- 19 Դեկտեմբերի, 2016
- Արտաքին քաղաքականություն, Ռազմական համագործակցություն
Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան։ Չնայած այցը տևեց ընդամենը 8 ժամ՝ կողմերը հասցրեցին հնչեցնել երկկողմանի բարձր մակարդակով հարաբերությունների, աճող առևտրաշրջանառության և ռազմարդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ։
Նեթանյահուն
Նեթանյահուի ադրբեջանական այցի հաջորդ օրը, սակայն, ռուսական «Կոմերսանտ» հրատարակությունը գրեց, որ դեկտեմբերի 15-ին Բաքու է այցելելու ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը համակարգում է ռուսական ռազմարդյունաբերության և սպառազինությունների վաճառքի ոլորտները։
Գաղտնիք չէ, որ Իսրայելը Ռուսաստանից հետո հանդիսանում է Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը։ Սեպտեմբերի 21-ից՝ ՀՀ անկախության 25-ամյակի երևանյան շքերթից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի Զինված ուժերը համալրված են ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերով (թեև այդ համակարգերի կիրառման իրավունքի հետ հարցերը շատ են), ադրբեջանական կողմը, հայտնելով իր դժգոհությունը Մոսկվայից, սկսեց զինման այլընտրանքային տարբերակներ փնտրել։
Մասնավորապես՝ արդեն հոկտեմբերին հայտնի դարձավ, որ հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և իբր «Իսկանդերների» (և այլ հրթիռային միջոցների) հնարավոր վտանգը նվազեցնելու նպատակով Ադրբեջանը պայմանավորվել է Իսրայելից ձեռք բերել «Երկաթե գմբեթ» անունը կրող հակահրթիռային պաշտպանության համակարգերը (դա դեկտեմբերի 17-ին վերահաստատեց Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը):
Ռոգոզինը
Հենց այսպիսի իրավիճակում է կայացել Ռոգոզինի այցը Բաքու։ «Կոմերսանտի» աղբյուրների պնդմամբ՝ Ռոգոզինը, որը պետք է հանդիպեր նաև Իլհամ Ալիևի հետ, Բաքվում պետք է բանակցեր ռազմատեխնիկական ոլորտում կողմերի միջև համագործակցության շուրջ, ինչպես նաև քննարկեր Հայաստանին տրամադրված «Իսկանդերների» հարցը։
Ստացվում է, որ Ռոգոզինի այցը Բաքու տեղի է ունեցել անմիջապես Նեթանյահուի այցից հետո՝ այն ժամանակ, երբ ադրբեջանա-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ Բաքվի և Թել-Ավիվի միջև կատարվում են նոր քայլեր եւ հայտարարվում է այդ գործարքների ծավալի մասին։ Ռոգոզինի այցը, ըստ այդմ, առևտրական նպատակ էր հետապնդում և ՌԴ փոխվարչապետը Բաքու էր մեկնել ադրբեջանական կողմին հավաստիացնելու, որ Մոսկվան չի ցանկանում կորցնել Ադրբեջանին՝ որպես զենքի գնորդի։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին, քանի որ հակառակ դեպքում՝ դա կսկսեն անել ուրիշները։ Ռոգոզինը, փաստորեն, արդարացրել է իր ղեկավարի պատկերացումները եւ շտապել է իրավիճակը շտկելու։ Նաև՝ պետք է ենթադրել, որ Ռոգոզինը Բաքվում իրոք երաշխիքներ է տվել, որ հայկական կողմի «Իսկանդերները» չեն կիրառվի Ադրբեջանի դեմ, եթե կոնֆլիկը դուրս չկա Ղարաբաղի սահմաններից: Եվ կարելի է ենթադրել, որ դրա դիմաց Մոսկվան խոստացել է նոր սպառազինություններ տրամադրել Բաքվին։
Այս զարգացումները, անշուշտ, նպաստավոր չեն Հայաստանի համար։ Ստացվում է, որ Ադրբեջանին զինելու հարցում միմյանց հետ մրցակցում են խոշոր ռազմական արդյունաբերություն ունեցող երկու երկրներ, որոնցից մեկը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ Ավելին՝ հայտարարելով, որ ջանում է տարածաշրջանում հավասարակշռություն պահել, ՀՀ դաշնակից Ռուսաստանը Երևանին տրամադրում է «ահեղ» «Իսկանդերներ», որոնց կիրառումը խիստ կասկածելի է և վերացական, այնինչ՝ դրա դիմաց, Ադրբեջանին ստիպում է գնել այնպիսի զինտեխնիկա, որը Ադրբեջանը կիրառում է շփման գծում իրական մարտերի ընթացքում, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»