- 4 Հոկտեմբերի, 2024
- Հաղորդագրություններ

Վարշավայում այս օրերին անցկացվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսը: Հոկտեմբերի 3-ի իր ելույթում «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հակադարձել է ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ հայկական կողմի, իբր, վատ վերաբերմունքի մասին պնդումներին:
Իոաննիսյանը, ի պատասխան, հիշեցրել է, որ հայկական գերության մեջ ոչ մի ադրբեջանցի գերի չի մահացել, այնինչ ադրբեջանցիները մահապատժի են ենթարկել ոչ միայն զինաթափված հայ զինվորականների, այլև քաղաքացիական անձանց:
Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստի հայերեն տարբերակը կարդացեք ստորև․
«Տիկին մոդերատոր,
Ես կցանկանայի անդրադառնալ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների որոշ հայտարարություններին։
Հայտարարություն է արվել Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Բայց նրանք լռում են այն փաստի մասին, որ հայկական կողմից կալանավորված ոչ մի ադրբեջանցի ռազմագերի մահապատժի չի ենթարկվել կամ սպանվել։ Ի տարբերություն նկարահանված առնվազն 14 դեպքերի, երբ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում կալանավորված և զինաթափված հայ զինվորներին և նույնիսկ քաղաքացիական անձանց։
Ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի երկու խաղաղ բնակիչների հետ, որոնք 2020 թվականին չէին հասցրել փախչել քաղաքից մինչև ադրբեջանական զորքերի ժամանումը։ Կամ 7 հայ ռազմագերիների մահապատիժը 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Այդ բոլոր դեպքերը նկարահանվել և հրապարակվել են ադրբեջանցիների կողմից, բայց դատական հետապնդում չի հետևել։
Եվ, իհարկե, կան մի շարք դեպքեր, երբ ադրբեջանցի սպաները խոշտանգել են հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ ուտելիք են նետել գետնին և ստիպել գերիներին ուտել այն։ Շատ հաճախ ադրբեջանցի սպաները մատը մտցնում էին վերքի մեջ այնպես, որ գերիները սկսում էին բուժում խնդրել։ Սառը կամ եռացող ջուր լցնելու միջոցով հայերին խոշտանգելը շատ տարածված երևույթ է ադրբեջանական մեկուսարաններում։
Տիկնայք և պարոնայք,
Նաև կցանկանայի պատասխանել Լեռնային Ղարաբաղի կալանավորված նախկին ղեկավարների վերաբերյալ արված հայտարարություններին։ Ադրբեջանի կառավարությունը և որոշ հասարակական կազմակերպություններ նրանց ահաբեկիչներ են անվանում։ Բայց նրանք ահաբեկչության հետ կապ չունեն, նրանք ընտրված քաղաքական գործիչներ էին (ի դեպ, ավելի լավ ընտրություններով են ընտրվել, քան Ադրբեջանում, բայց դա այլ պատմություն է), որոնք փորձում էին կանխել այն, ինչ Ադրբեջանին հաջողվեց անել անցյալ տարվա սեպտեմբերին՝ էթնիկ զտումը։
Եվ այն, ինչը Ադրբեջանը անվանում է «Հակաահաբեկչական գործողություն», որը նրանք արել են անցյալ տարվա սեպտեմբերին, ահաբեկչության մասին չէր, ահաբեկչության դեմ պայքարի մասին չէր։ Դա էթնիկ զտումների կազմակերպման մասին էր։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրում էր 100 հազար ահաբեկիչ, իսկ Ադրբեջանը հաջողությամբ մաքրեց Լեռնային Ղարաբաղը 100 հազար ահաբեկիչներից։
Շնորհակալություն»: