Հակիրճ՝ կայուն մեծամասնության մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» առաջ է տանում սահմանադրական փոփոխությունների մի առաջարկ, ըստ որի՝ Սահմանադրությունից պետք է հեռացվի խորհրդարանի կայուն մեծամասնության սկզբունքը: Այստեղ հակիրճ ներկայացնում ենք հարցի էությունը (երկար տարբերակը այստեղ է):

ԻՆՉ Է ԿԱՅՈՒՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Ըստ 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության, եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը, և երկրորդ փուլի հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն՝ անկախ ընտրությունների առաջին (հիմնական) փուլում իր ունեցած հանրային աջակցությունից:

Այսինքն, ընտրողների 25-30 տոկոսը հավաքած ուժը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն ու միանձնյա ձևավորել կառավարություն:

ԻՆՉՈՒ Է ՊԵՏՔ ՓՈԽԵԼ ԱՅՍ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Կայուն մեծամասնության սկզբունքն ունի մի քանի խնդիրներ․

– հակասում է պարլամենտարիզմի էությանը, բոնուսային տեղեր ստացած ուժը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված լինում, քան իր ընտրողների տեսակարար կշիռն է,

– ձևավորվում է խորհրդարան, որը համամասնորեն չի արտահայտում հասարակության տարբեր շերտերի կարծիքները, գործում է «հաղթողին ամեն ինչ» սկզբունքը,

– քաղաքական ուժերը մոտիվացված չեն լինում պայմանավորվելու և երկխոսելու,

– քաղաքական պայքարը խորհրդարանից տեղափոխվում է փողոց, քանի որ խորհրդարանը դադարում է լինել հանրության համամասնորեն խտացված ներկայացուցչական մարմինը:

ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՓՈԽԵԼ

Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, Հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։

Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթների և կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ⅔-ի ձայներով:

ԵՐԲ Է ՊԵՏՔ ՓՈԽԵԼ

Կայուն մեծամասնության մասին սահմանադրական նորմը պետք է փոխել նախքան 2027 թվականին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն, որպեսզի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեխանիզմը արդեն հանված լինի:

Այդ իսկ նպատակով փոփոխությունները պետք է սկսել օր առաջ, որ դրանք ու դրանց հաջորդող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ավարտվեն ընտրություններից գոնե մեկ տարի առաջ՝ 2025-ի հունիսին: Հանրային քննարկումներով ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալով այդ պրոցեսը կարող է կես տարի խլել:

Առնչվող