Ադրբեջանում հայերի դեմ հանցանքները ոչ թե հանցագործություն են, այլ հերոսություն․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Վարշավայում տեղի է ունենում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսը, որտեղ այսօր ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայատյացության քաղաքականությանը և անպատժելիությանը:

Դանիել Իոաննիսյանի ելույթի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես արդեն գիտեք, Ադրբեջանը, որը բացարձակապես չի հարգում ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքները, պարզապես ռազմական ուժ է կիրառել՝ իր տարածքը բոլոր հայերից մաքրելու համար։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հայերի առնվազն 99,9 տոկոսը թողեց այն ամենը, ինչ ուներ և ճանապարհ ընկավ՝ չիմանալով, թե որտեղ են մնալու և ինչպես են վաստակելու իրենց ապրուստը:

«Ֆրիդըմ հաուս» (Freedom House) միջազգային իրավապաշտպան կազմակերպության և իրավապաշտպան այլ կազմակերպությունների մեր գործընկերները մանրամասն զեկույց են պատրաստել այն մասին, թե այդ էթնիկ զտումն ինչպես է կազմակերպվել: Նրանք զեկույցը ներկայացնելու են այստեղ՝ այս լիագումար նիստերի դահլիճում, երկուշաբթի օրը՝ ժամը 16:00-ին։

Բայց թույլ տվեք ընդգծել, որ Ադրբեջանում հայերի դեմ պատերազմական հանցագործություն կատարելը հերոսություն է և ոչ հանցագործություն։ Մի երկու օրինակ բերեմ.

Օրինակներից մեկը վերաբերում է 7 հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելուն, որը տեսանկարահանվել և հրապարակվել է ադրբեջանցիների կողմից և որին որևէ հետաքննություն չի հաջորդել։ Ծնկների վրա կանգնած 7 հայ սպանվում է մի խումբ ադրբեջանցի զինվորների կողմից Կալաշնիկով ավտոմատից արձակած կրակոցների արդյունքում։ Սա նրանց համար հանցագործություն չէ։

Կամ մահացած հայ կին զինծառայողի մարմինն անդամահատելու դեպքը։ Ադրբեջանցի զինվորները մերկացրել էին նրան, կտրել ոտքերն ու մատները, քար դրել ակնակապիճի մեջ, իսկ կտրված մատներից մեկն էլ դրել էին բերանի մեջ և մերկ մարմնի վրա ներկ ցողել: Իհարկե, նրանք նկարահանել էին այդ ամենը, և, իհարկե, դրան որևէ հետաքննություն չի հաջորդել։

Ցավոք սրտի, սրանք առանձին դեպքեր չեն, այլ արդյունք են իրենց նախագահի՝ տասնամյակներ շարունակ վարած պետական ​​քաղաքականության։

2012 թվականին Իլհամ Ալիևը ներում շնորհեց եւ պարգևատրեց Ռամիլ Սաֆարովին, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սպանել էր քնած հայ զինվորին։ 2016 թվականին Իլհամ Ալիևը նաև պարգևատրեց ադրբեջանցի զինծառայողին, ով գլխատել էր հայ զինվորի դիակը։

Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Իր համազգային ուղերձում նախագահ Ալիևը հայտարարել էր. «Մենք նրանց (հայերին) քշում ենք շների պես: Ադրբեջանցի զինվորները շների պես քշում են նրանց»։

Պարզապես նշեմ, որ նույնիսկ ավելի լուրջ պատերազմական հանցագործ Վլադիմիր Պուտինը չի օգտագործում նման ձևակերպումներ: Բայց ինչո՞ւ պետք է Իլհամ Ալիևն ինքն իրեն սահմանափակի։ Մի՞թե նրան այդ ամենը չի ներվում:

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներն ասում էին, որ էթնիկ զտումը Միացյալ Նահանգների համար կարմիր գիծ է, որ այդ դեպքում Ադրբեջանի հետ համագործակցությունը նույնը չի լինի։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, բայց ես չեմ տեսնում այդ կարմիր գծերը․ փոխարենը տեսնում եմ նույն համագործակցությունը։

Շնորհակալություն»։

Առնչվող