- 5 Սեպտեմբերի, 2024
- Մամուլը մեր մասին
Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից վերջնական պարզ չդարձավ՝ խորհրդի 11 անդամները համաձա՞յն են Սահմանադրությունից հանել խորհրդարանի կայուն մեծամասնության վիճահարույց սկզբունքը մինչև 2026 թվականի ընտրությունները՝ չսպասելով 2027-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեին։
Առաջարկը ներկայացրած Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, վստահ է՝ քաղաքականապես առավել առողջ մթնոլորտ ունենալու համար պետք է փոփոխված Սահմանադրությամբ գնալ ընտրության։
«Ինչի՞ է պետք փոխել այդ սկզբունքը, առաջինը՝ որ այն հակասում է պառլամենտարիզմի էությանը», – ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. – «Այս փոփոխությունը՝ այս մեր առաջարկած ձևով, կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի ձայներով, և չի հակասում Սահմանադրության այլ դրույթների, այդ թվում՝ առնչվող 90-րդ կամ 149-րդ հոդվածներին»:
2015-ին՝ Հանրապետականի օրոք ընդունված Սահմանադրությամբ, եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50 տոկոսից ավելին, և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա առավելագույն թվով ձայներ ստացած ուժն ի վերջո ձեռք է բերում այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն։ Օրինակ՝ կարող է լինել մի իրավիճակ, որ ընտրողների քվեների 25-30 տոկոսը հավաքած ուժը դառնա մեծամասնություն ու միայնակ ձևավորի կառավարություն:
«Նման համակարգ աշխարհում չկա ոչ մի լիարժեք երկրում, կա միայն Սան Մարինոյում: Եվ վերջինը՝ նշեմ, որ մենք խոսում ենք մի կարգավորման մասին, որը ուղիղ 100 տարի առաջ՝ 1924 թվականին, կայունության սուտ խոստումներով՝ ժամանակը ցույց տվեց, որ սուտ խոստումներով, ներդրվել է Իտալիայում Բենիտո Մուսոլինիի կողմից», – ընդգծեց Իոաննիսյանը:
Այսօրվա քննարկմանը հանձնաժողովի ոչ բոլոր անդամները կարծիք հայտնեցին, իսկ մի քանիսը նիստին միացել էին օնլայն և հարցեր էլ չտվեցին՝ այն դեպքում, երբ ըստ զեկուցողի՝ եթե գործընթացը մի քանի ամիս էլ ձգձգվի, կտապալվի, քանի որ Սահմանադրության այդ դրույթը փոխելուց հետո դեռ անհրաժեշտ կլինեն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում և այլն:
Նիստին ներկա իշխանական պատգամավորներն ու արդարադատության նախարարը փաստացի փոփոխությանը դեմ չէին, բայց՝ ոչ հրատապ կարգով:
«Խորհրդի անդամներից շատերը ընդհանուր գաղափարին կողմ էին, բայց ոչ հրատապ կարգով»
«Անձամբ իմ վերաբերմունքը հետևյալն է՝ մանրամասն ուսումնասիրել, խորանալ, հասկանալ: Միանշանակ է, որ որպես հայեցակարգ էդ հանրաքվեին տրվող դրույթ՝ կայուն մեծամասնությունից հրաժարվելը ընդունելի է, բայց դա որպես առանձին վերցրած հատված, կտոր փոփոխությանը ես դեռևս դեմ եմ: Բայց քննարկումները շարունակվելու են», – ասաց նախարար Գրիգոր Մինասյանը:
Ավելին, արդարդատության նախարարի տպավորությամբ՝ այդ կարծիքը նաև խորհրդի անդամների մեծամասնությունն է կիսում. – «Խորհրդի անդամներից շատերը ընդհանուր գաղափարին կողմ էին, բայց կողմ չէին այսօր հրատապ, այսինքն՝ հայեցակարգ ոչ թե ձևավորել, այլ մեկ հոդված փոփոխություն անել, որը խաչվում, և գոնե իրավական-մասնագիտական տեսանկյունից կար մտահոգություն, որ այլ հոդվածների հետ հակասություն կառաջանար»:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում։