ԵՏՄ-ին անդամակցելը չի վնասի Սամվել Ալեքսանյանի բիզնեսին

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» երեկ հրապարակեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը և դրա հավելվածները: Այս փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ԵՏՍ անդամակցությունը վնաս կհասցնի որոշ ոլորտների, սակայն կան զավեշտալի բացառություններ: Օրինակ՝ շաքարավազի հումքի ներմուծումը, ըստ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ձեռք բերված համաձայնության, մտել է բացառությունների շարքը:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի 3-րդ հավելվածի 42 կետում սահմանված է, որ 2015-2025 թվականների ընթացքում վերամշակման համար շաքարի հումքի ներմուծումը ՀՀ ազատվում է մաքսատուրքերից: ՀՀ-ն, սակայն, երաշխավորում է, որ վերամշակման համար ներմուծված հումքը և դրանից արտադրված սպիտակ շաքարը չեն արտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և Ղազախստան: Իր հերթին ՀՀ-ն չի կարող սահմանափակումներ մտցնել ՌԴ-ից, Բելառուսից և Ղազախստանից սպիտակ շաքարի ներմուծման վրա: Այս համաձայնությունը կարելի է դիտարկել որպես կոմպրոմիսային տարբերակ ՀՀ շաքարի հումք ներմուծողի և ԵՏՄ մյուս անդամների միջև, որոնցից առաջինը 10 տարով ազատվում է մաքսերից, սակայն կորցնում այս ոլորտի միանձնյա տնօրինումը՝ հնարավորություն տալով ԵՏՄ անդամ մյուս երեք երկրներին թափանցել ՀՀ շաքարավազի շուկա:

Այսպիսով, ի տարբերություն դեղորայքի, ավտոմեքենաների, սերմնացուի, մսամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների՝ շաքարավազի հումք ներմուծողները… իսկ, ավելի ճիշտ, ներմուծողը առաջիկա 10 տարում իր վրա չի կրի ԵՏՄ անդամակցության ծանր բեռը:

Այն, որ շաքարավազ ներմուծողի շահերն առանձնակի ուշադրության են արժանացել բանակցային գործընթացում, երևում է նաև այն հանգամանքից, որ ի տարբերություն շատ այլ ապրանքատեսակների՝ շաքարավազը և շաքարի հումքի ներմուծման կարգավորումները տրված են պայմանագրի 3-րդ հավելվածում: Այդ հավելվածում, բացի շաքարի հումքից, տեղ են գտել ռազմական տեխնիկայի և քաղաքացիական ինքնաթիռների մաքսազերծման վերաբերյալ արտոնությունները:

Այս հանգամանքը, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ մյուս բոլոր սննդամթերքների ու հումքերի մաքսային արժեքները բերված են պայմանագրի 4-րդ հավելվածում:

Հարկ է նշել, որ շաքարավազի հումքն էլ է թանկանալու, սակայն միայն 2015 թվականին: Սակայն այն, որ շաքարավազի հումքի համար սահմանվել է այդքան երկար արտոնյալ ժամկետ (ի տարբերություն ոչ պակաս կարևոր այլ ապրանքատեսակների), ըստ ամենայնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա ներմուծողը ԵՏՄ անդամակցության շուրջ բանակցողների կուսակցական ընկեր Սամվել Ալեքսանյանն է:

Իսկ բանակցողները, ենթադրաբար, կուսակցական ընկերոջ բիզնեսի համար ջանք ու եռանդ չեն խնայել ռուսների հետ բանակցությունների ժամանակ:

Առնչվող