ԻՔՄ ներկայացուցիչները հետևեցին Երևանում մարզասրահների կառուցման աշխատանքներին, հայտնաբերեցին թերություններ

Ապրիլի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչները, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին, այցելել էին Երևան քաղաքում կառուցվող մի քանի մարզադահլիճներ՝ հետևելու, թե որքանով են ընթացող շինարարական աշխատանքները համապատասխանում սահմանված նորմերին ու կանոններին:

Այցելած մարզադահլիճները շահագործման հանձնելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է, և այցի պահին արդեն իսկ ընթանում էին նախկինում հայտնաբերված թերությունների շտկման, ինչպես նաև վերջնական հարդարման աշխատանքներ։

Այցի ընթացքում ինչպես Կոմիտեի, այնպես էլ ԻՔՄ աշխատակիցների կողմից արձանագրվեցին մի շարք թերություններ, մասնավորապես՝ դռների ժապավենների (рейка) ոչ ամուր սոսնձված լինելը կամ հատակի սալիկների անհարթությունը, որը վտանգավոր կարող էր լինել երեխաների համար։

Կոմիտեի աշխատակիցների կողմից կապալառուին տրվեցին հանձնարարականներ՝ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ։

Այցի ընթացքում պարզեցինք նաև, որ կան նախագծային թերություններ, որոնք ի հայտ են գալիս շինարարական աշխատանքների ընթացքում։ Օրինակ՝ հոսանքալարերի և ջեռուցման համակարգի մոնտաժման ժամանակ պարզվել էր, որ նախագծային փաստաթղթերում արտացոլված սխեման ոչ միայն տրամաբանական չէ, այլ նաև երբեմն կարող է խնդրահարույց լինել անվտանգության տեսանկյունից։ Նմանատիպ անհամապատասխանություններն ու նախագծային խնդիրները ևս հանգեցնում են շինարարական աշխատանքների ձգձգմանը։

Մեկ այլ խնդիր էր նաև մարզասրահների հարակից տարածքների բարեկարգումը, որը պատվիրատուները հաճախ չեն ներառում շինարարության մեջ, և ամենայն հավանականությամբ, կառուցվող մարզադահլիճների շրջակայքն ու բակերը կմնան անբարեկարգ։ Քաղաքաշինության կոմիտեից, սակայն, խոստացան, որ կանեն հնարավորը՝ բակային հատվածները ևս բարեկարգելու համար։

 

Առնչվող