- 7 Հունիսի, 2024
- Օգտակար նյութեր

Հայաստանում հանցագործությունների ուսումնասիրության ընթացքում բախվում ենք մոլորեցնող պնդումների, որոնցից են բացահայտված հանցագործությունների և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված հանցագործությունների մասին տեղեկությունները։
Այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակը»՝ պարզելով, որ «բացահայտված հանցագործություն» եզրույթը կիրառվում է, երբ ընդամենը քրեական հետապնդում է հարուցվում գործի նախաքննության ընթացքում մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ՝ վերջիններիս առկայության դեպքում:
Վերոնշյալ հոդվածով պարզ էր դարձել, որ հանցագործությունը բացահայտված համարելու համար պարտադիր չէ, որ հանցագործը կալանավորվի, կանգնի դատարանի առջև կամ նույնիսկ ձերբակալված լինի։ Հերիք է միայն կասկածյալի կամ մեղադրյալի ինքնությունն իմանալ։ Արդյունքում, թեև 5 տարվա կտրվածքով սպանությունների 75 տոկոսը համարվում է «բացահայտված», սակայն դատարան են հասել այդ գործերի միայն 28 տոկոսը, ինչը խոսում է այն մասին, որ բազմաթիվ «բացահայտված» հանցագործություններ իրականում հեչ էլ բացահայտված չեն:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ուսումնասիրել ենք Հայաստանում սպանությունների վիճակագրությունը և փորձել ենք հասկանալ՝ սպանության գործերից որքանն է ի վերջո հասնում դատարան և որքան ժամանակ կարող է դա խլել։
Այսպես, Ներքին գործերի նախարարությունից խնդրել ենք գրանցված սպանությունների 10 տարվա՝ 2012-2022 թթ․ վիճակագրությունը։ Ստորև գրաֆիկում սպանության գործերի ընդհանուր քանակի մասին տեղեկություններն են, որոնցից առանձնացրել ենք բացահայտված և դատարան ուղարկված գործերը՝ առանձին սյունյակներով։
Տվյալներից տեսնում ենք, որ վերջին 10 տարիներին գրանցված սպանության գործերի քանակները տատանվում են նվազագույնը 35-ի (2018 թ․) և առավելագույնը 63-ի (2016 թ․) միջակայքում։
Դեպքերի դինամիկայում աճի կամ նվազման էական միտում չենք տեսնում․ այսպես՝ եթե 2017-2019 թթ․ սպանությունների թիվը տատանվում էր 35-48-ի սահմաններում, ապա 2020 թ․-ից գրանցված սպանությունների դեպքերը հասնում են 50-60-ի։ Սակայն դրանից առաջ՝ 2016 թ․-ի սպանությունների ցուցանիշը (66 դեպքը) ամենաբարձրն է, իսկ դրան նախորդող 2013-2015 թթ․ ցուցանիշները տատանվում են 48-52-ի միջակայքում։
Հատկանշական է, որ վիճակագրությամբ դատարան է հասնում սպանության դեպքերի միջինում ընդամենը 28%-ը։
Փաստորեն, Հայաստանում մարդ սպանած անձանց միջինում 72%-ը դատարանի առջև չի կանգնում: Նախաքննող մարմինները բավարարվում են միայն բացահայտումների վերաբերյալ վիճակագրությամբ, այլ ոչ թե արդարության վերականգնմամբ և մեղադրյալին արժանի պատժի ենթարկելով։
Նախաքննությունները և բացահայտված սպանության դեպքերի ժամկետները
Միջազգային քրեագիտության ընդունված ամենակարևոր մոտեցումներից է «տաք հետքերով»՝ հանցագործության կատարումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում հավաքագրված ապացույցների հիմքով հանցագործության կասկածյալի կամ կասկածյալների ցանկի վերհանումը:
2022 թվականից՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով, եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր և բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ գլխավորապես առերևույթ սպանության դեպքի կապակցությամբ, և իրականացվում է նախաքննություն:
ԱՄՆ ոստիկանության համակարգում սպանությունների ուսումնասիրության նախաքննության համար գործում է առաջին 48 ժամի կանոնը։ Մոտեցման վերաբերյալ Washington Post-ը կատարել է ուսումնասիրություն՝ դիտարկելով մոտ 8000 սպանության գործեր ԱՄՆ 25 ամենամեծ քաղաքներում։ Ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել, որ բացահայտված և մեղադրյալին հայտնաբերած գործերի կեսի դեպքում ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին նախաքննության առաջին 10 օրվա ընթացքում։
Սա նշանակում է, որ կլինի «տաք հետքերի», «48 ժամի», թե որևէ այլ կանոն՝ բոլոր դեպքերում պրակտիկորեն ավելի արժեքավոր են սպանությունների բացահայտման համար նախաքննության առաջին մի քանի օրերը և այդ ընթացքում կասկածյալ ունենալը։
Առաջին 48 ժամի կանոնից զատ, Նահանգային դատարանների ազգային կենտրոնը (NCSC) ԱՄՆ իրավապահ համակարգի համար առաջարկում է պահպանել տարբեր գործերի քննության ժամանակային սահմաններ՝ ըստ ուղեցույցի։ Այսպես, հանցագործության 90% բացահայտման համար նախատեսել առավելագույնը 120 օր, 98%-ի համար՝ 180 օր, և 100%-ի համար՝ մինչև 1 տարի։ Այս սահմանների մասին ասոցիացիայի առաջարկությունները նշանակալիորեն ավելի խիստ են՝ գործերի լրիվ բացահայտման համար առավելագույնը սահմանելով 180 օրը։ Կոնկրետ սպանության դեպքերի մասով ասոցիացիան առաջարկում է դիտարկել ավելի երկար ժամկետներ, միայն եթե նախաքննությունը դրա պահանջն ունի։
Անդրադառնանք եվրոպական երկրների նորմերին:
Իտալական ոստիկանության համար, որպես օրինակ, նախաքննության առավելագույն տևողությունն է 18 ամիսը, որը կարող է երկարաձգվել միայն ծանր հանցագործությունների (մաֆիայի հետ կապված, սպանության, ահաբեկչության և այլ) դեպքերում, եթե անհրաժեշտ է հավելյալ քննություն կատարել։
Առհասարակ՝ ԵՄ երկրներն առաջնորդվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դրույթներով, որոնցով պետք է պահպանվի մեղադրյալների՝ ողջամիտ ժամկետում արդար դատավարության անցկացման իրավունքը։ Սա հաշվի առնելով՝ օրինակ, Ֆրանսիայում հանցագործությունների բացահայտման համար հստակեցված ժամանակային սահմանափակումներ չկան, սակայն գլխավոր դատախազության կողմից սահմանված է, որ նախաքննություն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում՝ «քննող դատավորի» գործառույթների համար գործի նախաքննության սկզբից սահմանվում են գործողությունների հստակ ժամկետներ, որոնք չպիտի գերազանցեն մեկ, հատուկ դեպքերում՝ երկու տարիները՝ ըստ գործի բարդության։
Այժմ անդրադառնանք բացահայտված (կասկածյալի հանդեպ քրեական հետապնդում սկսած) հանցագործություններին և նախաքննությունների տևողությանը Հայաստանում, որպեսզի հասկանանք, թե որքա՞ն ժամանակ է պահանջվում նախաքննություն իրականացնող մարմնին քննություն իրականացնելու և գործը դատարան ուղարկելու համար։
Ըստ ոստիկանության 2012-2022 թթ․ տվյալների՝ սպանությունների նախաքննության միջին տևողությունը կազմում է 245 օր (8 ամիս) դատարան հասած գործերի համար (դատարան չհասած գործերով նախաքննությունը տևում է անվերջություն)։
Ավելի տեսանելի համեմատության նպատակով յուրաքանչյուր տարվա համար առանձնացրել ենք սպանության դեպքերի նախաքննության ժամանակահատվածները և դուրս բերել դրանց միջինացված արժեքները, որոնք կարող եք տեսնել հետևյալ պատկերում։
Նախաքննության ամենաերկար միջին տևողությունը (291 օր) գրանցվել է 2020 թ․-ին, ամենակարճ միջին տևողությունը՝ 2023 թ․-ին (170 օր)։
Հատկանշական է, որ մեր ստացած տվյալներով՝ 2013-2018 թթ․ սպանությունների նախաքննությունը գրեթե միշտ տևել է 1․5 ամսից մինչև 1 տարի, իսկ 2019-2022 թթ․ ընթացքում և հատկապես 2020 թ․-ին ավելի հաճախ են հանդիպել տարուց ավելի ձգվող նախաքննությամբ բացահայտված դեպքերը։
Ստորև պատկերում կարող եք տեսնել 2013-2023 թթ․ սպանության դեպքերով նախաքննությունների տևողությունները՝ ըստ տարիների։ Յուրաքանչյուր տարվա սպանության յուրաքանչյուր դեպքերով նախաքննությունների տևողությունները տարբերակված են գույներով։
Դատարան ուղարկված գործերից ամենաերկարը 2019-ի օգոստոսին «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց կրակոցների և դրանց հետևանքով «թաղային հեղինակություն» Համբարձում Առաքելյանի սպանության դեպքն էր, որի հետևանքով կալանավորվել էր ռեստորանի տնօրենը։ Մեղադրյալին և խուլիգանության մասնակիցներին բացահայտելուց հետո գործի նախաքննությունն ինչ-ինչ պատճառներով, այնուամենայնիվ, շարունակվել է և տևել է 3 տարի 7 ամիս (1283 օր), այնուհետև՝ 2023 թ․-ի փետրվարին, ուղարկվել է դատարան։ Դատական գործով վարույթը շարունակվում է մինչ այժմ։
Մյուս ամենաերկար նախաքննությունը 2020 թ․ մարտին Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարանում հնչած կրակոցների և սպանության դեպքն է։ Չնայած մեղադրյալի բացահայտման փաստին՝ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան միայն 2 տարի 11 ամիս (1061 оր) հետո։ Այս գործի վարույթը նույնպես դեռ շարունակվում է։
Հետաքրքրական է, որ տասը տարվա համեմատականում ամենակարճ նախաքննությունը տևել է ընդամենը 3 օր (գործ թիվ ՇԴ/0069/01/17), սակայն այս գործի մասին տեղեկատվությունը սահմանափակ է, ուստի չենք կարողացել հավելյալ տեղեկություններ ստանալ։
Վիճակագրական առումով, կարելի է ասել, որ սպանությունների ավելի քան 70 տոկոսը այդպես էլ դատարան չեն հասնում: Գործերի մոտ 15 տոկոսը դատարան են հասնում կես տարում (ԱՄՆ-ում այս մասով խորհրդատվական ցուցանիշը 90 տոկոս է), մեկ տարում դատարան են հասնում մոտ 25-30 տոկոսը: Այս ցուցանիշը պատիկներով է տարբերվում Նահանգային դատարանների ազգային կենտրոնի խորհրդատվական ցուցանիշից:
Այսինքն, ցանկացած սպանության գործի՝ դատարան հասնելու հավանականությունը 30 տոկոսից էլ քիչ է: Եթե գործի քննությունը տևել է կես տարուց ավելի, ապա դրա՝ դատարան հասնելու հավանականությունը մոտ 15 տոկոս է: Եթե գործի քննությունը տևել է մի տարուց ավելի, ապա դատարան հասնելու հավանականությունը չնչին է:
Մտահոգիչ է սպանության պես ծանր հանցագործությունների դեպքում դատարան հասած գործերի նման ցածր քանակ տեսնելը, ընդ որում՝ սպանությունները Հայաստանում հանցագործությունների ամենափոքր մասն են կազմում։ Բացահայտումներով սահմանափակվող և դատարան չհասնող հանցագործությունների դեպքերը բազմապատկվում են մի քանի անգամով։ Արդյունքում, ստանում ենք հանցագործությունների վերաբերյալ լղոզված փաստեր և ընդհանրական գնահատականներ՝ հենվելով միայն «բացահայտումների» և ոչ թե իրական մեղադրյալին հայտնաբերելու և արդարացի դատավարություն անցկացնելու մասին տվյալների վրա։
Լիլիթ Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Սույն հրապարակումը պատրաստվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հրապարակման մեջ արտահայտված է «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: