- 30 Սեպտեմբերի, 2024
- Հաղորդագրություններ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:
Հայտնում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը մշտադիտարկումների, քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության, ներառական մասնակցության, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցով։
Առաջարկում ենք Հայաստանի կառավարությանն առաջիկայում նախաձեռնել լայն քննարկումներ հանրային ակտիվ մասնակցությամբ՝ մշակելու վիզա ազատականացման գործընթացի առաջնահերթությունները։ Սա հնարավորություն կընձեռի, Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, խթանել բարեփոխումներն այնպիսի առաջնային ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և գենդերային բռնության դեմ պայքարը, սոցիալական արդարությունը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելումը, էկոլոգիական իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության հաշվետվողականության բարձրացումը, խոցելի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը և այլն։
Վիզաների ազատականացման գործընթացի սահուն և արդյունավետ իրականացման համար կարևոր է պետության կողմից արդյունավետ հանրային հաղորդակցության կազմակերպումն ու իրականացումը՝ բարձրացնելու հասարակության իրազեկումը Հայաստանի ստանձնած պարտավորությունների շուրջ, արդյունավետ չեզոքացնելու ապատեղեկատվության ազդեցությունը, ինչպես նաև խթանելու հանրության աջակցությունը բարեփոխումներին։
Մենք պատրաստ ենք համագործակցել կառավարության, եվրոպական հաստատությունների և այլ գործընկերների հետ՝ ապահովելու, որ բարեփոխումները լինեն արդյունավետ, ներառական և արտացոլեն Հայաստանի ժողովրդի ձգտումները՝ կառուցելու ավելի բաց ու դիմակայուն հասարակություն:
Մենք կոչ ենք անում բոլոր համապատասխան կողմերին պահպանել թափանցիկ և մասնակցային մոտեցում վիզաների ազատականացման գործընթացի ամբողջ ընթացքում։ Աշխատելով միասին՝ մենք կարող ենք ապահովել, որ այս երկխոսությունը նպաստի ազատ տեղաշարժին, խթանի համագործակցությունը և հիմք ստեղծի ավելի բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանի համար՝ եվրոպական ընտանիքում:
Ներքոստորագրյալ կազմակերպություններ
Գործընկերություն հանուն բաց հասարակության
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական Մարդիկ» ՀԿ
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ