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյոք Եվրամիության դիտորդական առաքելությունը մուտք ունի սահմանի այն տարածքներ, որտեղ այժմ ռուս սահմանապահներն են կանգնած։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական պայմանական (ընդգծումը ԱԱԾ-ինն է) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան», – նշել է կառույցը։

Այս հարցն ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր ունեցավ։ Ներքին Հանդի բնակիչներն «Ազատությանը» հայտնել էին, որ դեպի իրենց գյուղ տանող ճանապարհին ու գյուղում տեղակայված ռուս սահմանապահներն արգելում են եվրոպացի դիտորդների մուտքը։ Նախօրեին նույնն էին պնդել նաև ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը շեշտել էր, որ եվրոպացիները խնդիր ունեն միայն Ներքին Հանդի հատվածում։

«ՄՄեկ հատված՝ Ներքին Հանդ, այո, այդ խնդիրը կա, և մենք հասցեագրել ենք այդ խնդիրը», – ասել էր Արմեն Գրիգորյանը։

Թե ինչպես է հայկական կողմը լուծելու այս հարցը, Գրիգորյանը չէր պարզաբանել։ «Ազատությունը» նույն այդ հարցը Անվտանգության խորհրդի գրասենյակին ու կառավարությանն էր ուղղել, կրկին անպատասխան։ Ազգային անվտանգության ծառայությունից էլ «Ազատության» հարցմանն ի պատասխան միայն մեկ բան են հստակեցրել՝ ռուս սահմանապահները կոնկրետ ժամկետով չեն տեղակայվել, նպատակի մասին էլ ընդհանրական պարզաբանում են տվել։

«Ռուս սահմանապահների տեղակայման նպատակը հայ-ադրբեջանական պայմանական (ընդգծումը ԱԱԾ-ինն է) սահմանին՝ մոնիթորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է», – հայտնում են գերատեսչությունից։

Սյունիքում ռուսական սահմանապահների հենակետների տեղակայման մասին պաշտոնական որևէ փաստաթուղթ մինչև օրս հասանելի չէ. 2021-ին վարչապետ Փաշինյանն էր այդ մասին խոսել, դարձյալ առանց հստակեցնելու, թե ինչ հիմքով են ռուսները հայտնվել սահմանի այդ հատվածում։

Ռուս սահմանապահները առանց իրավական հիմքի են տեղակայվել. իրավաբան

Ռուս սահմանապահները առանց իրավական հիմքի են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի ու մյուս հատվածներում, պնդում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» իրավաբան Ռուզաննա Ավագիմյանը։ Շեշտում է՝ այդ մասին որևէ խոսք չկա նաև հայ-ռուսական միջպետական պայմանագրում։

«Պայմանագիրը վերաբերում է բացառապես հայ-թուրքական սահմաններին և հայ-իրանական սահմաններին, իսկ հայ-ադրբեջանական սահմանի վրա… և այդ մասով իրենք որևէ հղում չեն կարող տալ, թե ինչու պետք է գտնվի Ներքին Հանդում, և ընդգծեմ՝ խոսքը ոչ միայն Ներքին Հանդի մասին, այլ նաև որոշ այլ հատվածներում, այդ թվում՝ Տավուշում, էլի սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ տեղակայվել են և չեն պատրաստվում հեռանալ», – ասաց նա։

«Ազատություն»-ը հարց է ուղղել Անվտանգության խորհրդին ու կառավարությանը՝ իրավական ի՞նչ հիմքով և ի՞նչ մանդատով են ռուսական ուժերը տեղակայված Ներքին Հանդ տանող ճանապարհին։ Առայժմ պատասխաններ չկան։ Ըստ 1992-ին ստորագրված միջպետական համաձայնագրի՝ ռուսական սահմանապահ զորքերը Թուրքիայի և Իրանի սահմանի պաշտպանությունից բացի, կարող են ներգրավվել միայն բնական աղետների ու վթարների հետևանքների վերացման գործում, ընդ որում, նշվում է, որ այդ գործողությունները պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ:

Առնչվող